Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԵՐԻՆ ԱՐՏԻ ՑՈՐԵ՞Ն» ԵՆ

Մայիս 28,2010 00:00

Կառավարությունը տնտեսվարողների նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսեւորում

\"\"
Այս սպիտակ համարանիշով չլիցենզավորված տաքսին սպասարկում է ավելի շատ ուղեւորների ու մի քանի անգամ շատ եկամուտ ստանում, քան թիկունք չունեցող այն «փափախ» տաքսիների վարորդները, որոնց ստիպեցին մտնել հարկման դաշտ:

«Մալաթիա», «Danko», «Falco» «Don Maestro», «Luna», «Գոլդ Ուեյ», «Միրաժ», «D&D», «A&H», «Real»… սրանք Հայաստանում գործող այն տաքսի ծառայություններն են, որոնց Պետեկամուտների կոմիտեն ժամանակին ինչ-ինչ պատճառներով չի ստիպել կամ իբր չի բռնացրել, որ մտցնի հարկման դաշտ: Հիմա այդ տաքսիները (բոլորի տվյալները՝ մակնիշներ, պետհամարանիշներ, խմբագրությունում են) իրենց սպիտակ համարներով ազատ սպասարկում են ուղեւորներին ու չեն կատարում այն «սուրբ գործը», որը կատարում են դեղին պետհամարանիշներով տաքսիները, այսինքն՝ պետությանը հարկ չեն վճարում: Պարզ է, որ մեր նշած տաքսիները միակը չեն, հազարավոր նման սերվիսներ կան, որոնք չեն մտել եւ չեն էլ մտնելու հարկման դաշտ:

Ինչպես հայտնի է, ներկայումս տաքսի ծառայություններին դեղին պետհամարանիշներ տալու եւ նրանց բոլորին հարկային դաշտ բերելու գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է: Չնայած կառավարությունը որոշել էր չլիցենզավորված տաքսիներին թույլատրել մինչեւ 2010-ի հունվարի 1-ը աշխատել առանց հարկ վճարելու, սակայն փաստն այն է, որ այսօր էլ որեւէ քայլ չի ձեռնարկվում սպիտակ համարներով տաքսի ծառայություն մատուցողներին լիցենզավորելու համար: Թե ինչից է գալիս մեր կառավարության այսքան ներողամտությունը՝ հասկանալի է. այսօր շատ տաքսի ծառայություններ պատահական մարդիկ չեն բացել ու աշխատեցնում: Ստացվում է, որ 2009-ից դեղին համարանիշ հանած, ամսական 6800 դրամ հաստատագրված հարկ եւ 5000 դրամ սոցվճար մուծող, տարեկան 25 հազար դրամ լիցենզիայի համար պետտուրք վճարող տաքսիների վարորդներին «հարիֆացրել» են: Ներկայումս նրանք ակնհայտորեն անհավասար դաշտում են գործում՝ «արտոնյալ» տաքսիների հետ:

Օրերս «Առավոտում» տպագրվեց անհավասար դաշտից բողոքող վարորդների դժգոհությունները, եթե կառավարությունը շարունակի այդ բողոքները չլսել՝ դեղին համարանիշով վարորդները կգնան կառավարության, ԱԺ-ի շենքի մոտ, ցույցեր կանեն ու դրանով հարցը կփակվի:

Տաքսիների հարկման գործընթացը մեր երկրում՝ ճիշտ տոնավաճառներում աշխատող վաճառականների պատմությունն է հիշեցնում, երբ հարկայինը ստիպեց ու հարկային դաշտ մտցրեց հենց այն տոնավաճառները, որոնց տերերի հետ խնդիրներ ուներ: «Ֆիրդուսի» տոնավաճառի այն հատվածի առեւտրականները, որոնց տարածքի սեփականատերը անհայտ գործարար է՝ գործադուլներից ու մեծ կռիվներից հետո ստիպված եղան մտնել հարկման դաշտ, իսկ նույն տոնավաճառի «ճարպիկ տեր» ունեցող առեւտրականները մինչ օրս աշխատում են առանց ՀԴՄ-ների: Ստացվում է, որ Հայաստանում իսկապես տերովին տերն է տարել, անտերին՝ գելը:

Նշենք, որ լիցենզավորված տաքսի ծառայությունների վարորդները խոստացել էին, որ եթե մինչեւ 2010թ. ապրիլի 10-ը, երբ լրանալու էր նրանց՝ երկրորդ տարվա համար արդեն 25 հազար դրամ պետտուրքի վճարման ժամկետը, կառավարոթյունը հավասար տնտեսվարման պայմաններ չստեղծի՝ իրենք դեղին համարները կհանեն ու կհանձնեն տրանսպորտի նախարարությանը, բայց դեռեւս հանդուրժում են ու շարունակում են սուսուփուս հարկերը վճարել: Թե երբ կլցվի այդ վարորդների համբերության բաժակը, դժվար է ասել, սակայն սպասվում է, որ մի օր Հայաստանում այդ թեմայով մեծ աղմուկ է բարձրանալու: Ի դեպ, շատ վարորդներ վարկով նոր մեքենաներ են գնել՝ տաքսի ծառայությունում աշխատելու համար եւ հիմա հարկային բեռին չեն կարողանում դիմանալ՝ միաժամանակ վարկ փակելով: Ուստի կառավարությունը թող որոշի, թե որքանով է բարոյական խտրականություն դնել օրվա հացը վաստակող, վարկ փակող վարորդների եւ այն տաքսի ծառայությունների միջեւ, որոնց տերերը պարզապես մեծ կապեր ունեցող հարուստ մարդիկ են: Առավել ծանր է մարզերում գործող տաքսու վարորդների վիճակը: Ճիշտ է, Երեւանից դուրս ՊԵԿ-ի սահմանած հաստատագրված հարկերը մի փոքր ավելի ցածր են. Գյումրիում ու Վանաձորում՝ 6200 դրամ, այլ մարզերում՝ 5600, սակայն, միեւնույն է, գյուղի հոգս քաշող մարդու համար այդ հարկման բեռը չափացանց ծանր է, մանավանդ որ, դաշտում արտոնյալ պայմաններում գործողները էժան ծառայություն մատուցելով՝ հարվածում են օրինական դաշտ մտած վարորդների գրպանին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել