Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՔԱՅԼԵՐՈՒՄ ՌԱՑԻՈՆԱԼ ՀԱՏԻԿ ԿԱՐ

Մայիս 28,2010 00:00

Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցի մասին ասում է փորձագետը

\"\"ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով Բրյուսելում էր: Սա վաղուց նախատեսված եւ ապրիլին չկայացած այց էր: Ասել է թե՝ այնպես չէ, որ ՀՀ նախագահը Եվրախորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունված բանաձեւը մեղմելու համար էր գնացել Բրյուսել ու ընկել ՆԱՏՕ-ի ոտքերը: Այդուհանդերձ, Հայաստանում այդ այցի վերաբերյալ իշխանության եւ ընդդիմության գնահատականներում մի համընկնում եղավ. երկու կողմերից էլ դիտարկումներ եղան, թե Սերժ Սարգսյանը գնացել էր Բրյուսել՝ Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցություն խնդրելու համար: Դատելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի եւ Սերժ Սարգսյանի համատեղ ասուլիսի վերաբերյալ «Ռեգնում»-ի տարածած տեղեկատվությունից, ԼՂ խնդրում նոր սրացումների եւ պատերազմի վերսկսման դեպքում ՆԱՏՕ-ի միջամտությունը խնդրելու իմաստով ՀՀ նախագահին չի հաջողվել ոչ միայն նման երաշխիք, այլեւ աջակցության, գոնե, թեթեւ ակնարկ կորզել: Երեկ «Առավոտը» փորձեց ՀՀ նախագահի Բրյուսել կատարած այցի, դրա արդյունքների շուրջ մեկնաբանություններ ստանալ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից:

«Բելգիայում արվեցին բավականին ուշագրավ հայտարարություններ, որոնք մտածելու տեղիք են տալիս: Սերժ Սարգսյանը նկատի ունենալով այն, որ, ինչպես ինքն էր հայտարարել՝ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ անդամներ են, եւ «եվրոպական կառույցները զբաղվում են ինչպես խնդրի լուծմամբ, այնպես էլ մեր հարաբերությունների կարգավորմամբ», ու ՆԱՏՕ-ն էլ պատասխանատու է նաեւ Եվրոպայի անվտանգության համար, քանի որ Եվրոպան, ՆԱՏՕ-ից բացի, այլ զինված ուժեր չունի, ակնկալում էր, որ ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում ՆԱՏՕ-ն կարող որոշակի դերակատարում ունենալ: Բայց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հստակ ասաց, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել, ինքը չի տեսնում «հակամարտությանը ՆԱՏՕ-ի ռազմական միջամտության հնարավորություն»: Նա նաեւ հասկացրեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն մնում է ԼՂ հակամարտությունը կարգավորելու ամենաարդյունավետ ձեւաչափը: Բայց կարեւորը այլ բան է: Ռուս-ամերիկյան «լիցքաթափման» մասին խոսակցությունների ֆոնին Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները, հայտարարությունների հաջորդականությունը վկայում են, որ Կովկասում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ խաղը «0+»-ի տրամաբանությունից դուրս չի եկել, թեեւ ժամանակ առ ժամանակ դա ստանում է տարբեր դրսեւորումներ: Այսինքն՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ձգտում են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, բայց իրենց պայմաններով, որոնք խոշոր հաշվով հանգում են նրան, որ Ռուսաստանն առաջադրում է պայմաններ, որոնք կուժեղացնեն Ռուսաստանի դիրքերը մեր տարածաշրջանում, ԱՄՆ-ն էլ առաջարկում է լուծումներ, որոնք Հարավային Կովկասում կուժեղացնեն իր ազդեցությունը: Եվ քանի որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն չեն կարողանում պայմանավորվել այդ խնդրի շուրջ, ուստի՝ մենք ունենք ԼՂ հարցի կարգավորման ձգձգում կամ չլուծում: Բնականաբար, Հայաստանի իշխանությունն էլ, լավ հասկանալով եւ զգալով երկու գերտերությունների միջեւ առկա հակասությունները, կարողանում է նրանց միջեւ լավ խաղալ. եթե կշեռքի ծանրությունը թեքվում է որեւէ մեկի կողմը, Հայաստանը քայլ է անում հակառակ կողմի ուղղությամբ՝ փորձելով հավասարակշռել այդ ուժերը՝ շարունակելով պահպանել ստատուս-քվոյի քաղաքականությունը»,- նկատեց Ռ. Մեհրաբյանը:

Այդուամենայնիվ, եթե ընդունենք, որ Ս. Սարգսյանը թղթե շերեփը ձեռքին գնացել էր Բրյուսել՝ խնդրանքով, ապա նա արդյոք հասա՞վ իր նպատակին:

«Ես չէի ասի, թե նա գնացել է ՆԱՏՕ-ից աջակցություն խնդրելու: Ի վերջո, այդ աջակցություն-չաջակցությունը գնալ-խնդրելով չի լինում: Բայց ես հասկանում եմ նաեւ Հայաստանի գործող ղեկավարության ձգտումը՝ ինչ-որ կերպ հավասարակշռել Ռուսաստանի չափազանց ակտիվությունն ու ինքնավստահությունը տարածաշրջանում, մանավանդ որ՝ Ռուսաստանն այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները սերտացնելով՝ սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար, ինչի արդյունքում մեր պետությունը կարող է հերթական անգամ այդ սակարկությունների մեջ մանրադրամ դառնալ: Որպեսզի նման բան տեղի չունենա, գործող իշխանությունն ինչ-ինչ քայլեր անում է: Դժվարանում եմ ասել, թե դա որքանով կհաջողվի, բայց այս իրավիճակում կատարվող քայլերի տրամաբանության մեջ ես ռացիոնալ հատիկ տեսնում եմ»,- ասաց փորձագետը:

ՆԱՏՕ-ի կազմում ամենամեծաթիվ զորքեր ունեցող երկրներից մեկը հենց Թուրքիան է, ուստի՝ տրամաբանակա՞ն է գնալ Բրյուսել եւ ՆԱՏՕ-ի աջակցությունն ակնկալել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի շահերին հակառակ: «Ֆորմալ առումով դա այդպես է, բայց այստեղ այնքա՜ն բայցեր կան: Օրինակ՝ այն, որ ռուս-թուրքական մերձեցումները, թուրք-իսրայելական հարաբերությունների սրումը, կողմից չափազանց մեծ ինքնուրույնություն դրսեւորելն ու տարածաշրջանի խնդիրների լուծման հարցը իր վրա վերցնելու Թուրքիայի փորձերը մեծապես գրգռում են նաեւ նույն ՆԱՏՕ-ի անդամ երկրներին: Ես կարծում եմ, սխալ է ասել ՆԱՏՕ եւ հասկանալ Թուրքիա, որովհետեւ դա այդպես չէ»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց փորձագետը:

Նրա դիտարկմամբ, Ադրբեջանին ու Թուրքիային ղարաբաղյան հակամարտության գործընթացում առկա ստատուս-քվոն ձեռնտու չէ, բայց նրանցից բացի՝ ներկա պահին չկա որեւէ այլ մի խաղացող, որը շահագրգիռ է ստատուս-քվոյի փոփոխությամբ: Մեր դիտարկմանը, թե՝ Եվրահանձնաժողովի բանաձեւը, որը պահանջում էր «գրավյալ» տարածքներից հայկական ուժերի դուրսբերումն ու կարգավորման գործընթացը առաջ տանելը, միանգամայն այլ բան է հուշում: «Դա բյուրոկրատական բանաձեւ է, որը, իհարկե, մեծ վտանգ է պարունակում, բայց, իմ պատկերացմամբ, դա ոչ այնքան միտում է, որը կարող է շարունակություն ունենալ հենց այդ ուղղությամբ, որքան հայկական դիվանագիտության բացակայության, տգիտության եւ հանցավոր անգործության արդյունք է»,- ասաց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել