Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆՈՏԱՐԻ ՄԵՂՔՈ՞Վ

Մայիս 27,2010 00:00

Ժառանգությունից զրկվել են

«Մենք այսօր նոտար Էմմա Շաբոյանի թեթեւ ձեռքով հայտնվել ենք փողոցում, զրկվել մեր տնից: Ժառանգականության սկզբունքով մեզ հասանելիք մեր հայրական տունը նա ձեւակերպել է հորաքրոջս՝ Սոնյա Թովմասյանի անունով, իբրեւ թե նա է Նոր Արեշի 46 փողոցի 37 տան միակ ժառանգը, այնինչ, այդտեղ պետք է ապրեինք մենք՝ 2 եղբայրներով ու մայրս: Ի դեպ, նշենք, որ Ս. Թովմասյանի անվամբ տրված ժառանգական գործում նշված է՝ «Այլ ժառանգներ ի հայտ գալու դեպքում պարտավորվում եմ նրանց ապահովել ժառանգական բաժնեմասով կամ դրամական փոխհատուցմամբ», սա հաշվի առնելով՝ մենք դիմել ենք տիկին Է. Շաբոյանին, սակայն նա հրաժարվում է ձեւակերպել մեր ժառանգությունը եւ այդ տնից մեզ մաս հատկացնել»,- այս բովանդակությամբ նամակ-բողոք էինք օրերս ստացել Համբարձումյանների ընտանիքից: Վերջիններս մեզ հետ զրույցի ժամանակ տեղեկացրին, որ վիճելի տունը սեփականության իրավունքով պատկանել է իրենց տատի մորը՝ Սրբուհի Քոչումյանին (նա մահացել է 1984 թվականին), որն էլ, իբրեւ ժառանգություն, տունը թողել է դստերը՝ Մարգարիտա Քոչումյանին: «Մ. Քոչումյանը՝ տատս, երկու զավակ ուներ. հայրս՝ Հարություն Համբարձումյանը եւ հորաքույրս՝ Սոնյա Թովմասյանը: Հորաքույրս ամուսնացել է եւ 1973թ.-ից բնակվել ամուսնու տանը, իսկ արդեն 1989թ.-ից մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Այդ տանը ծնվել եւ մեծացել ենք մենք, իսկ 1998թ.-ից դատարանի որոշմամբ ձեռք ենք բերել օգտագործման իրավունք, որը պահպանել ենք մինչ օրս: 2005թ. մայիսի 27-ին ԱՄՆ-ում մահացել է տատս՝ Մարգարիտա Քոչումյանը, չորս ամիս հետո մահացել է հայրս՝ Հարություն Համբարձումյանը, չհասցնելով ընդունել ժառանգությունը: Սակայն 1,5 տարի անց՝ 2006թ. սեպտեմբերին, Սոնյա Թովմասյանը գալիս է ԱՄՆ-ից, մեզանից թաքուն դիմում է նոտարական գրասենյակ, հայտարարում, թե միակ ժառանգն է եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով՝ Կենտրոն տարածքի նոտար Էմմա Շաբոյանի օգնությամբ ձեւակերպում է ժառանգություն ամբողջ տան նկատմամբ»,- պատմում է Հարությունի որդին՝ Աղասի Համբարձումյանը: Ըստ նրա, տվյալ նոտարի կողմից ժառանգական գործը կազմվել է բազմաթիվ խախտումներով: Մասնավորապես, այն սկզբից կազմված է եղել 27 էջից, այնինչ շապիկի վրա նշված է՝ «բաղկացած է 21 թերթից», սակայն իրականում արդեն 20 թերթ է: Բացի այդ, ժառանգական գործում էջերը համարակալված են մի քանի անգամ, ջնջված ու նորից համարակալված, որը հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին եւ անթույլատրելի է: Գործում բացակայում է նաեւ տեղեկանք՝ վիճելի հասցեում հաշվառված անձանց վերաբերյալ, ինչը օրենքի պահանջն է: Առկա է նաեւ քաղվածք տնային գրքից՝ էջ «10»՝ ջնջումով «9»-ը, որը կատարվել է նշված հասցեի տնային գրքից եւ հաստատվել նոտարի կողմից՝ «իսկականի հետ ճիշտ է» գրառումով ու կնքվել, մինչդեռ տնային գրքի պատճենը չի վերաբերում նշված հասցեին: Ա. Համբարձումյանն ունի նաեւ այլ ապացույցներ:
Հաշվի առնելով, որ Քաղաքացիական օրենսգրքի 1227 հոդվածով՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից 6 ամսվա ընթացքում, Աղասի Համբարձումյանն արձանագրել է մի քանի խախտում էլ. «Քոչումյան Մարգարիտան մահացել է 2005 թ. մայիսի 27-ին, Ս. Թովմասյանը ժառանգությունը ընդունել է 2006 թ. սեպտեմբերի 14-ին՝ նոտարական կարգով, այն դեպքում, որ նա բաց է թողել 6-ամսյա ժամկետը եւ այն կարող էր վերականգնել միայն դատական կարգով: Բացի այդ, ժառանգական գործում բացակայում է այն հիմնական ապացույցը, որը հաստատում է տան սեփականատիրոջ՝ Սրբուհի Քոչումյանի եւ ժառանգատուի՝ Մարգարիտա Քոչումյանի մայր ու աղջիկ լինելու հանգամանքը: Գործում նշվել են, որ կոմունալ վճարները կատարել է Ս. Թովմասյանը, սակայն նոտարը վճարման որեւէ անդորրագիր չի կցել գործին: Նշեմ, որ այդ տան բոլոր տեսակի վճարումները կատարել է մայրս: Ժառանգության բացման պահին եղբայրս անչափահաս է եղել, ինչը նշանակում էր, որ, ըստ օրենքի՝ ժառանգության բացման պահին նա ունի ժառանգության պարտադիր բաժին»:
Համբարձումյանները դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, արդարադատության նախարարին, ոստիկանապետին, սակայն որեւէ արդյունքի չեն հասել:
Նրանց դժգոհությունների առնչությամբ մենք պարզաբանումներ խնդրեցինք նոտար Էմմա Շաբոյանից: Վերջինս խորհուրդ տվեց դիմել Սոնյա Թովմասյանի փաստաբան Տիգրան Խուրշուդյանին: Նա էլ «Առավոտին» հայտնեց, որ այս գործն արդեն անցել է մի քանի դատական ատյաններով եւ ի վերջո որոշում է կայացվել տունը հանձնել իր վստահորդ Սոնյա Թովմասյանին: Նա տեղեկացրեց, որ այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել նաեւ ոստիկանության Էրեբունու բաժնում, ինչը 8 ամիս հետո կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով: «Ժառանգությունը բացելուց 6-ամսյա ժամկետում ժառանգները պետք է դիմեն նոտարին, որպեսզի ժառանգության իրենց մասնաբաժինը ստանան, ինչը Համբարձումյանները չեն արել: Նոտարին դիմել է Ս. Թովմասյանը, քանի որ ինքն էլ է ժառանգ»,- բացատրում էր Տիգրան Խուրշուդյանը: Նրա խոսքերով, Հարություն Համբարձումյանն ու մեզ դիմած Աղասի Համբարձումյանի մայրը բաժանված են եղել՝ բավականին երկար տարիներ. «ԱՄՆ-ում եղած ժամանակ էլ Հարություն Համբարձումյանին նրա կինն ու որդիները չեն խնամել եւ նրան հիվանդ ու միայնակ թողել են այնտեղ, իրենք եկել են Երեւան: Նրանց հայրն այնտեղ է մահացել եւ նրա թաղման ծախսերն էլ հոգացել է քույրը՝ Սոնյան: Այս ամենը հաշվի առնելով է Սոնյան դիմել նոտարի եւ տունը ձեւակերպել իր անունով»: Ինչ վերաբերում է ժառանգության գործին չկցված կոմունալ վճարների անդորրագրերին, ապա, ըստ պարոն Խուրշուդյանի, դրանք ոչ մի նոտար չի էլ կցում ժառանգության գործին:
«Առավոտը» փաստաբանից հետաքրքրվեց նաեւ, թե ինչու է ժառանգության գործում նշված, որ այլ ժառանգների հայտնվելու դեպքում, տնից մասնաբաժին կհատակացվի նաեւ նրանց, սակայն իրականում չի հատկացվում, որին նա պատասխանեց. «Այդ պարտավորությունն իր վրա է վերցրել Սոնյա Թովմասյանը, այլ ոչ թե նոտարը: Թող նրանք դիմեն իրենց հորաքրոջը: Այսքան ժամանակ նրանք ոչ մի անգամ այդ կնոջը չեն դիմել»: Նա ավելացրեց, որ իրականում Համբարձումյանները փողոցում չեն մնացել եւ ապրելու տեղ ունեն, քանի որ Նոր Արեշում գտնվող տանն իրենք բավականին երկար ժամանակ չեն ապրում, այն տրված է եղել վարձով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել