Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱՆԵՐԸ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԷՔՍՊՈՅՈՒՄ

Մայիս 28,2010 00:00

«Մեր տունը-2010» ցուցահանդեսը ցույց տվեց, որ ճանճասպանը, լվացքի փոշին, ամանի հեղուկն ու նույնիսկ զուգագուլպան կարող են շինանյութ համարվել կամ ծառայել շինարարությանը:

\"\"
Խավարասերների, տզերի ու այլ միջատների դեմ պայքարող կազմակերպության տաղավարն է:

\"\"
Ոչ մի կերպ չկարողացանք առնչություն գտնել շինարարության եւ այս նկարների միջեւ:

\"\"
Այս տաղավարի ներկայացուցիչները հույս ունեին, որ շինարարները գոնե ներկ քամելու համար իրենց զուգագուլպաները կգնեն:

Ապարանցին գալիս է մայրաքաղաք, մտնում է ներքնազգեստի խանութ, սկսում կրծկալներին նայել, մի քանի կրծկալ շուռումուռ տալիս, երկար մտածում՝ երրո՞րդը, թե՞ չորրորդը…: Վաճառողը տեսնելով, որ գնորդը չի կողմնորոշվում չափսի հարցում, հարցնում է՝ «ձեր կնոջ կուրծքը ո՞ր չափսի է»: Ապարանցին ամաչելով պատասխանում է՝ «Քուր ջան, մածուն քամելու համար է»: Այս անեկդոտն ես հիշում, երբ այցելում ես «Մեր տունը-2010» շինարարական ցուցահանդես: Երեկ կառավարության նիստերի դահլիճում այդ ցուցահանդեսի բացումն էր: Նախապես հայտարարված էր, որ ներկայացվելու են դռներ, պատուհաններ, կահույք, գազա եւ ջերմահամակարգեր, շինանյութեր եւ այլն: Սակայն այդ էքսպոյում, կարելի է ասել, շինանյութից բացի, ամեն ինչ կար՝ է՛լ լվացքի փոշիներ, ամանի հեղուկներ, է՛լ ճանճերի ու մոծակների դեմ դեղեր, առնետներ բռնող թակարդներ, նկարներ ու քանդակներ: Ամենատարօրինակը, որ այնտեղ տեսանք, «Բագի» ընկերության տաղավարն էր, որտեղ, բնակարանային մաքրող միջոցներից բացի, ներկայացված էր «Conte» զուգագուլպաների ողջ տեսականին: Մեր հարցին, թե ի՞նչ կապ ունի զուգագուլպան շինարարության հետ, շինարարները շա՞տ են հետաքրքրվում դրանցով՝ ընկերության ներկայացուցիչը ստիպված «տակից դուրս եկավ»՝ ասելով. «Այս կալգոտկաները լավ ներկ են քամում, շինարարներին կարող է պետք գան»:

Տաղավարները հիմնականում զբաղեցրել էին շինարարության հետ բացարձակապես կապ չունեցող թերթեր ու ամսագրեր: «Մեգապոլիս» ամսագրի ներկայացուցիչներն իրենց մասնակցությունն այդ ցուցահանդեսում արդարացնում էին այսպես. «Մեր ամսագրում բազմազան տեղեկատվություն կա, այնտեղ երբեմն շինարարական խնդիրներ էլ են ներկայացվում»: Կարիճների, օձերի, խավարասերների, տզերի ու այլ միջատների դեմ պայքարող «Հակահամաճարակային արշավախումբ» ընկերությունն իր տաղավարում ներկայացրել էր ախտահանիչ նյութեր, թակարդներ, ճանճասպաններ: Ընկերության ներկայացուցչի՝ Լեւոն Դալլաքյանի խոսքերով. «Սա այն ընկերությունն է, որը կարող է սպասարկել ու օգնել ցանկացած ոլորտի, կրծողներն ամեն տեղ մտնում են: Իսկ մեր աշխատակիցները պայմանագրով կարող են ռեստորաններից, տարբեր կազմակերպություններից, բնակելի տներից միջատները վերացնել: Դա թանկ հաճույք չէ՝ 1 քմ-ն մաքրում ենք 20 դրամով»:

Ով անցնում էր «Վերշինա» ընկերության տաղավարի մոտով՝ այդ տաղավարը ներկայացնող մի գեղեցկուհի միանգամից մոտենում էր ու անգիր տեքստ ասում՝ «Մեր ընկերությունը ներմուծում է կանադական բարձրորակ փայտեր, լայնությունը՝ 8 մմ եւ այլն…»: Երբ նրան հարցրինք՝ նախկինում մասնակցե՞լ եք ցուցահանդեսների, առաջարկներ եղե՞լ են, նա պատասխանեց, որ ոչ: Քիչ հետո հասկացանք, որ աղջիկը կարծել էր, թե խոսքը ամուսնական առաջարկությունների եւ ցուցահանդեսներին հենց ի՛ր մասնակցության մասին է: «Վերշինայի» աշխատակիցներից մեկը շտապեց ուղղել, որ իրենց ընկերությունը շատ է մասնակցել ցուցահանդեսների ու առաջարկներ ստացել է, պարզապես այդ աղջիկը չի եղել:

Նշենք, որ այս ցուցահանդեսի նպատակն էր «համախմբել տեղական արտադրողներին, ճգնաժամից նրանց դուրս բերել, խրախուսել հայրենական արտադրանքի սպառումը եւ օգնել, որ շուկայում դրանք մրցունակ լինեն»: Համենայնդեպս, այդպես էր նշված «Expo Media» կազմակերպչի տարածած մամուլի հաղորդագրության մեջ: Մինչդեռ ողջ ցուցահանդեսում նմուշի համար որեւէ տեղական արտադրողի չհանդիպեցինք: Շինարարական հատուկենտ տաղավարներում ներկայացված էին իրանական ներկեր, բելգիական «Խելացի տուն» համակարգը, ռուսական ջրի անվտանգության համակարգեր, կանադական փայտ ու կահույք, Ռուսաստանից ներկրված վարդակներ ու էլեկտրասարքավորումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել