Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դեմագոգիա՝ ըստ ուսանողների

Մայիս 27,2010 00:00

Իրանից օրերս վերադարձած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նրանց կողմից բարձրացված բուն հարցերին պատասխանելու փոխարեն նախ կիսվեց Իրանից ստացած իր տպավորություններով: Նախարարն ասաց, որ նախանձում է իրանցիներին, որովհետեւ հայ ուսանողության մեջ չի տեսնում այն տենդագին սերը դեպի գիտելիքը, ինչին վկա է եղել Իրանում. «Թեհրանի փողոցներում ուսանողությունը «վխտում» էր՝ գրքերը ձեռքին, գրադարանները լեփ-լեցուն էին»: Հարցեր հնչեցին մի շարք մտահոգությունների մասին՝ օտարալեզու կրթության ներդնում, մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում տեղերի կրճատում, ջավախքահայության խնդիրներ, ցածր կրթաթոշակներ եւ այլն: Օտարալեզու կրթության «մասով» Ա. Աշոտյանը նշեց. «Կանցնի 5 տարի, բոլորդ կտեսնեք՝ ով ունի գիտելիք, կարողանում է ազատ տիրապետել տեղեկատվական տեխնոլոգիաներին եւ գիտի առնվազն մեկ օտար լեզու, այդ մարդն ավելի հաջողակ է»: Ապա խոստովանելով ապագայի իր տեսլականը՝ կարծիք հայտնեց, թե այլընտրանք չկա. «Մեր հասարակությունը պետք է լինի եռալեզու՝ հայերենը՝ մայրենի, եւ առնվազն անգլերեն եւ ռուսերեն»: Նախարարը վստահ է, որ իր կատարած քայլը ճիշտ է, այլապես մեկուկես ամիս չէր դիմանա ագրեսիային: Կրկին թարմ օրինակ է բերում Իրանից. «80 մլն-անոց հսկայական պետություն է, մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն մեզանից 4 անգամ ավելի է: Նույնիսկ այդ պետությունը չի կարողանում հասցնել թարգմանել գրականությունը, հետեւաբար գրադարաններում դասագրքային ֆոնդի 50-80%-ը անգլալեզու է: Այնտեղ դասախոսների պատասխանը շատ ուսանողներին հետեւյալն է՝ պարսկերենով չկա, կա անգլերենով»: Մի քանի հարց հնչեց մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի տեղերի կրճատման «մասով»: Ուսանողներին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ նախքան փոփոխություն կատարելը քննարկում չի եղել ուսանողների հետ, տարկետմամբ տեղերի կրճատումն ինչպե՞ս պետք է նպաստի գիտության զարգացմանը: Նախարարը հարցերի պատասխանը տվեց, որը, սակայն, չբավարարեց մի խումբ ուսանողների, վերջիններս էլ, որպես բողոքի նշան, անմիջապես լքեցին սրահը եւ արդեն դրսում իրենց վրդովմունքը հայտնեցին: Նրանց կարծիքով՝ նախարարը տրված հարցերին պատասխանելու փոխարեն դեմագոգիայով էր զբաղվում, իսկ պատասխանները՝ անմեղսունակի պատասխաններ էին: «Չեմ պատկերացնում, որ նախարարը 30 րոպե շարունակ կարող է անիմաստ, անգրագետ խոսքերի հավաքածու շաղ տալ ուսանողության վրա՝ պատասխանելով երկու հարցի, այն դեպքում, երբ քննարկմանը տրված էր ընդամենը 1 ժամ 15 րոպե: Դրանք փաստարկներ չէին, այլ տգետ ներկայացուցչի կողմից զանգվածին ուղղված խոսքեր»,- դժգոհեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ Գայանե Ղազարյանը:            

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել