Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Մայիս 27,2010 00:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ «Թամարա ֆրուտ» ՓԲԸ օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: «Թամարա ֆրուտ»-ը մեկն է այն մասնավոր ընկերություններից, որին կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում օպերատիվ շտաբի շնորհիվ հատկացվել է 300 մլն դրամ սուբսիդիա՝ օրգանիկ այգիների ստեղծման համար: Դրանից արդեն ծախսվել է մոտ 170 մլն դրամ: Ծրագրով նախատեսվել է ընկերության արտադրական եւ այգեգործական բազայի հիման վրա ձեւավորել ազնվամորու, մոշի, սեւ եւ կարմիր հաղարջի բարձր բերքատու օրգանիկ տնկարան, որը երկու տարվա ընթացքում կապահովի 450 000 տնկի: Դրանք կբավարարեն ծրագրով նախատեսված ոչ միայն 60, այլեւ 65-70 հա այգիների ստեղծմանը: Սա ենթադրում է, որ մինչ ծրագրի ավարտը հանրապետությունում կստեղծվի շուրջ 600 աշխատատեղ: Ծրագրի մեկնարկից հետո, 2009 թ.-ի ընթացքում շուրջ 20 հա տարածքով օրգանիկ այգիներ են ստեղծվել Վայոց ձորի, Կոտայքի եւ Տավուշի մարզերում: «Մենք ունենք արտահանման մեծ պոտենցիալ, որի ծավալը հասնում է տարեկան 250 մլն դոլարի: Եվս մեկ անգամ արձանագրեցինք, որ օրգանիկ գյուղատնտեսական մթերքների հանդեպ եղած պահանջարկը գրեթե երկու անգամ գերազանցում է մեր այսօրվա հնարավորություններին»,- ասել է վարչապետը եւ տեղեկացրել, որ արդեն կա 100 հազարից ավելի տնկի: Դրանք կտրամադրվեն այն գյուղացիական տնտեսություններին, որոնք պատրաստ են զարգացնել այգեգործությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել