Ապրիլի 21-ի «Առավոտում» տպագրված հարցազրույցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, խոսելով մրցաշրջան 2010-ին «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի ծրագրերի մասին, նշել էր, որ Ռուսաստանի 2010/2011թթ. բաց առաջնությանը մասնակցելու նպատակ կա եւ այդ հարցի շուրջ բանակցություններ են վարվում:
Երեկ Հրաչյա Ռոստոմյանից տեղեկացանք, որ խնդիրն արդեն լուծված է: Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայից եւ սուպերլիգայից պաշտոնական հրավեր է ստացվել, եւ մեր ֆեդերացիան ու ակումբը «Հատիսի» մասնակցությունը հաստատել են:
Այսպիսով, մեր բասկետբոլիստուհիները հանդես են գալու հոկտեմբերից մինչեւ եկող տարվա մայիս անցկացվելիք Ռուսաստանի բաց առաջնությունում, իսկ հայ հանդիսականը կարող է ականատես լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի եւ Ուկրաինայի թիմերի խաղին, որոնք լավագույններից են Եվրոպայում:
Hatis.am կայքէջը մեջբերել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Չեռնովի խոսքերը: «Իրոք, մենք ցանկանում ենք նոր մրցաշրջանից կազմակերպել Ռուսաստանի բաց առաջնություն: Այս պահին վեց-յոթ ակումբ պատրաստ է մասնակցել նախագծին: Կարեւոր չէ, որ Հայաստանը բասկետբոլում լուրջ հաջողությունների չի հասել, եւ նրա առաջնությունում քիչ թվով թիմեր են հանդես գալիս: «Հատիսը» շատ ուժեղ թիմ է: Նման եզրակացության եկել եմ, երբ մեր թիմերը հանդիպել են Եվրոպայի գավաթում, եւ այն ժամանակ հայկական թիմը հավասար պայքար էր մղում ռուսների հետ: Բանն այն է, որ «Հատիսում» ելույթ են ունենում մեծ թվով ամերիկացիներ, որոնք հանդես են եկել NBA-ում»,- «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է Սերգեյ Չեռնովը: