Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՓՈՂ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ՝ ԻՄ ՏՈՒՆՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ»

Մայիս 27,2010 00:00

Ազատամարտիկի ընտանիքին վտարել են իրենց 20 տարվա տնից ու թողել փողոցում

\"\"
Սա Մադաթյանների տունն է:

\"\"
Հովնանյանների տրակտորը տնից թողել է այս ավերակները:

Լուսանկարում պատկերված համեստ տունը, որը նախկինում եղել է երկրապահների կամավոր ջոկատի շտաբը, Դիլիջանի Թբիլիսյան խճուղում է եղել: Ներկայիս «բիզնես-դարաշրջանում» անտառների մեջ կորած այդ տարածքը կարող է ծառայել որպես գեղեցիկ հանգստյան գոտի, որը մեծ եկամուտներ կբերի այն խելոքին, ով առաջինը գլխի կընկնի վերցնել այն, մի քանի քոթեջ կառուցել ու փողերը հաշվել: Այդ փայլուն միտքն առաջինը ծագել է «Հովնանյան ինտերնեյշընըլ» ընկերության սեփականատերերի գլխում, որոնք մեզ առավել հայտնի են Վահագնի թաղամասից:
Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այդ համեստ, փոքրիկ տունն անտեր չէ, տեր ունի՝ ազատամարտիկ, ԵԿՄ անդամ, կամավոր երկրապահների ջոկատի շտաբի պետ Արարատ Մադաթյանը, որն իր 7 անձից բաղկացած ընտանիքով 20 տարուց ավելի բնակվել է իր համար սրբավայր դարձած այդ տարածքում:
Հաշվի առնելով հայրենիքի պաշտպանության գործում կամավոր կռվի գնացած Արարատի կամ, ինչպես մարտադաշտի ընկերներն են կոչում՝ Քաջիկի ունեցած մեծ ներդրումը, 1996-ին Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի նիստում կայացած որոշմամբ Թբիլիսյան խճուղու 640 քմ զբաղեցնող այդ տարածքը տրվել է նրան, որն այդ ժամանակ «Հաղարծին-1» կոոպերատիվի նախագահն է եղել: Հետագայում Քաջիկը տարածքն օրինականացնելու համար ձեռք է բերել սեփականության վկայագիր, որը նույնիսկ համաձայնեցվել է քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի հետ: Նա նույնիսկ մինչ օրս պահում է մի տոպրակ դարձած այն բոլոր կտրոնները, որոնց դիմաց վճարել է ինչպես տարածքը սեփականաշնորհելիս, այնպես էլ տարիների ընթացքում հողի, գույքի հարկը եւ բոլոր կոմունալ վճարումները պարտաճանաչ կատարելու արդյունքում: Չնայած ազատամարտիկն ունի տարածքի համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, Քաջիկի ասելով՝ «Հովնանյան ինտերնեյշընըլը», աչք ունենալով այդ գողտրիկ տարածքի վրա, «զոռբայությամբ» տիրացել է իր տարածքին: Քաջիկի պատմելով՝ «Ես այդ տնից աղջիկ եմ պսակել, այդ տանն իմ թոռն է ծնվել, իմ երեխաներն են ծնվել, մենք մեր ընտանիքով երջանիկ ապրում էինք, քանի դեռ չհայտնվեց այդ ընկերությունը: Ինձ ստիպում էին, որ տունս վաճառեմ: Սկզբում առաջարկեցին տալ 25 հազար դոլար, հետո՝ 13 հազար, հիմա՝ 8 հազար դոլար: Երբ պնդեցի, որ ինձ փող պետք չէ, որ փողով ամեն ինչ չեն կարող առնել, իմ տունը, իմ երջանկությունը չի վաճառվում՝ որոշեցին զոռով այդ ամենին հասնել: Ինչի՞ համար եմ ես էսքան կռվել՝ դրանց նմանների՞: Երբ ես ստեղ արյուն էի թափում, իրենք ամերիկաներում կյանք էին վայելում, հիմա եկել են, Վահագնի թաղամասը գնել են, կարծում են՝ ամեն ինչ կարող են գնել»:
«Հովնանյան ինտերնեյշընըլը» Թբիլիսյան խճուղու 9 հա տարածքն օրինական ձեռք է բերել, բայց նրանց պլանների մեջ չի մտել շքեղ հանգստյան գոտու տարածքում հանդուրժել Մադաթյանների տնակի առկայությունը: Քաջիկի պատմելով՝ նրանք անընդհատ վախի մթնոլորտ են ստեղծել, ահաբեկել ընտանիքի անդամներին, հիվանդ կնոջը, տեսնելով, որ կամավորների ջոկատի շտաբի պետը հեշտ վախեցողներից չէ, դիմել են, այսպես ասած՝ «օրենքի ուժին». «Չնայած բոլոր փաստաթղթերն ունեմ, որոնք ապացուցում են, որ տունն իմն է, բայց նրանք փողի ուժով Դիլիջանի դատարաններից վճիռներ շահեցին, իրենք իրենցով դատ արեցին ու առանց փաստերին ծանոթանալու՝ որոշեցին, որ ես անօրինական եմ զբաղեցնում տարածքը եւ ընտանիքիս հետ պետք է վտարվեմ իմ ձեռքերով կառուցած տնից: Հովնանյանների ահաբեկման արդյունքում, երբ ԴԱՀԿ-ի հետ մտան ու բռնի ուժով ուզում էին մեզ տնից դուրս անել՝ կնոջս այնպես էին գցել գետնին, որ ստիպված եղանք ծունկը վիրահատել»: Քաջիկի կինն ասթմայով է տառապում: Սթրեսներից անընդհատ ուշագնաց է եղել: Մի օր, երբ կինը դարձյալ շոկային վիճակում է հայտնվել ու ուշագնաց եղել, տնեցիները նրան տեղափոխել են հիվանդանոց: Երբ վերադարձել են, տեսել են՝ տրակտորներով ու բուլդոզերներով իրենց տունն արդեն քանդում են: Մի քանի ժամվա ընթացքում, օգտվելով առիթից, որ տանը մարդ չկա, «Հովնանյան ինտերնեյշընըլը» հողին է հավասարեցրել Մադաթյանների տունը: Ներկայումս այդ տարածքում մի ցուցանակ է տեղադրված՝ «Մասնավոր սեփականություն. կողմնակի անձանց մուտքն արգելվում է»: Արարատ Մադաթյանի սրտին ցավ էր, որ անգամ ղարաբաղյան պատերազմի զոհված ազատամարտիկների հուշարձանը, որը աչքի լույսի պես պահել է շտաբի տարածքում, քանդել ու ջարդուփշուր են արել (լուսանկարները խմբագրությունում են):
Քաջիկն իր 40 օրական թոռան հետ փողոցում մնալով՝ ստիպված Դիլիջանի վթարային շենքերից մեկում վարձով է բնակվում՝ սպասելով Աստծո դատաստանին: Մինչ այդ նա վարչական դատարանում հայց է ներկայացրել՝ ընդդեմ «Հովնանյան ինտերնեյշընըլի». «Եթե դատն այս անգամ էլ չշահեմ՝ դիմելու եմ Եվրոդատարան, գնալու եմ մինչեւ վերջ, ես այլեւս կորցնելու բան չունեմ: Մարդիկ անկապ տարածքներ չափառում են, 10 տարվա վաղեմություն են հաշվում ու այդ տարածքն իրեն տալիս, իսկ ես, որ ասֆալտի ֆիդայիներից չեմ եղել, կարգին կռվել եմ ու արժանացել այդ տանը, հիմա մնացել եմ անտուն»: Քաջիկ Մադաթյանը փաստաթղթերի որ տրցակը հանում էր՝ վրան փակցված էր ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լուսանկարը: Երբ հարցրինք, թե ինչո՞ւ նրա օգնությանը չի դիմում՝ Քաջիկը համեստորեն պատասխանեց. «Ամաչում եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել