Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առջեւում Մայիսի 28-ն է

Մայիս 27,2010 00:00

\"\"1929-ին Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ ընտրվեց Ջավահառլալ Ներուն: Նրա համառ ջանքերով hնդիկ ժողովրդի իրավունքների համար պայքարի 45-րդ տարում հռչակվեց «պուրնա սվարաջ» (մաքուր-լրիվ անկախություն) կարգախոսը: Մինչ այդ ՀԱԿ-ը ժողովրդի մեջ տարածում էր ընտրության-ազատության, արդարության-հավասարության, եղբայրության գաղափարները, եւ բավարարվում ինքնավարության պահանջով: 45 տարի մաշած հնդիկ ժողովրդի պայքարը 1930-ին մտավ Տուն տանող հուն: Դրանից հետո սաստկացան հալածանքներն ու բանտարկությունները, բայց պայքարը պսակվեց հաղթանակով. Հնդկաստանը լրիվ անկախ է:
1988-90-ին շատերը մեզ հակաճառում ու բերում էին հենց այս օրինակն ու պնդում, թե հայ ժողովուրդը պատրաստ չէ, Հայաստանն այսօր չի կարող անկախ ապրել, եւ մի 40 տարի պիտի տառապի, արդարություն փնտրի ու չգտնի, որ հասկանա Ազատության-Անկախության արժեքը: Այդ տրամաբանությամբ Հայաստանը թիզ առ թիզ նահանջեց հռչակված սուվերենությունից: Սկզբում զիջեց ազգային անվտանգությունը, հետո ցամաքային-օդային սահմանների պաշտպանությունը, հետո եղան «Գույք պարտքի դիմաց»-ը, ատոմակայանը, երկաթուղին, գազը, լույսը… Բայց կան, չէ՞, ժողովուրդներ, որոնք կայացման պայքարի այդ մաշող ժամանակահատվածը չեն ձգձգել: Եթե մեզ պարտադրվել է անապատային տեւական դեգերումների տարբերակը, ապա Հայաստանի անկախությունը կվերականգնվի ԽՍՀՄ-ից դուրս գալուց 40 տարի հետո՝ 2030-31-ից ոչ շուտ: Օրինակ՝ Ուկրաինայի յանուկովիչյան վարչակարգը աշխարհի լռելյայն համաձայնությամբ իր ժողովրդին մատնեց է՛լ ավելի տեւական չարչարանքների՝ ռուսական ռազմական ներկայությունը երկարաձգելով մինչեւ 2042-ը:
«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը եւ ուրիշներ բազմաթիվ ելույթներով, հոդվածներով, հարցազրույցներով, ասուլիսներով պարզ բացատրել են, թե 80 տոկոսով ռուսական «ՀայՌուսգազարդ» ընկերությունը ինչու է թանկացնում գազի գինը, եւ որքան են տուժում հայ ժողովուրդն ու երկիրն այդ թանկացումից: Դրանից հետո կարելի՞ է աշխատել «ՀայՌուսգազարդի» հետ, թե՞ պետք է միառժամանակ զրկել այդ ընկերությանը Հայաստանի տարածքում տնտեսվարելու իրավունքից: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ շատ ուրիշներ բազմաթիվ ելույթներով, հրապարակումներով, հայտարարություններով բացահայտել են ներկա իշխանությունների դրածո, պոլիցայական էությունը: Մի՞թե դա բավարար չէ, որ բարձրացվի Լրիվ Անկախության դրոշը… Հեղափոխության կոչ չեմ անում, բայց եթե շարունակ պայքարելու ենք սոսկ տնտեսական-սոցիալական անարդարությունների ու կրիմինալի դեմ, ապա Հայաստանի մարզերում երթեր-ցույցեր կանենք ոչ թե 40, այլ 600 տարի:
Առջեւում Մայիսի 28-ն է: Այդ լուսավոր տոնը խորհրդանիշն է այն բանի, որ մի բուռ հայ ժողովուրդը կարողացավ ետ շպրտել թուրքական բանակը… Ու ծնվեցին Եռագույնը, «Մեր Հայրենիքը», Ազատություն եւ Ինքնիշխանություն խորհրդանշող Զինանշանը: Մայիսի 28-ի օրինակն ապացուցում է, որ ժողովուրդը կարող է Անկախության դրոշ բարձրացնել եւ կայսրությանը պարտադրել ճանաչել իր Սուվերենությունը: Մյուս կողմից՝ Մայիսի 28-ը խորհրդանշում է, որ քանի դեռ դանակը գանգամաշկը չի հատել՝ հասարակական հեղինակությունները հաշտվելու են անարդարությունների, բռնությունների եւ նվաստացումների հետ, անկախ այն բանից՝ դրանք իրականացվում են բյուզանդակա՞ն, թուրքակա՞ն, ռուսակա՞ն պետության, թե՞ դրանց դրածոյի կողմից: Մայիսի 28-ից առաջ ու հետո էլ շատերը չէին հավատում, թե հայ ժողովուրդը կարող է անկախ ապրել (առանց սուլթանի, ցարի կամ մեծ երկրի հովանավորության), եւ այդ հավատի դեֆիցիտը կործանեց Առաջին հանրապետությունը: Այսօրինակ պատմական դասերի ազդեցությամբ՝ ՀԱԿ առաջնորդ Մահաթմա Գանդին իր ելույթներն ու վարքն ուղղում էր ժողովրդի հավատն ամրացնելու նպատակին:
Անկախության համար պայքարողները լավ գիտեն, որ իրենց պատկերացրած երկրում քաղկալանավոր չի կարող լինել, որովհետեւ անկախության ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիական Ազատությունն է: Սասուն Միքայելյանն այսօր քաղկալանավոր է. դա նշանակում է՝ Հայաստանում ժողովրդի իշխանությունը զենքով բռնազավթված է օտարի, դրածոյի, ժողովրդի հետ կապ չունեցողի կողմից, որը պետք է հեռացվի օտարի նման: Այսօր Ազատ-Անկախ Հայաստանի համար պայքարողը բանտում է, եւ ուրեմն առջեւում Մայիսի 28-ն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել