Վերադարձ՝ դասականի հայտնի ստեղծագործությամբ
Վիկտոր Խաչատրյանն (աջից) ու Գեւորգ Մուրադյանը փորձի պահին:
Երկարատեւ լռությունից հետո երաժշտական ազդագրերում կրկին երեւաց ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Վիկտոր Խաչատրյանի անունը, մի արվեստագետի, ով գուցե իր ռոմանտիկ խառնվածքին բնորոշ, ինչ-ինչ պատճառներով հեռացել էր ակտիվ բեմական գործունեությունից: Հայաստանի անկախության օրը՝ մայիսի 28-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ջութակահարը բեմ կբարձրանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, կատարելով ժամանակին իր երկացանկում տեղ զբաղեցրած Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, ինչը հնչեցրել է ԱՊՀ-ում, Եվրոպայում, ԱՄՆ-ում՝ արժանանալով հանդիսատեսի եւ մամուլի բարձր գնահատականին: Ջութակահարը 20 տարի հանդիսացել է հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը, հետո ստանձնել է նույն կոլեկտիվի գլխավոր դիրիժորի պաշտոնը, իսկ 1988-1993թթ. ղեկավարել իր իսկ հիմնած «Իկար» կամերային նվագախումբը: Համերգը կղեկավարի Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԼՂՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Մուրադյանը:
«Առավոտը», ներկա լինելով գլխավոր փորձին, Վ. Խաչատրյանից փորձեց պարզել վերջին տարիների իր՝ իբրեւ մենակատար, ջութակահարի լռության պատճառը: Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, լարային կվարտետի ամբիոնի վարիչ երաժիշտը նախ նշեց, որ երիտասարդ ջութակահարների շրջանում տեսնելով համաշխարհային դասական կոմպոզիտորների երկերի, մեղմ ասած՝ աղավաղումները, վերադառնում է բեմ, համերգների միջոցով նրանց հաղորդակից դարձնելու իսկապես բարձրարվեստ կատարումներին: «Կայանալիք համերգին Խաչատրյանի աշխարհահռչակ կոնցերտի ընտրության առիթը երեք տարի առաջ լոնդոնյան թերթերից մեկում երաժշտական քննադատի հրապարակումն էր, որտեղ կարդացի, թե այս հանրահայտ ստեղծագործության մեջ «մասնագետը» ոչ մի հետաքրքիր բան չի լսել, ավելին՝ կոնցերտի 3-րդ մասը նա որակել է իբրեւ վարժություններ: Սա է պատճառը, որ տարիների լռությունից հետո որոշեցի Խաչատրյան հնչեցնել, որին հետագայում կհաջորդեն Չայկովսկու, Բեթհովենի եւ այլ մեծերի ջութակի կոնցերտները»,- ասաց Վ. Խաչատրյանը: Հետաքրքրվեցինք՝ բազմափորձ կոնցերտմայստերն այսօր ինչպե՞ս է գնահատում Ֆիլհարմոնիկ նվագախումբը: Մեր զրուցակիցը հայտնեց հետեւյալը. «Նվագախումբը վերելք է ապրում եւ կարող է լուծել լուրջ ստեղծագործական խնդիրներ: Կոլեգաներս ծանոթ են իմ ճշմարտախոսությանը, այնպես որ՝ ասածս չի դիտվի իբրեւ հաճոյախոսություն»:
2004թ. հայաստանցի հանդիսատեսին ծանոթ Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Գ. Մուրադյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ կոլեկտիվը չի մեկնում արտերկիր՝ հյուրախաղերի: Դիրիժորը նախ գոհունակությամբ արտահայտվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Արցախի կառավարության հասցեին, որոնք խթանում են իրենց գործունեությունը, հետո էլ հավելեց. «Երբ ողջ աշխարհը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այդժամ կսկսվի նվագախմբի տուրնեն»: