Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԿՐՈՖՈՆԸ ԴԻՏՄԱՄԲ ՄԻ ԳՑԵՔ ԵՎ ԿՈՒՐԾՔԸ ՄԻ ՑՈՒՑԱԴՐԵՔ

Մայիս 27,2010 00:00

PR մասնագետի համոզմամբ, դա երգչուհիների համար արդեն հնացած PR հնարք է

\"\"«Մենք փորձում ենք այնպես անել, որ Հայաստանում հասարակական կարծիքը ոչ թե բռնաբարեն, այլ՝ ձեւավորեն»,- այս առաքելությամբ «PR-ի զարգացման հայկական կենտրոնը» թրեյնինգների, խորհրդատվության, մանիպուլյացիայի, սեւ եւ սպիտակ PR-ի միջոցով մարդկանց սովորեցնում է, թե ինչպես կարելի է լավ շանտաժ անել, դեզինֆորմացիա տարածել, մեկին վարկաբեկել, ինֆորմացիան կեղծել եւ նման չար, բայց անհրաժեշտ զենքեր ունենալ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանը, իրենք նաեւ օգնում են աշխատանք փնտրողին լավ վարձատրվող աշխատանք գտնել, աղջիկներին PR-ի միջոցով վերադարձնում են իրենց սիրած տղայի գիրկը, տղամարդկանց օգնում են դավաճան կանանցից վրեժ լուծել եւ այլն: Հ. Կիրակոսյանի խոսքերով՝ «Այլ կերպ ասած՝ մենք դանակ ենք վաճառում, բայց սա նարկոբիզնես չի, որ մենակ բացասական նպատակներով օգտագործվի: Մարդ կա՝ դանակով խնձոր կամ հաց է կտրում, մարդ կա՝ գլուխ: Մենք ակնկալում ենք, որ մեր վաճառած զենքով մարդիկ հաց, ձմերուկ ու նման բաներ կկտրեն, թեեւ լինում է, որ բոլորովին էլ մեր ակնկալածը չեն կտրում:
Մենք մարդկանց սովորեցնում ենք ամեն ինչին ստեղծագործաբար մոտենալ: Եթե ծառատունկը, բացի բարեգործական նպատակներից, օգտագործվում է որպես PR, մենք ասում ենք, որ եթե 12 անգամ արդեն մարդիկ ծառատունկ են արել PR-ի նպատակներով, դուք 13-րդը մի՛ եղեք, դա արդեն մեռած PR հնարք է: Եթե 10 անգամ երգչուհին բեմի վրա միկրոֆոնը իբր միամիտ գցել է, որ կռանալիս կուրծքը երեւա տեսախցիկների մեջ, դուք 11-րդը մի՛ եղեք»:
Հ. Կիրակոսյանը պատմեց, որ իրենց մի աղջիկ է դիմել՝ հատուկ սեւ PR սովորելու, որպեսզի իր սիրած տղայից վրեժ լուծի: Կենտրոնը մոտ 100 տարբերակ ունի՝ ճիշտ վրեժ լուծելու համար, ու դեպքը քննարկելով՝ խորհուրդ է տվել դրանցից մեկը: Մեր հարցին՝ օրինակ, սիրած տղամարդուն վերադարձնելու տարբերակները որո՞նք են՝ Հ. Կիրակոսյանը պատասխանեց. «Կախված է նրանից, թե ինչ իրավիճակ է: Շատ հնարքներ կարելի է բանեցնել: Այսպիսի համոզմունք կա, որ եթե չես կարողանում այնպես անել, որ աղջիկը քեզ սիրի, սիրահարվի կամ զգացմունք ունենա, ուրեմն պետք է այնպես անել, որ խանդի: Դա շատ լավ աշխատում է նաեւ տղաների դեպքում: Ընդհանրապես, մարդկային թուլությունները 20-ն են, առաջին տեղում վախն է, երկրորդ տեղում՝ հետաքրքրասիրությունը, սերը շատ ավելի ներքեւ է: Կարելի է այդ թուլություններն օգտագործելով՝ կոնկրետ նպատակների հասնել»: Կենտրոնի նախագահը պատմեց մի դեպք, թե ինչպես է հոլիվուդյան պրոդյուսերներից մեկի կինը վերադարձրել իր ամուսնու սերը՝ խորամանկ ճանապարհով. «Պրոդյուսերի կինն իմանում է, որ ամուսինը սիրահարված է հերթական ֆիլմի դերասանուհիներից մեկին: Նա հասկանում է, որ եթե ասի ամուսնուն՝ կոնֆլիկտ կլինի եւ կկորցնի նրան: Մոտենում է Ամանորի տոնը, որին պետք է հրավիրվեր ֆիլմի ողջ դերասանական անձնակազմը: Քանի որ հոլիվուդյան դերասանները դերձակներ են ունենում, պրոդյուսերի կինը դերձակից ճշտում է, թե Ամանորի այդ տոնակատարության համար իր ամուսնու սիրուհին ինչ կտորից զգեստ է պատվիրել ու չնայած շատ թանկարժեք կտոր է լինում, տան բազմոցի, բազկաթոռների, աթոռների պաստառները, սեղանի անձեռոցիկները, բոլորն այդ կտորից է պատվիրում, անգամ մուտքի մոտ գցված փալասը՝ «Welcome»-ը եւ վարագույրները փոխում է: Երբ երեկույթի օրը բոլորը գալիս են, դերասանուհին չի երեւում, մերվում է տան ֆոնին: Մարդկային դաշտում տարբերվելը գերխնդիր է, եւ տանտիկինը, ընտրելով այլ գույնի զգեստ՝ շատ շքեղ է նայվում: Պրոդյուսերը, որը էսթետ էր իր տեսակով՝ կարճ ժամանակում հիասթափվում է իր դերասանուհի սիրուհուց, եւ խնդիրը լուծվում է»:
Հայկի հետ մեր զրույցին ներկա էր նաեւ նրա կինը: Մեր հարցին՝ ձեր կնոջ նկատմամբ մանիպուլյացիա կամ սեւ PR անո՞ւմ եք՝ Հայկը պատասխանեց. «Առանց ինձ կամ իմ կնոջը վիրավորելու, ասեմ ժողովրդական այն ասացվածքը, որ շունը շան կողքը կապելով՝ կամ կծել է սովորում, կամ հաչել, իմ կինն էլ է սովորել տիրապետել այդ ամենին, ուստի մենք իրար նկատմամբ սեւ PR կամ մանիպուլյացիա չենք կարող անել»:
Քանի որ վաղը «Եվրատեսիլում» ելույթ է ունենալու մեր մասնակիցը՝ Եվա Ռիվասը, խնդրեցինք PR մասնագետին մեկնաբանել, թե որքանո՞վ է հաջողված Ռիվասի PR արշավը. «Եվա Ռիվասի PR-ը ակամայից ստացվեց: Հոյակապ էր, երբ Թուրքիան իրեն ճղեց մեջտեղից ու ասաց, որ երգը ցեղասպանության մասին է: Այդքան աղմուկի համար շատ են վճարում, բայց Թուրքիան դա մեզ համար անվճար արեց: Այն մարդիկ, ովքեր չէին լսել երգը, շտապեցին լսել այն, շատերն ուշիուշով սպասում են Ռիվասի ելույթին: Աշխարհում իմացան, որ այդ երգը ցեղասպանության մասին է, ու այն երկրները, որոնք չեն ընդունել ցեղասպանությունը, որպեսզի անուղղակիորեն ցույց տան, որ ընդունում են այդ, մեզ ձայն կտան»: Ծիրանի ծառ տնկելու հետ կապված գաղափարը, ըստ PR մասնագետի, այնքան էլ հաջողված չէ. «Մեզ համար լավաշը, դուդուկը եւ ծիրանն այնքան մեծ արժեք են, որ մենք կարծում ենք՝ եգիպտական բուրգեր են, մեզ համար Գառնին այնքան մեծ արժեք է, որ մենք մոռանում ենք, որ Հունաստանում եւ Հռոմում հարյուրից ավելի նման «գառնիներ» կան: Մենք դուդուկ ունենք՝ շոտլանդացիներն էլ պարկապզուկ ունեն, մենք ծիրան ունենք, մարդիկ՝ անանաս ունեն: Ծիրանով չենք զարմացնի, ամեն պետություն ունի իրեն բնորոշ ծառը, կենդանին, ծաղիկն ու միրգը, պատկերացնո՞ւմ եք, որ ամեն երկրի ներկայացուցիչ իր հետ տաներ իր երկրի սերմն ու մինչեւ Եվրոպա ցաներ: Ամեն դեպքում, քանի որ Եվա Ռիվասը մեր երկիրն է ներկայացնում, հուսանք, որ նա առաջին տեղը կգրավի: Իսկ ընդհանրապես մեր ամենահաջող մասնակցությունը «Եվրատեսիլին» ես համարում եմ «Արեւիկի» «Երազանքների բարի փերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել