Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊՏՈՒՅՏ ՄԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐՈՎ

Մայիս 27,2010 00:00

Ռուս ժամանակակից սոցիոլոգ կա՝ Տոշչենկոն, որի վերջին գրքերից մեկը վերնագրված է «Պարադոքսալ մարդ»: Տոշչենկոն այդպես է բնութագրում ժամանակակից մարդուն: Հետեւելով նրա կիրառած այս հասկացությանը՝ մեր հասարակությունը հաջողությամբ եւ իրավամբ կարելի է անվանել պարադոքսալ հասարակություն: Եվ վերջին օրերին օտարալեզու դպրոցների հնարավոր բացման շուրջ ծավալված թեժ քննարկումներն էլ ավելի ակնհայտ դարձրին մեր հանրային կյանքի մի քանի պարադոքսներ:
Պարադոքս առաջին. մենք հպարտանում ենք, երբ մեր երկիրը ներկայացնողները դրսում շատ լավ բացատրվում եւ արտահայտվում են որեւէ միջազգային լեզվով եւ հալվում ենք, երբ որեւէ օտարերկրացի մի կերպ արտաբերում է «բարեւ ձեզ» կամ «շնորհակալություն» բառերը: Միեւնույն ժամանակ, մեր կողքին «խիստ գրական հայերեն» արտահայտվողներին վերաբերվում ենք ոչ այլ կերպ, քան «ձեւ թափողների», «խելքը թռցրածների»:
Պարադոքս երկրորդ. մենք բարձրաձայնում ենք հայերեն լեզվի անաղարտության մասին, բայց մեզնից քչերը կարող են ասել, որ իրենք մտածում են հենց այդ հայերենով: Այսպիսով, «անաղարտ» հայերենը եւ մեր լեզվամտածողությունը մասնակիորեն են միայն համադրվում:
Պարադոքս երրորդ. մենք բողոքում ենք օտարալեզու լինելու դեմ եւ միաժամանակ դեռ չենք կողմնորոշվել, թե որն է առավել «ճիշտ» հայերենը ուղղագրության տեսանկյունից՝ արեւմտահայերե՞նը, թե՞ արեւելահայերենը:
Պարադոքս չորրորդ. մենք պայքարում ենք ժամանակակից հայերենի դեմ՝ այն համարելով ապօրինի ծնունդ, որի ծնողները նույն օտարամոլությունն ու անգրագիտությունն են: Սակայն մոռանում ենք, որ գրեթե նույն փաստարկներն էին բերվում Խաչատուր Աբովյանի նկատմամբ, որին հիմա հենց նույն հայկական դպրոցներում անվանում են նոր գրական հայերեն լեզվի՝ աշխարհաբարի հիմնադիր: Իմիջիայլոց, նույն Աբովյանը կրթություն էր ստացել դրսում, սակայն այստեղ հայերենի ուսուցման դասագրքեր էր կազմում:
Մենք աշխատում ենք չնկատել, որ մեր «անաղարտ» հայերենն արհեստական է հնչում ժամանակակից ֆիլմերը թարգմանելիս, ժամանակակից հեռուստատեսային ֆիլմերի սցենարները գրելիս, ժամանակակից գրականություն թարգմանելիս, ժամանակակից մարդկանց հետ ժամանակակից սրճարանում զրուցելիս եւ էլի շատ իրավիճակներում, որոնցից էլ կազմված է մեր կյանքը: «Անաղարտ» հայերենն արհեստական է հնչում մեր կյանքում: Ինչ-որ մեկը կարո՞ղ է թողնել օտարալեզու դպրոցների մասին քննարկումները եւ կենտրոնանալ այս հարցի կարգավորման վրա: Արդի ֆրանսիացի խոշորագույն սոցիոլոգներից մեկը՝ Ժան Բոդրիյարը գտնում էր, որ մենք գործ ունենք հիպերիրականության հետ, որն ավելի իրական է, քան մեր իրականությունը: Այդ հիպերիրականության առարկաներն ու երեւույթներն էլ ոչ այլ ինչ են, քան սիմուլյակրներ, որոնք ավելի իրական են, քան ակտուալ իրականության մեջ: Ահա «անաղարտ» հայերենն էլ սիմուլյակրի է վերածվել մեր կյանքում, քանի որ այն ավելի հայերեն է, քան մեր հայերենը: Հիմա ո՞րն է ճանապարհը: Սխալ հայերենով խոսող եւ մտածող հասարակությանը լեզվական գիլյոտինի ենթարկե՞լը, թե՞ սխալի ու ճիշտի կատեգորիաների վերաիմաստավորումը: Չէ՞ որ ամբողջ խնդիրը մեր դիրքորոշումն է: Մենք ենք կանգնել «անաղարտ» հայերենի բարձունքին եւ մնացյալ ամեն ինչը հայտարարել օրենքից դուրս ու սկսել ենք պայքարել դրանց դեմ: Բայց ավելի ճիշտ չէ՞ թողնել այս պայքարը հողմաղացների դեմ եւ զբաղվել իրական խնդիրների կարգավորմամբ, որոնցից մեկն էլ ժամանակակից հայերեն գիտական լեզվի գրեթե բացակայությունն է: Ինչպե՞ս է հնարավոր Հայաստանում գիտության զարգացումն առանց գիտական զարգացած լեզվի: Հնչում է իբրեւ նույնաբանություն, բայց այդ նույնաբանությունը մեր կյանքն է: Ժամանակը փոխվում է, լեզուն փոխվում է: Անկեղծ ասած, ես շատ եմ կասկածում, թե այսօր Մամփրե Վերծանողն ու Կորյունը կհասկանային մեր նույնիսկ «անաղարտ» հայերենը: Բայց չէ՞ որ հենց նրանց լեզուն է մեր ոսկեղենիկը: Ի սկզբանե: Չէ՞ որ նրանց հայերենի համեմատ մեր «անաղարտ» հայերենը բարբարոսություն է: Ի դեպ, հիշո՞ւմ եք՝ ում էին անվանում բարբարոսներ: Եվրոպացիներին: Իսկ հիմա մենք ո՞ւր ենք ձգտում: Ճիշտ է, Եվրոպա: Ահա եւ եւս մեկ պարադոքս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել