Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավադիր կրակահերթից

Մայիս 27,2010 00:00

\"\"20 տարի առաջ՝ 1990թ. մայիսի 27-ի երեկոյան, Երեւանի երկաթգծի կայարանում եւ Նոր Արեշի Էրեբունի զանգվածում, խորհրդային բանակի ներքին զորքերի երեւանյան գնդի զինվորները գնդացիրներից անսպասելի կրակահերթեր բացեցին արցախյան շարժման պայքարի ակտիվ մասնակից՝ առաջին ազատամարտիկների վրա: 11 անձինք զոհվեցին, իրենց արյունը ցողելով անկախության ու Արցախի ազատագրության համար ոտքի ելած մեր ժողովրդի ճանապարհին… Հարգելով մայիսին զոհված 11 ազատամարտիկների պայծառ հիշատակը, ցանկանում եմ որոշ դրվագներ նկարագրել նրանցից՝ Երեւանի ժողինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող, գառնեցի Ատոմ (Դերիկ) Գարեգինի Աբրահամյանի կարճատեւ կյանքի, սակայն հետաքրքրական գործունեության մասին, քանի որ նա ընդամենը 22 տարեկան էր…:
Գառնեցի երիտասարդների մի խումբ պարապմունքներ էր անցկացնում իմ կողմից կազմակերպված անասնապահական օբյեկտի մոտակա տարածքներում, Գառնի գյուղից 3-4 կմ հեռավորության վրա, որտեղ ազատամարտիկները պարապում էին հեծյալ-ձիավարժություններով, սովորում էին կրակել հրացաններից, զբաղվում էին ձեռնամարտով եւ այլն: 1989թ.-ից մեր նշած տարածքն էր գալիս նաեւ գառնեցի՝ երեւանաբնակ Ատոմ Աբրահամյանը իր մորաքրոջ տղայի՝ ազատամարտիկ Վարդան Հայրապետյանի հետ: Շուտով ես մտերմացա Ատոմի հետ՝ ոչ միայն նրա համար, որ նա մեր ճանաչված բաշգյառնեցի մեծ խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի եղբոր թոռն էր, այլեւ, որ նրա գրագետ, բոցաշունչ հայրենասիրությունը ինձ չէր կարող անտարբեր թողնել: Տղաները Ատոմին սիրում եւ հարգում էին, հաճախ էին հավաքվում նրա շուրջը: Առանց չափազանցության պետք է խոստովանել, որ Ատոմը իր հայրենասիրական գաղափարներով ու անձնական օրինակով ոգեւորում էր բոլորիս, եւ պատահական չէր, որ ես՝ 4 մանկահասակ երեխաների հայր, պահեստազորի 40-ամյա կապիտանս, պետք է ելնեի կամավորական կռվի, իսկ 1992թ. հունվարից զինվորագրվեի Հայոց նորօրյա բանակին եւ մասնակցեի արցախյան պատերազմին: Երբեմն հիշում էի, թե որքան իմաստուն է ժողովրդական ասացվածքը. «Արյունը ջուր չի դառնում, իսկ պտուղը ծառից հեռու չի ընկնում», այսինքն՝ Ատոմի արյունը եւ հայրենասիրությունը ժառանգական էր, գալիս էր ազատամարտիկ-վրիժառու Մարտիրոս Աբրահամյանից: Ատոմը հաճախ էր լինում Երեւանում իր ուսանող ընկերների հետ՝ «Սպարապետ Գարեգին Նժդեհ» ջոկատի անդամ էին, եւ երեւանյան նորությունները մեզ մոտ՝ Գառնի էր բերում Ատոմը: Մայիսի վերջին անհանգիստ ու լարված վիճակ էր Երեւանում, պարետային ժամ էր սահմանված:
Սակայն Ատոմի եւ նրա անվեհեր ընկերների համար չկար ոչ մի պատնեշ ու արգելափակում: Մայիսի 27-ի ցերեկը հավաքվեցինք Գառնիում, սակայն չասացին, որ Երեւանում դրությունը լուրջ է, հնարավոր է՝ բախում լինի զորքերի հետ:
Երեկոյան ժամը 7-8-ի սահմաններում պատրաստել էի մեր ընթրիքը, սակայն տղաները ուշանում էին…: Ժամը 22.30-ից 23-ի սահմաններում սպասում էի Ատոմի ու մյուս տղաների վերադարձին, եւ հանկարծ գիշերային խավարում նկատեցի, թե ինչպես Հացավան եւ Գեղադիր գյուղերի ուղղությամբ գնդացիրների ու ավտոմատների լուսածիրային գնդակների կրակահերթերից լուսավորվեց Երեւանի Նոր Արեշի ու Նուբարաշենի թաղամասերի երկնակամարը, լսվում էին նաեւ կրակոցների խուլ ձայները: Արագ կողմնորոշվեցի, որ Երեւանում դրությունը լուրջ է, փոխհրաձգություն է, սակայն օբյեկտը չէի կարող առանց հսկողության թողնել, բացի դրանից՝ մեքենա էլ չկար եւ ոչ էլ կապի միջոցներ: Գիշերվա ժամը 2-ի սահմաններում տղաները վերադարձան… բայց առանց Ատոմի:
Ատոմի զոհվելուն հաջորդած տարիներին թվում էր, թե վիշտը կսպիանա, կփարատվի, քանի որ 1992 թվականին Գարեգին Աբրահամյանի օջախում ծնվեց արու զավակ, որին նորից Ատոմ անվանակոչեցին, սակայն վշտահար հայրը երկար չապրեց՝ մահացավ 1997թ. աշնանը:
Գառնիի ֆիդայական գերեզմանատանը, 1994թ. փետրվարին Ատոմ Աբրահամյանի շիրիմի հարեւանությամբ թաղվեցին Թեհրանի հայկական գերեզմանատնից բերված խմբապետներ Մարտիրոս Աբրահամյանի եւ Ղազար Քոչարյանի շիրիմներից վերցված մասունքները, իսկ մյուս 12-ը՝ արցախյան պատերազմում հետագա տարիներին զոհված ազատամարտիկների ու զինվորների շիրիմներն են, որոնք մշտապես իրենց հարազատների ուշադրության ու հոգատարության կենտրոնում են եւ հաճախ է մաքրվում տարածքը, թարմացվում ծաղկեպսակներն ու ծաղիկները:
Գառնիի թիվ 2 միջնակարգ դպրոցը անվանակոչված է արցախյան շարժման պայքարի անվեհեր ազատամարտիկ Ատոմ Աբրահամյանի անունով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել