Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 27,2010 00:00

Մինչեւ 2003թ.-ին կոալիցիոն ուժերի կողմից Իրաք ներխուժումը, ԱՄՆ Գլխավոր հետախուզական վարչությունը Իրաքի ռեժիմի վրա ճնշում գործադրելու նպատակով մտադիր է եղել հեռուստալսարանին համոզել, որ Սադամ Հուսեյնը գաղտնի միասեռական է: ԿՀՎ-ն այդ նպատակով պատրաստել էր Հուսեյնի նմանակի մասնակցությամբ մի տեսագրություն, որը պետք է ներկայացվեր որպես գաղտնի նկարահանում, եւ որտեղ Իրաքի բռնապետը, իբր, մի պատանու հետ սեքսով էր զբաղվում: ԿՀՎ-ի այդ ծրագրերի մասին ամերիկյան «The Washington Post» թերթին հաղորդել էին վարչության երկու նախկին աշխատակիցներ: Այս, ինչպես նաեւ համանման մեկ այլ նախագիծը ԿՀՎ-ին իրագործել չէր հաջողվել: Ամերիկյան հատուկ ծառայությունները մեկ այլ տարբերակ էլ էին մշակել, որի համաձայն՝ Իրաքի հեռուստաընկերության եթերով պետք է հեռարձակվեր կեղծ հաղորդում, որտեղ Սադամ Հուսեյնի նմանակը իր հայրենակիցներին հաղորդելու էր, թե իշխանությունը փոխանցում է իր որդուն՝ Ուդեին (նկարում՝ ձախից): ԿՀՎ-ն հրաժարվել էր իր այդ ծրագրերից, երբ մերձավորարեւելյան բարքերին ավելի ծանոթ փորձագետները համոզել էին, որ այդ նախագծերը որեւէ կերպ Հուսեյնին վարկաբեկելու ծրագրերին օգտակար լինել չեն կարող, որովհետեւ այն տաբուները, որոնք կան այլ երկրներում՝ Մերձավոր Արեւելքում չկան:
Ամերիկյան ռազմական աղբյուրները նաեւ պատմել են, որ Իրաք ներխուժելու համար ֆոն ստեղծելու գործին նպաստելու իմաստով ավելի արդյունավետ են եղել Իրաքի բանակի ղեկավարներին ուղարկված ֆաքսերն ու էլեկտրոնային նամակները, որոնցում ասված է եղել, թե «պատերազմը տանուլ է տրված, թողեք ձեր զորքերն ու վերադարձեք տուն»: Իրաքի բանակի որոշ գեներալներ, ի դեպ, հենց այդպես էլ վարվել էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել