Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՍՈՒՄՆԵՐ՝ ՃԱՆԱՉՄԱՆ ՇՈՒՐՋ

Մայիս 28,2010 00:00

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը Հարավային Կովկասի վերաբերյալ մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձեւը «Արմատ» ակումբում երեկ բնորոշեց որպես «անգրագետ փաստաթուղթ», միաժամանակ ընդգծելով, որ, այդուհանդերձ, քաղաքական ցանկացած այդ տիպի որոշում բացասական է ազդում թե՛ բանակցությունների գործընթացի, թե՛ վերջնական լուծումների վրա:

Հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ Լ. Ալավերդյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները դեռ որեւէ քայլ չեն արել հայ-թուրքական արձանագրությունները շտկելու, փոփոխելու կամ դրանք մի կողմ դնելու ու գործընթացը մաքուր էջից սկսելու ուղղությամբ:

Պատգամավորն ափսոսանք հայտնեց, որ Արցախի հարցում նույնպես Հայաստանի իշխանությունները պատահական կամ հազվագյուտ դեպքերում են օգտագործում իրավական փաթեթի այս կամ այն արտահայտությունը: Օրինակ, ըստ Լարիսա Ալավերդյանի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից օգտագործվել է «Արցախը կայացել է երբեւիցե Ադրբեջանին չպատկանող տարածքների վրա» արտահայտությունը: «Սակայն ես չեմ տեսել, որ նման արտահայտություններն արտացոլվեն իրական քաղաքականության մեջ»,- ասաց նա: Իսկ փոխզիջման գաղափարը, Լարիսա Ալավերդյանի խոսքերով, բարձրացվում է նույնպես «Հայաստանի դիվանագիտական, քաղաքական, պետական մտքի եւ գործի պասիվության պատճառով»:

Նա դրական գնահատեց ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հետեւյալ հատվածը. «Համանախագահները հասկանում են դե ֆակտո գոյություն ունեցող իշխանությունների համար ժողովրդավարական ձեւով հանրային կյանքը կազմակերպելու անհրաժեշտությունը»: Պատգամավորի կարծիքով, դա նշանակում է, որ երեք խոշոր պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի իշխանությունները եւս հասկանում են նման անհրաժեշտությունը:

Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ «Ժառանգությունը» մնում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դեռեւս 1992թ.-ից որդեգրած այն դիրքորոշմանը, որ Հայաստանը պետք է սկսի ԼՂՀ ճանաչման գործընթաց: «Ժառանգությունը» պնդում է այս հարցով խորհրդարանական լսումներ անցկացնելու իր նախաձեռնությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել