Պահանջում են ակտիվ երիտասարդները
Գյումրիում երբեմնի 7 կինոթատրոններից այսօր միայն «Հոկտեմբեր» կինոթատրոնն է գործում՝ այն էլ սակավաթիվ հանդիսատեսով:
Այսուհետեւ գյումրեցի Արաքսի ու Բելայի նախաձեռնությամբ ամեն շաբաթ կինոթատրոնում ուսուցողական-դաստիարակչական ֆիլմեր են ցուցադրվում: Հանդիսատես էլ են կարողանում ապահովել:
15-ամյա Արաքսը գյումրեցի ակտիվ քաղաքացի է: Դպրոցն ավարտելուց հետո որոշել է սովորել Երեւանի պետական բժշկական համալսարանում:
Արաքսին մտահոգում է այն, որ գյումրեցի երիտասարդները, փողոցում աննպատակ քայլելուց բացի, այլ զբաղմունք չունեն:
Զբաղմունք չունեն ու չեն էլ մտածում իրավիճակը փոխելու մասին:
«Երեւի մտածում են, որ չեն մնալու Գյումրիում, մի օր թողնելու են-գնան»,-ասում է նա:
Արաքսը թողնելու է հարազատ քաղաքը, սակայն՝ ժամանակավոր, վերադառնալու միտք ունի. «Չեմ ցանկանում իմ քաղաքը նույն մակարդակի վրա տեսնել, ուզում եմ ավելի լավը դարձնել»:
Արաքսի ու Բելայի՝ երիտասարդների կյանքում ինչ-որ բան փոխելու եւ առօրյան հետաքրքիր դարձնելու մտքերն էլ կյանք դարձան ու այդ մտքերով ֆիլմ նկարահանվեց:
«Ինտերնյուս» հ/կ-ի նախաձեռնությամբ վանաձորցի եւ գյումրեցի 15-16 տարեկան մի խումբ պատանիներ այս տարվա հունվարի վերջերից մասնակցել են «Օրինակելի քաղաքացի եւ հաշվետու պաշտոնյա» ծրագրին, որն իրականացել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:
«Ծրագրի նպատակը քաղաքացիների եւ պաշտոնյաների միջեւ երկխոսության ստեղծումն է, որպեսզի պատանիները ներգրավվեն ժողովրդավարական գործընթացներին եւ բարձրանա նրանց քաղաքացիական ինքնագիտակցությունը: Այս ամենը կնպաստի նաեւ ՏԻՄ պաշտոնյաների հաշվետու լինելուն»,- նշեց ծրագրի անկախ գնահատող Արեւիկ Մարտիրոսյանը:
Ծրագրի արդյունքում նկարահանված վեց ֆիլմերից չորսը օրերս հանձնվեց վանաձորցիների դատին:
Գյումրեցի Արաքսը կարծում է, որ երիտասարդներն իրենք պետք է նախաձեռնող լինեն. «Ոչ ոք մեր փոխարեն չի նախաձեռնի, գոյություն ունեցող խնդիրների մասին չի խոսի»:
Արաքսը երիտասարդության պասիվության պատճառն էլ գիտի. «Մեր երիտասարդները հարմարվում են ամեն ինչին, մտածում են, որ եղած խնդիրները չեն կարող լուծել, կամ էլ, եթե լուծում էլ գտնեն, դրան օժանդակող կամ կատարող չեն գտնի»:
Բելան էլ այն կարծիքն է հայտնում, որ սպասելու փոխարեն պետք է գործել, պետք է պահանջել այն, ինչի իրավունքն իրենք ունեն:
Վանաձորցի Էլիզան ու Ժաննան էլ անդրադարձել էին շուրջ 20 տարի վերանորոգման կարիք ունեցող մարզադաշտին ու Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան՝ 1988 թվականից հետո խարխլված թիվ 1 երաժշտական դպրոցի անհապաղ լուծում պահանջող խնդրին:
Այս կերպ պատանիները փորձել էին իրենց քաղաքներում ՏԻՄ մարմինների աշխատակիցների ուշադրությունը հրավիրել տեղական խնդիրներին: «Հաճախ ենք լսում, որ մենք երկրի ապագան ենք: Մենք երկրի ապագան չենք, այդ ապագան վաղուց է ներկա դարձել. մեզ վրա այսօր ուշադրություն դարձրեք»,- ասում է նրանցից մեկը:
Ծրագրի կազմակերպիչները մտադիր են ֆիլմերը ցուցադրել ինչպես Վանաձորի եւ Գյումրիի տեղական, այնպես էլ հանրապետական հեռուստաընկերությունների եթերով: