Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՐԵՄՆ, ԹՈՂ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՆ ՈՒ ԳԵՏԱՇԵՆԸ

Մայիս 28,2010 00:00

Վստահ է ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը

– Եվրախորհրդարանի 2216 բանաձեւի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, այնուամենայնիվ, համաձայնեք, որ այդ բանաձեւն ամենեւին բարենպաստ չէ, ձեր կարծիքով՝ ի՞նչ վտանգներ կան դրանում:

– Այդ կարգի բանաձեւերը գաղտնիք չէ, թե ինչ ճանապարհներով են ընդունվում, եւ հայտնի է, թե թուրք-ադրբեջանական «դիվանագիտությունը» ինչքան միջոցներ է ներդնում դրանց ընդունման համար: Սակայն գաղտնիք չէ նաեւ, որ դրանում տեղ գտած կետերը իրականության հետ ոչ մի կապ չունեն: Դրանք ստեղծվում են հատուկ նպատակով՝ տարբեր միջազգային կառույցներում շահարկման նյութ ունենալու համար: Այդ բանաձեւը իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է, չի կարող հատկապես Մինսկի խմբի համանախագահների համար հիմք ծառայել: Այսինքն՝ այս փաստաթուղթը ոչ մի ուժ չունի եւ իրավական կիրառում չի կարող ունենալ: Դա կարող է դառնալ ընդամենը քաղաքական շահարկումների նյութ եւ խանգարել խաղաղ բանակցությունների ընթացքին: Նաեւ հանրապետության նախագահի եւ ԱԳ նախարարի կողմից բազմիցս է հայտարարվել, որ նմանատիպ բանաձեւերը քաղաքականացնում են բանակցային գործընթացը եւ բացասական ազդեցություն են ունենում գործընթացի վրա:

– Այդ դեպքում ինչո՞ւ այդ կարգի բանաձեւերին չեն արձագանքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, քանի որ ով՝ ով, գոնե նրանք շատ լավ են հասկանում ղարաբաղյան հարցի կարգավորման բոլոր մանրամասները եւ նրբությունները:

– Իհարկե, Մինսկի խմբի համանախագահողները շատ ավելի մանրամասն են ծանոթ ընթացքին, հնարավոր եւ անհնարին զարգացումներին: Իսկ նմանատիպ փաստաթղթերին, համոզված եմ, իրենք ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում, որովհետեւ, այո, իրենք լավ գիտեն, որ այդպիսի փաստաթղթերը իրենց վրա ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ: Դրանք գրվում են դիլետանտ գործիչների կողմից, եւ պարզ է, թե ադրբեջանական կամ թուրքական լոբբին ինչպիսի միջոցներով է ազդում նմանատիպ քաղաքական գործիչների վրա, ինչ ձեւերով են նրանց վրա ազդում՝ ֆինանսական, կաշառքների եւ այլ միջոցներով ընդամենը կեղծ փաստաթղթեր են ստեղծում եւ հեռանում: Ընդամենը 20 մարդ է քվեարկել, եւ նրանցից շատերը, համոզված եմ, հետագայում իրականության մասին թեկուզ մի փոքր պատկերացում ունենալով՝ կփոշմանեն իրենց արածի համար: Բայց իրենք պարտավոր էին նախքան քվեարկելը իմանալ, թե ինչ միջոցներով է կազմվել այդ փաստաթուղթը եւ ինչ գումարներ են ստացվել դրա դիմաց: Մի բան պարզ է, այդ կարգի փաստաթղթերը վարկաբեկում են այն կառույցին, որտեղ ստեղծվում են, այս դեպքում՝ Եվրախորհրդարանին:

– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են աշխատում մեր դիվանագետները, ըստ դաշնակցականների եւ այլ գործիչների՝ այս կարգի փաստաթղթերը մեր դիվանագիտության պարտությունն են:

– Ես չեմ կիսում այդ կարծիքները, ընդհակառակը՝ շատ բարձր եմ գնահատում մեր դիվանագետների գործունեությունը: Մեր դիվանագիտական կորպուսը, հատկապես վերջին շրջանում, բավականին բարձր մակարդակով է աշխատում: Մի մոռացեք, որ դիվանագիտական աշխատանքը բավականին նուրբ ոլորտ է, եւ ի պատիվ մեր դիվանագետների՝ պետք է ասեմ, որ այդ նուրբ ոլորտում մերոնց հաջողվում է հարցերին մոտենալ բավականին խստորեն, ճշգրիտ: Իսկ ձեր նշած կարծիքները իրականությունից հեռու են:

– Թուրքիան գնալով ավելի է ակտիվանում՝ ձգտելով խցկվել ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի մեջ: Չե՞ք կարծում, որ ժամանակն է Հայաստանի Հանրապետությունը կոշտ արձագանքի այդ նկրտումներին:

– Ես կցանկանայի այդ հարցին պատասխանել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձի այն տողերով, որում ասվում է. «Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու եւ գործընթացը տապալելու համար: Հետեւաբար մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ է. Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել եւ առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել»: Կներեք, բայց սրանից ավելի կոշտ ի՞նչ էիք ուզում լսել, կամ ինչ են ուզում լսել նրանք, ովքեր այդպես են մտածում: Թուրքիան չի կարող անկողմնակալ լինել ԼՂՀ հարցում, ես համոզված եմ, որ միջազգային կառույցները սա ընկալում են:

– Հողերի հանձնման-չհանձնման հարցերը եւս շարունակ քննարկվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, ի՞նչ եք կարծում՝ մենք տարածքնե՞ր ենք հանձնելու:

– Երբեք, նման բան չի կարող լինել: Եթե հողեր՝ ապա Ադրբեջանը առաջին հերթին պետք է մեզ վերադարձնի Շահումյանն ու Գետաշենը: Մենք կողմնակից ենք Մինսկի խմբի համանախագահողների շրջանակում հարցի լուծմանը, խաղաղ բանակցությունների ճանապարհով, մադրիդյան սկզբունքներին համահունչ: Մեզ համար առաջնայինը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եւ դա պետք է վճռվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շրջանակներում, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երկրորդական է դառնում, քանի որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Բանակցային գործընթացը պետք է ընթանա խաղաղ պայմաններում, առանց ուժի սպառնալիքի եւ առանց ուժի կիրառման: Սա միանշանակ ընդգծված է մադրիդյան սկզբունքներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել