Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ո՞Վ Է ԱՍՈՒՄ, ԹԵ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԸ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԷ

Մայիս 27,2010 00:00

\"\"«Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանային Վերին Լարսի անցակետի վերաբացումը հայ բեռնափոխադրող ընկերությունների համար մեծ ձեռքբերում է եւ կարեւոր նշանակություն ունեցող ճանապարհ»,- հավաստիացնում է «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ հերքելով վրացական կողմի այն հայտարարությունները, թե անցակետի բացումը Հայաստանին պետք չէ: «Ռուսաստանի ծայրամաս Նովոռոսիյսկից մինչեւ Երեւան բեռնափոխադրումը կարող էր իրականանալ լավագույն դեպքում 15-20 օրում, այժմ Ռուսաստանի ծայրամասերից անցակետով բեռնափոխադրումը կարող ենք իրականացնել 12 ժամում, ինչպե՞ս են ասում, թե անցակետը Հայաստանին պետք չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պարոն Աղաջանյանը՝ չհերքելով մեր այն դիտարկումը, թե հայ բեռնափոխադրողները դժգոհում են Հյուսիսային Օսիայի տարածքում պաշտոնական եւ «ձախ» վճարումներից. «Չեմ կարող ժխտել, թե կան բարդություններ, այդ բարդությունները լուծման ընթացքում են»:
Որ դադարեն շրջանառվող խոսակցությունները, թե Հայաստանին պետք չէ անցակետը, պարոն Աղաջանյանը թվարկեց այս տարի իրականացված փոխադրումները. «Օմսկից Վլադիկավկազ, այստեղից էլ Երեւան իրականացավ կոնտեյներային փոխադրում, ամբողջ փոխադրումը տեւեց 19 օր, եթե բերեինք այլ նավահանգստով, լավագույն դեպքում տեղ կհասներ 35 օրվա ընթացքում, դեռ հաշվի առնենք, որ սա առաջին փորձնական փոխադրումն էր, եւ մենք ունեինք թերություններ, չնախատեսված գործողություններ, որի պատճառով փոխադրումը երկարեց մոտ 7 օրով»: Պարոն Աղաջանյանը մի քանի անգամ շեշտեց. «Մենք շահագրգռված ենք այս ճանապարհի աշխատանքով, մեծ պլաններ ունենք այդ ճանապարհի օգտագործման առումով»: «Ապավենի» տնօրենի խոսքով, մայիսի 22-ից ճանապարհը բաց է ցանկացած տիպի տրանսպորտային միջոցների երթեւեկության համար. «Ոչ մի տեխնիկական սահմանափակում, որը մարտի 1-ից սկսած կար, չկա, ցանկացած տիպի բեռնափոխադրում իրականացնելու հնարավորություն այսօր ունենք, ճանապարհը օգտագործել ենք, օգտագործում ենք եւ շարունակելու ենք օգտագործել ավելի ինտենսիվ, բեռների քանակը գնալով մեծանալու է»: Պարոն Աղաջանյանը նաեւ հիշեցրեց, որ դեռ նախորդ տարեվերջից բանակցում էին Ռուսաստանի խոշոր կոնտեյներային օպերատորի հետ, իսկ վերջերս արդեն ձեռք են բերել համաձայնություն. «Ռուսաստանի տարածքի 130 տերմինալում տեղաբաշխված կետերից կոնտեյներային փոխադրումներ իրականացնել Հայաստան՝ սա բավականին լուրջ ձեռքբերում է, այս ճանապարհը ամենակարճ ճանապարհն է դեպի ՌԴ, եւ հայ բեռնափոխադրողը շահում է ե՛ւ ժամանակի, ե՛ւ տարածքի առումով»: Պարոն Աղաջանյանը երեկ կայացած ասուլիսում նաեւ տեղեկացրեց, որ նախորդ երկու ամիսներին հայկական կողմից անցակետը հատել է մոտ 500 միավոր ավտոմեքենա. «Մայիսի 21-ի դրությամբ, եղանակային վատ պայմանների պատճառով Ռուսաստանի կողմում ավելի քան 20 բեռնատար էր կուտակվել, խնդիրները վերանալուց հետո՝ մայիսի 23-ին հասան Երեւան»: Պարոն Աղաջանյանը, չցանկանալով հարցը քաղաքականացնել, նշեց. «Վրաստանի իշխանության ոչ մի ներկայացուցիչ ոչ մի հայտարարություն առայսօր չի արել՝ կապված անցակետի հետ, այն, որ որոշ վրացի ընդդիմադիր գործիչներ ցանկանում են իրենց երկրում ձեռք բերել քաղաքական դիվիդենդ, մեզ բացարձակապես չպետք է մտահոգի»: Պարոն Աղաջանյանի հավաստմամբ, բեռնափոխադրումներն անցակետով իրականացնելու հարցում արձանագրել են մոտ 10% գների նվազում. «Մենք ձգտում ենք հասնել ավելի ցածր գների, եւ հուսով ենք, որ կոնտեյներային փոխադրումների մինչեւ 30% էժանացում կբերենք»:
«Արտահանողների» միության նախագահ Րաֆֆի Մեխչյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Լարսի անցակետով գյուղմթերքի արտահանումը սեզոնային է, բայց ասել, թե անցակետը անարդյունավետ է կամ ոչ պետքական, շատ սխալ կլինի, մենք ունենք երկրորդ մրցակից ճանապարհ՝ Փոթիի նավահանգիստը, որն իր հերթին թելադրում է բավականին մեծ գներ, եւ վերաբացված անցակետը կստիպի գների առումով հաշվի նստել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել