Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն դուրս է մնացել հայկական քաղաքական գործընթացներից

Մայիս 28,2010 00:00

Կարծում է ԼՂՀ նախկին արտգործնախարարը

\"\"Ի՞նչ փոփոխության կհանգեցնի Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքը ԼՂՀ արտաքին քաղաքական պահվածքի վրա: Երեկ «Դուպլեքս» ակումբում պատասխանելով այս հարցին՝ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը փաստել է, որ ընտրությունը փոխել է Ղարաբաղի ներքաղաքական ստատուս քվոն, քանի որ Արցախի «Ժողովրդավարական» կուսակցության փոխարեն այժմ խորհրդարանում մեծամասնություն կկազմի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, բայց՝ «Իմ գնահատմամբ, իհարկե, թե Աշոտ Ղուլյանի, թե վարչապետի ղեկավարած կուսակցությունները, մեծ հաշվով, վարչական ռեսուրս են, իշխանամերձ անհատներ, գործարարներ: Եվ այդ տեսանկյունից, ըստ էության, ես դրանց միջեւ մեծ տարբերություն չեմ տեսնում եւ դրանց միջեւ անգամ մրցակցություն չեմ ակնկալում ռեալ քաղաքական խնդիրների շուրջ, ես նկատի չունեմ անձնական մանր-մունր ինտրիգները: Այդ տեսանկյունից Ղարաբաղում իրավիճակը չի փոխվել, մանավանդ՝ ես չգիտեմ՝ դա ճիշտ է, թե ոչ, բայց կարծես լուրեր կային, որ պարոն Ղուլյանը մնալու է ԱԺ խոսնակ: Գուցե միջանհատական հարաբերություններում այնտեղ մեկն ավելի բարձր աստիճանի վրա կանգնեց, քան նախկինում էր, բայց քաղաքական առումով դա լուրջ հետեւանքներ չի կարող ունենալ»: Ըստ բանախոսի, խնդիրն այն է, որ հարցերն այժմ լուծվում են Երեւանում, եւ Ղարաբաղի Հանրապետությունը ոչ միայն արտաքին խնդիրների առումով է դուրս մնացել գործընթացներից, այլ դուրս է մնացել նաեւ հայկական քաղաքականության գործընթացից ու պարփակվել միայն Ղարաբաղի ներքին կյանքի շրջանակում:

Խոսելով արտաքին քաղաքական խնդիրների մասին էլ՝ Արման Մելիքյանը մտահոգություն է հայտնել ռուս-թուրքական մերձեցման առիթով, որը, նրա կարծիքով, կրում է ռազմավարական տարրեր եւ հայկական կողմի համար հղի է տարածքային կորստի վտանգով. «Եթե մենք չենք ուզում տանուլ տալ մեր սակավաթիվ ձեռքբերումները, մենք պետք է ինքներս կարողանանք փոփոխությունների ենթարկվել եւ պատրաստ լինել նոր մարտահրավերներին: Մենք պետք է փոխենք մեր քաղաքականությունը, ընդ որում, այսօր արդեն վիճակն այնպիսին է, որ խոսքը գնում է ոչ միայն արտաքին քաղաքականության, այլ նաեւ ներքին իրավիճակի մասին»: Միեւնույն ժամանակ Արման Մելիքյանին ուրախացնում է Ադրբեջանի ու Թուրքիայի դժգոհությունը, որ Հայաստանը չի հայտնում իր դիրքորոշումը մադրիդյան սկզբունքների լրացման կապակցությամբ. «Այդ լռությունն ինձ համար վկայությունն է այն բանի, որ թերեւս Հայաստանի իշխանություններն այսօր պատրաստ են նոր քաղաքական գիծ որդեգրել կամ առնվազն պատրաստ չեն մադրիդյան սկզբունքներն առաջ տանել, այդ սկզբունքների հիման վրա խնդիրը լուծել: Սա համապատասխան մթնոլորտ կարող է ձեւավորել Հայաստանում քաղաքական նոր ուղեգիծ մշակելու եւ այդ ուղեգիծը առաջ տանելու տեսանկյունից: Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան բնականաբար փորձում են վերջին ճիգով մեզ համար պարտադրել անընդունելի, միակողմանի զիջումներ: Ընդ որում, իրենց համար էլ պահը բավական լուրջ է, որովհետեւ եթե այսօր նրանք չհաջողեն այդ բանն անել, այլեւս չեն հաջողի երբեք»: Նրա խոսքով, ստատուս-քվոն կարող է պահպանվել հավերժ, եթե Հայաստանը որդեգրի նոր քաղաքական ուղեգիծ, իսկ միջազգային հանրության ճնշումն էլ կարող է լինել մինչեւ որոշակի սահման եւ առավելագույնը կրել տնտեսական բնույթ՝ «Որովհետեւ այս տարածաշրջանում ցանկացած ռազմական միջամտություն ծանր հետեւանքներ կունենա»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել