Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարկատուների գործը կհեշտանա

Մայիս 28,2010 00:00

Եկող տարեսկզբից հարկ վճարողների համար հաշվառման գործընթացը ավելի հեշտ է լինելու

Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին հարկ վճարողի հաշվառման համարները կտրամադրվեն ՀՀ պետական ռեգիստրի միջոցով՝ հաշվառմանը զուգընթաց: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռուբիկ Քոչարյանի պարզաբանմամբ. «Նախկին օրենքի պահանջներին համապատասխան՝ հարկ վճարողը, եթե ցանկանում էր բիզնես գրանցել, սկզբում ներկայանում էր պետռեգիստրի համապատասխան ստորաբաժանում, ներկայացնում էր համապատասխան փաստաթղթեր եւ գրանցում ստանալուց հետո նոր միայն հաշվառվում, այս փոփոխությունների նպատակն է բիզնեսի գրանցման համար սահմանել ընդամենը մեկ գործողություն՝ բիզնես գրանցողը ներկայանում է համապատասխան ռեգիստրի ստորաբաժանում, գրանցվում եւ այդտեղից էլ միանգամից ստանում է հարկ վճարողի հաշվառման համարը»: Պարոն Քոչարյանի խոսքով, նոր օրենքի համաձայն, հարկ վճարողները կազատվեն նաեւ վարչական պատասխանատվությունից. «Նորմ կար, որ մեկ ամսվա ընթացքում հարկ վճարողը պետք է ներկայանար հարկային մարմին ու կանգներ հաշվառման, ինչին չներկայանալու դեպքում ենթարկվում էր վարչական պատասխանատվության, սա եւս դուրս է եկել»: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով. «Այս ոլորտին վերաբերող որոշումները կնպաստեն «մեկ պատուհանի» սկզբունքը արմատավորելուն»: Պարոն Քոչարյանն էլ տեղեկացրեց, որ ամեն տարի միջին հաշվարկով գրանցում են մոտ 10 հազար բիզնես, իսկ լուծարումների միջին թիվը հասնում է մոտ 3000-ի. «Սա որեւէ օրինաչափությամբ չի խախտվել, մի փոքր տարբերություն ենք ունեցել միայն 2009-ին, այն պայմանավորված էր տոնավաճառների եւ առեւտրի իրականացման վայրերում հաշվառումը խստացնելով, եւ գրանցումների թիվը այդ ժամանակ բավականին ավելացավ»: Նա նաեւ ասաց, որ վճարումների սխեման կմնա անփոփոխ. «Վճարումների տեսանկյունից որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, նախկինի նման՝ գրանցման համար նախատեսված վճարումներն են»:

Կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, մինչեւ երեք տարի ժամկետով հետաձգել է «Սարանիստ» ՍՊԸ կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Դրա շնորհիվ ընկերությունը կկարողանա ներմուծել $15 միլիոնի ապակե տարաների արտադրության ժամանակակից սարքավորումներ եւ բացել 60 նոր աշխատատեղ: Վարչապետի խոսքով, սա նմանօրինակ արտոնություն ստացած 8-րդ ընկերությունն է. «Պետք է ներդրումային ծրագրերը ենթարկվեն մոնիտորինգի եւ դրա արդյունքները ներկայացվեն հանրությանը, որը մտավախություն չպետք է ունենա միջոցների ոչ նպատակային ծախսման վերաբերյալ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել