Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գրավո՞ր ընդունվել աշխատանքի, թե՞ բանավոր

Մայիս 27,2010 00:00

ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագիծը գտնվում է ԱԺ-ում: «Առավոտը» անդրադարձել է Աշխատանքային օրենսգրքի նախագծի շուրջ «Գործք» ՍՊԸ-ի կազմակերպած քննարկումներին
ու առաջարկություններին:

Նախագծի հետ կապված իր կարծիքն է հայտնել նաեւ ՀՀ օմբուդսմենը: Օմբուդսմենն անդրադարձել է, մասնավորապես, «բանավոր աշխատանքային պայմանագրի ինստիտուտին», պայմանագիր կնքելու ընթացակարգին, գրավոր աշխատանքային պայմանագրի առավելության, աշխատանքի ընդունման ակտին՝ հրամաններին:
Ըստ գլխավոր իրավապաշտպանի. «Բանավոր աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը նախատեսված էր դեռեւս 1972թ. Աշխատանքային օրենսգրքով, 2004թ. ՀՀ նոր աշխատանքային օրենսգրքի ընդունմամբ աշխատանքային պայմանագրի կնքման համար սահմանվեց պարտադիր գրավոր ձեւ, ինչը միանշանակորեն առաջընթաց քայլ էր աշխատանքային հարաբերությունների իրավակարգավորման մեխանիզմում»:
Ա. Հարությունյանի կարծիքով, գրավոր աշխատանքային պայմանագրի առավելությունը բանավոր պայմանագրի համեմատությամբ այն է, որ «Աշխատանքային պայմանագրի պայմանները սահմանվում են միասնական իրավական փաստաթղթում, դրանով իսկ կողմերի համար ստեղծելով անհրաժեշտ երաշխիքներ՝ պայմանների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը հետագայում իրականացնելու համար: Գրավոր ձեւով կնքված աշխատանքային պայմանագիրը կարեւոր նախապայման է հանդիսանում աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողի իրավական վիճակի որոշակիության, աշխատանքային պայմանագրի բովանդակության բացահայտման հետ կապված հնարավոր վեճերից խուսափելու, աշխատողի խախտված իրավունքների պաշտպանության հնարավորությունների ապահովման համար»:
Մեկ այլ առաջարկ էլ վերաբերում է Աշխատանքային օրենսգրքի առաջարկվող՝ նոր խմբագրությամբ 84-րդ հոդվածով սահմանված աշխատանքի ընդունման իրավական ակտի բովանդակությանը: «Գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում պարունակվում է խիստ սահմանափակ պայմաններ»,- ասում է Ա. Հարությունյանը:
Օմբուդսմենը անդրադարձել է նաեւ նախագծի 5-րդ հոդվածին: Առաջարկվում է մինչեւ 16 տարեկան անձանց՝ ժամանակավոր աշխատանքներում ընդգրկելու, ինչպես նաեւ մինչեւ 14 տարեկան անձանց՝ ստեղծագործական աշխատանքների կատարմանը ընդգրկելու կարգը. «ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ՝ 16 տարեկանը չլրացած անձանց համար պետք է տարբերակում կատարվի ոչ միայն մշտական եւ ժամանակավոր աշխատանքի, այլեւ թեթեւ համարվող աշխատանքի համար եւ պետք է սահմանվի թեթեւ համարվող աշխատանքների ցանկը, ինչպես նաեւ վերանայվի աշխատանքի ընդունման նվազագույն տարիքը՝ աշխատանքի բնույթի սահմանման վերապահումով»:
Առաջարկվող փոփոխություններով նաեւ նախատեսվում է 14-16 տարեկան անձանց՝ միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը եւ բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում ընդգրկելու հնարավորություն: Պաշտպանը գտնում է, որ նվազագույն տարիքի մասին կոնվենցիային լիարժեք համապատասխանության ապահովման նպատակով «անհրաժեշտ է հստակ սահմանել 14-16 տարեկան անձանց միայն թեթեւ աշխատանքներում ընդգրկելու հնարավորությունը, ինչպես նաեւ թեթեւ համարվող աշխատանքների հասկացությունը»:
Ինչ վերաբերում է մինչեւ 14 տարեկան անձանց՝ ստեղծագործական աշխատանքների կատարմանը ընդգրկելու կարգին, պաշտպանի կարծիքով, առաջարկվող կարգը ուղղակիորեն հակասում է ՀՀ կողմից վավերացված Նվազագույն տարիքի մասին թիվ 138 կոնվենցիայի պահանջներին: Օմբուդսմենի կողմից առաջարկվում է, որ 14 տարեկան անձանց համապատասխան ստեղծագործական աշխատանքներում ընդգրկելու համար պետք է առկա լինի նաեւ իրավասու մարմնի թույլտվությունը (որպես այդպիսի մարմին կարող է հանդես գալ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը), իսկ թույլտվությամբ պետք է սահմանվեն նաեւ օրական առավելագույն աշխատաժամանակը եւ այն պայմանները, որոնցում կարող է իրականացվել աշխատանքը: Բացի այդ, աշխատանքի ընդունման թույլտվությունը պետք է տրվի միայն համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո: «Գտնում ենք, որ այս դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքով պետք է կարգավորվի նաեւ մինչեւ 14 տարեկան անձանց հետ պայմանագիրը ստորագրելու կարգը»,- ասում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել