Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՐՍԻՑ ԲԵՐԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ ԲԱՐՁՐԱՑԱ՞Վ «ԵՐԱԶԻ» ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 28,2010 00:00

\"\"Այս հակափաստարկը հնչեց երեկ՝ այն փաստարկի առնչությամբ, թե օտարալեզու դպրոցներ հիմնելով կբարձրանա հայկական կրթական համակարգի մրցունակությունը:

Հայաստանում օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հիմնելու կառավարության նախաձեռնության դեմ հանդես եկող մի խումբ անձինք երեկ հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: Հանդիպման նախաձեռնողները մաս են կազմում «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբին, որի անդամները «Facebook» սոցիալական կայքում արդեն 2 հազարից ավելին են: Համեմատության համար նշենք, որ նույն կայքում գործող հակադիր խմբին՝ «Ես կողմ եմ միջազգային դպրոցների բացմանը Հայաստանում», մաս են կազմում ընդամենը 95 հոգի: Այս թվերը մեջբերում ենք՝ հիշեցնելով, որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն «Ուրվագծի» եթերում բառացի հայտարարել էր. «Չխաբնվենք այն բանից, որ դեմ խոսացողների ձայնն ավելի բարձր է: Այդ մարդիկ ավելի քիչ են: Ցանկացած սոցիոլոգիական հետազոտություն, որ այս առիթով արվել է եւ դեռ կարվի՝ կվկայի, որ առնվազն բնակչության 2/3-րդը մեր մոտեցման կողմնակից է: Սակավաթիվ ընդդիմախոսների ձայնը բարձր լինելով՝ որեւէ փաստարկային լուրջ դաշտ չի կարող պարունակել»: Վերջին պնդման կապակցությամբ նշենք, որ «Ես կողմ եմ միջազգային դպրոցների բացմանը Հայաստանում» խմբի նախաձեռնողների փաստարկն է. «Սփյուռքում ապրող հարյուրավոր հայ ընտանիքներ այսօր ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն առաջին 5 տարին ֆրանսիական, ռուսական, անգլիական եւ այլ լեզուներով ուսուցանված երեխաները հնարավորություն չունեն հայրենիքում դպրոց հաճախելու»: Արտագաղթի ներկա ծավալների դեպքում այս փաստարկի լրջությունն այնքան է, որքան կառավարության նախաձեռնության մեկ այլ կողմնակցի՝ Խոսրով Հարությունյանի փաստարկը. «Այսօր Ինտերնետից օգտվողների թիվը մեզ մոտ սահմանափակ է, որովհետեւ լեզուներ չգիտեն»: Ըստ այդմ, Հայաստանում բոլորը համակարգիչնե՜ր ունեն, կապի որակը շա՜տ լավն է, բայց այ, քանի որ լեզուներ չգիտեն…

Արտակ Դավթյանը երեկ հանդիպման սկզբում նշեց, թե կիսում է արտահայտված բազմաթիվ մտահոգություններ եւ միանշանակ է համարում, որ հայոց լեզուն մեղավոր չէ հանրակրթության ներկա վիճակի համար: Բայց առաջարկեց խնդիրը դիտարկել նաեւ այլ դիտանկյունից ու բերեց հետեւյալ փաստարկը. «Մի օրինակ բերեմ, որը ճիշտ է՝ կրթության հետ կապված չէ, բայց այն է, ինչ մեր երկրում եղել է: Առաջին նորմալ բրենդային կազմակերպությունը, որը մուտք գործեց մեր երկիր՝ «Կոկա-կոլան» էր, որից հետո, կարծում եմ, թե սա՛ խթան հանդիսացավ, որ ոչ ոգելից խմիչքների այդ ոլորտը բավականին լավ զարգանար Հայաստանում: Եվ կարծում եմ, որ այսօր մենք ունենք հրաշալի խմիչքներ: Այդ ոլորտը կշարունակեր դոփել տեղում, եթե նման կազմակերպություններ չմտնեին Հայաստան»: Այլ օրինակ էլ բերեց՝ «Պեռնո Ռիկարի» դերը մեր երկրում խաղողագործությունը խթանելու առումով: Արտակ Դավթյանն ասել էր, որ այս օրինակները բերում է՝ լսելու հակափաստարկներ: Եվ Միքայել Շահինյանը՝ շարունակելով տնտեսական զուգահեռը, հարցրեց. «Քաղաքում լիքը դրսից բերած մեքենաներ կան՝ դրանից բարձրացա՞վ «ԵրԱԶ»-ի մրցունակությունը»:

Հետաքրքրվեցինք, թե չի՞ կարծում արդյոք, որ «Հանրակրթության մասին» օրենքը, ըստ որի՝ «Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում՝ 30%-ից պակաս»՝ դպրոցներին հնարավորություն է ընձեռում 50-70%-ը տրամադրել միջազգային ծրագրերին: Ըստ Արտակ Դավթյանի՝ այդ հնարավորությունը սահմանափակում է «Լեզվի մասին» օրենքի հետեւյալ դրույթը. «ՀՀ տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է»:

Սակայն Իզաբելլա Սարգսյանը օրինակներ մեջբերեց, որոնք ապացուցում էին՝ «Լեզվի մասին» օրենքի այդ դրույթը բնավ խոչընդոտ չի դարձել մինչ այժմ. «Ես 1997-ին ավարտել եմ Չարենցի անվան հայկական դպրոցը՝ անգլերենի խորացված ուսուցմամբ, որտեղ մենք 8-րդ դասարանից անցնում էինք անգլիական գրականություն՝ անգլերեն լեզվով, աշխարհագրություն՝ անգլերեն լեզվով, տեխնիկական թարգմանություն՝ անգլերեն լեզվով, լեքսիկա՝ էլի անգլերեն: Նույնը անգլերենի խորացված ուսուցմամբ այլ դպրոցներում է»: Արտակ Դավթյանը մեկ այլ փաստարկ նշեց. «Խնդիրը ոչ թե լեզվի իմացությունն է, այլ կոնկրետ տեխնոլոգիաները՝ այլընտրանքային հանրակրթական ծրագրերի մուտքը Հայաստան»: Իզաբելլա Սարգսյանը դարձյալ փաստեց, որ գործող օրենքն այս պարագայում էլ խոչընդոտ չէ՝ հիշեցնելով Վալդորֆյան դպրոցների օրինակը: Իսկ բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Զաքարյանի առարկությունը հետեւյալն էր. «Ասում եք՝ տեխնոլոգիաներ: Միլիոններո՜վ վարկեր վերցրին՝ կրթության բարեփոխումների համար, եւ ասում էին, թե նոր տեխնոլոգիաներ են բերում, մեթոդներ: Այդ ամբողջը փուչիկ էր, հա՞»: Ավելի ուշ հավելեց. «Հիմա համացանցում ինչքա՜ն ասես տեխնոլոգիաներ կան՝ բաց համալսարաններ, ամեն տեսակի ուսուցում: Տեխնոլոգիա վերցնելու, յուրացնելու, մեր լեզվով մշակելու խնդիր այսօր չկա: Մենք կարիք չունենք օրենք փոխելու եւ մեր կրթական ամբողջ ոլորտը, մեր անկախությունը վտանգելու»:

Արայիկ Հարությունյանը մեկ այլ հարցադրում ներկայացրեց. «Ես ռուսական դպրոց եմ ավարտել, եւ երբ բուհ ընդունվեցի՝ 1-2-րդ կուրսերում ոնց որ հաշմանդամ լինեի, քանի որ մասնագիտական շատ տերմիններ չէի հասկանում: Ուրիշների համեմատ՝ ես եռակի-քառակի ավելի գործ էի անում, որպեսզի փորձեմ հասնել նրանց»: «Ես էլ»,- խոստովանեց նույնպես ռուսական դպրոց ավարտած տառաստեղծ Ռուբեն Թարումյանը: Արտակ Դավթյանը շատ հետաքրքրական համարեց, որ ավելի շատ հենց ռուսական կրթություն ստացածներն են բողոքում այս նախաձեռնության դեմ՝ Վազգեն Մանուկյանի պես խոստովանելով, որ անձի երկփեղկվածություն են զգում:

Մտահոգությունները չէր փարատել օրինագծի հայտարարված լրամշակումը, ըստ որի՝ խոսքը վերաբերելու է դպրոցների միայն 1%-ին: Մեջբերենք ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանի հարցերից. «Ովքե՞ր են գնալու այդ դպրոցները: Ինչպե՞ս եք որոշելու, թե ո՛վ պիտի գնա այլալեզու դպրոցում սովորելու: Ի՞նչ չափանիշներով: Որ իմ երեխուն ընդունեցին՝ քոնին չընդունեցին, հաջորդ քայլն ի՞նչ է լինելու: Կաշառքը ձեռքին վազելու են՝ լեզու գտնելու, որ իր երեխուն էլ ընդունեն»: Կանխատեսեց, որ նման մարդիկ նաեւ կպահանջեն ավելացնել այդ 1%-ը. «Եվ ընդառաջելով աշխատավորության ցանկություններին՝ 20% կդառնա, հետո՝ 50%»: Նա նաեւ հարց ուղղեց. «Այս քննարկումներն արդյոք ձեւական բնույթ չե՞ն կրում, քանի որ որոշումը, վճիռն արդեն կայացված է»: «Իհարկե՝ ոչ»,- պատասխանեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի նախագահը: «Ես այդ տպավորությունն ունեմ՝ նախարարի ինքնավստահ կեցվածքից: Մտածում եմ՝ նա արդեն գիտի, որ խոսե՜ք, ի՜նչ ուզում եք՝ ասեք, մեկ է՝ անցնելու է»,- պնդեց Ռուբեն Սաքապետոյանը: Իսկ Արտակ Դավթյանը հիշեցրեց, որ այն՝ ինչ կառավարությունը ներկայացրել էր սկզբնապես, եւ այն լրամշակումները, որոնք ասուլիսում ներկայացրեց Արմեն Աշոտյանը՝ «Կարծում եմ, որ դրանք շա՜տ հեռու են իրարից»: Հովհաննես Զաքարյանն այնուամենայնիվ՝ առաջարկեց մասնագիտական քննարկումներ էլ կազմակերպել: «Լավ առաջարկություն եք անում,- համաձայնեց պրն Դավթյանը:- Հանձնաժողովի անունից կպատրաստենք համապատասխան նամակներ մասնագիտացված կազմակերպություններին՝ խնդրելով, որ հայտնեն իրենց տեսակետները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել