Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

22 ՏԱՐԻ ԱՆՑ ԴԵՌ ԱՆՏՈՒՆ ԵՆ

Մայիս 27,2010 00:00

Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքը հայրենիքում չունի տուն ու տանիք, ապրելու նվազագույն պայմաններ

\"\"

Արտաշես Բեգլարյանի յոթ հոգանոց ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Արշալույս համայնքում: Բեգլարյանները Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից բռնագաղթածներ են: 1988 թվականին մի կերպ հասել են Ռուսաստան, իսկ մեկ տարի անց՝ տեղափոխվել հայրենիք: «Ոնց ոտաբոբիկ հասանք Ռուսաստան, ըտենց ոտաբոբիկ էլ Հայաստան եկանք: Սումգայիթից ընենց ենք փախել, որ հազիվ մեզ ենք փրկել: Ո՞վ էր մտածում ինչ-որ բան հետը վերցնելու մասին: Մենակ էրեխեքիս կարեցա փրկեմ էդ գազանների ձեռքից»,- «Առավոտին» ասաց 78-ամյա Արտաշես Բեգլարյանը:
Հայաստան գալու առաջին իսկ օրվանից Բեգլարյանները բնակություն են հաստատել Արշալույսում: Բայց վա՛յ էն ապրելուն. ունեցածները գյուղի դպրոցի հարեւանությամբ ձեռք բերած կիսատ-պռատ մի խրճիթ է, որը, չնայած տանիք ունի, բայց կաթում է, դուռ ունի, բայց չի փակվում, իսկ լուսամուտից անձրեւաջրերը անարգել լցվում ու լճանում են խրճիթի կենտրոնում:
Մութ, ցուրտ ու խոնավ պայմաններում ծերունին ապրում է կնոջ եւ տղայի հինգ հոգանոց ընտանիքի հետ: Ընտանիքի միակ աշխատողը որդին է՝ Ռաֆայել Բեգլարյանը: Դպրոցի պահակն է. 55 000 դրամ աշխատավարձ է ստանում եւ ամսվա ընթացքում կուտակած պարտքերը մարելով՝ մի քանի հազար դրամ հազիվ է հասցնում տուն: Երեք երեխաներն էլ դպրոցական են, երկուսը գյուղի դպրոցում են սովորում, իսկ փոքրը՝ Զվարթնոց գյուղի գիշերօթիկում. առաջին կարգի հաշմանդամ է, ստանում է 11 000 դրամ թոշակ: Ժամանակ առ ժամանակ էլ 78-ամյա Արտաշեսն է փող վաստակում. «Գյուղի մեջ ման եմ գալիս, ում ինչ գործ պետք ա լինում՝ անում եմ: Մեկի կարտոֆիլն եմ ցանում, մյուսի՝ բաղը ջրում, փոր եմ անում, մի երկու կոպեկ աշխատում, որ էրեխեքի առաջ գլուխս կախ ման չգամ: Ամբողջ կյանքս աշխատեցի-դրեցի, ունեցած-չունեցածս թողեցի թուրքերին ու եկա: Հիմա էլ ըստեղ ենք դատարկ նստել»:
Թեեւ դժվարությամբ են իրենց հացը վաստակում, բայց նյութական խնդիր չեն բարձրացնում: Նրանց պահանջը բնակարանային է. «Ոչ մոտենում են, ոչ հարցնում, թե՝ որտեղից ենք, ոնց ենք ապրում: Ոչ մեկին դա չի հետաքրքրում: Մենակ էն փախստականներին են տան տեր դարձնում, ովքեր աղմկում են, գլուխ ջարդում: Մեր նման սուսուփուսները տեղ չունեն»,- պատմում ու բարձրաձայն մտածում է Արտաշես Բեգլարյանը:
Արտաշեսի որդու՝ Ռաֆայել Բեգլարյանի ասելով, ինքը բազմաթիվ անգամ եղել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակում, ներկայացրել իրենց դրությունը եւ ստացել «կգանք-կտեսնեք» պատասխանը: «Ասում են ու չեն գալիս»,-ասաց Ռաֆայելը: Որդուն լրացնելով, Արտաշես պապն էլ շարունակեց. «Դուք կարծում եք ղեկավարները չեն իմանո՞ւմ քանի փախստական ունեն: Լավ էլ գիտեն: Եգանյանն էլ (ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետը- Մ. Ա.) մեզ գիտի, բայց ի՞նչ օգուտ, երբ ապրելու տեղ չունենք»:
Բեգլարյանների «բնակարանում» այնքան նեղվածք է, որ երեք մահճակալ հազիվ է տեղավորվել: «Երեխաներս արդեն մեծ են, բայց իրար հետ են քնում: Որքանո՞վ ա ճիշտ, որ տարբեր սեռի երեխաները նույն անկողնում քնեն»,- պատկան կառույցներից պատասխան ակնկալելով՝ «Առավոտին» հարցնում է Ռաֆայելը:
Իմանալով, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն աշխատանքային այցով լինելու է Արշալույսում, Ռաֆայելը նրան հանդիպելու հույսով եկել էր միջոցառման վայր: Թեեւ տեղյակ է, որ փախստականների բնակարանի հարցը մարզպետի իրավասության շրջանակում չէ, բայց, այնուամենայնիվ, ուզում էր խնդրել մարզի ղեկավարին, որ նա էլ միջնորդության խնդրանքով դիմի ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակին ու ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալությանը: «Էլ ելք չունեմ. փորձում եմ այս տարբերակն էլ օգտագործել»,- ասաց Ռաֆայելը, ով այդպես էլ մարզպետին տեսնել ու նրա հետ խոսել չի կարողացել. «Էնքան արագ-արագ եկան ու գնացին, որ հազիվ հասցրեցի դեմքը տեսնել»: Ասաց նաեւ, որ մոտենալ էլ չէր համարձակվի՝ «կողքերն էնքան մարդիկ կային, որ չէին թողի»:
Շարքային քաղաքացու համար մշտապես անհասանելի ղեկավարի մոտ անձամբ գնալ Ռաֆայելը չի էլ փորձում: «Բայց իրա մոտ կարելի ա՞ մտնել: Ո՞նց մտնեմ: Բա ինձ կընդունի՞…»,- հարցրեց բազմազավակ հայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել