Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԵՄՈՒՄ ԵԶԴԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԷԻՆ

Մայիս 27,2010 00:00

«Հատուցում»՝ այդպես էր կոչվում եզդիների ազգային հեքիաթը, որն օրերս ներկայացվեց Ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնի բեմում: Հեքիաթի հիմքում «Աշխարհում ոչինչ անհետեւանք չի մնում. հատուցումը վաղ թե ուշ գալիս է» եզդիական առածն է:
Հեքիաթ բեմադրելու նախաձեռնությունը պատկանում էր «Շամս» եզդիների երիտասարդական հասարակական կազմակերպությանը՝ ի դեմս նրա նախագահ, ապագա իրանագետ Ռուստամ Բաքոյանի: «Առավոտի» հետ զրուցում Ռ. Բաքոյանն ասաց, որ «Շամս» եզդիների երիտասարդական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2006-ին եւ հիմնադրման օրվանից ակտիվ գործունեություն է ծավալում: Իրագործել է բազմաթիվ մշակութային, հասարակական ծրագրեր: Ռ. Բաքոյանի խոսքերով՝ «Հատուցում» եզդիների ժողովրդական հեքիաթը ուսուցողական եւ դաստիարակչական նպատակ էր հետապնդում: Այն կյանքի էին կոչել Հանրային ռադիոյի եզդիական ծրագրի ղեկավար, «Եզդիխանա» թերթի գլխավոր խմբագիր Հասան Թամոյանը եւ դերասան Ռազմիկ Խոսրոեւը: Ներկայացման մասնակիցները  ցածր եւ միջին դասարանների եզդի դպրոցականներ էին եւ մեկ ուսանող: Հեքիաթի գլխավոր հերոսը եզդի երիտասարդ է, ով օտարությունից տուն վերադարձի ճանապարհին կորցնում է վաստակած ոսկիները: Ապա նա սխալմամբ սպանում է մեկ ուրիշի` մտածելով, թե նա է գողացել իր վաստակած ոսկին: Մինչ բեմում թեժ կրքեր ու իրադարձություններ են տիրում, մեկ ուրիշ երջանիկ մարդ գտնում է այդ ոսկիները… Հեքիաթի ասելիքը «համեմված» էր ազգային երգերով ու պարերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել