Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ժողովուրդն է պահում ԼՂ-ն

Մայիս 27,2010 00:00

«Սարդարապատ» շարժման անդամ Հայկ Բալանյանը կոչ է անում այս գիտակցումով վերաբերվել գործընթացներին:

– Մի առիթով կարծիք հայտնեցիք, որ մոտ ապագայում ԼՂՀ հարցի լուծումը չեք տեսնում: Սերժ Սարգսյանի ամերիկյան այցին հաջորդած՝ ՌԴ-ի, Թուրքիայի ղեկավարների այցելությունները, հայտարարությունները, կուլիսային խոսակցությունները, 2216 բանաձեւը եւ այլն չե՞ն ստիպում վերանայել մոտեցումները:
– Լուծում չեմ պատկերացնում ասելով՝ ես նկատի ունեի փոփոխություններ: Հայ ժողովրդի համար Ղարաբաղի հարցը լուծված է: Մեխանիզմը հետեւյալն է՝ եթե մենք ապաշնորհ գտնվենք, եւ այս ռեժիմը գնալով էլ ավելի թուլացնի Հայաստանը, այո, այդ պատերազմը՝ հակալուծումը, մենք կստանանք: Ինչ վերաբերում է ձեր մեջբերած այցերին՝ խոսքը գնում էր հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մասին, որը տապալվեց: Ստացվեց ճիշտ հակառակը. թուրքական կոշտ դիրքորոշումը կանգնեցրեց եւ ապացուցեց, որ այդ մեթոդներով լուծել Հայաստանի արտաքին քաղաքական հարցերը չի ստացվի: Այդ գործընթացի կասեցումից հետո ես ընդհանրապես բացառում եմ որեւէ փոփոխություն: Այսինքն՝ ԱՄՆ եւ ՌԴ այցից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ արձանագրությունները մահացած չեն, այլ ժամանակավորապես կասեցված են՝ դա նշանակում էր, որ այս պարագայում հարցը լուծելու ոչ մի շանս չկա: Հաշվարկները, որ ինքը կատարել էր, հարցը գլոբալ կարգավիճակով լուծելու՝ ներառելով նաեւ Թուրքիային, ի դերեւ ելան:
Լուծումը մեկն է. եթե հայ հասարակությունը դեռ դիմադրում է, դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը որեւէ զիջողական քայլի գնալ չի կարող: Դրսում դա բոլորն էլ հասկանում են: Կա երկրորդ տարբերակն էլ՝ ռազմականը: Ադրբեջանն այդ առավելությունը դեռեւս չունի: Եթե մեր ռեժիմը երկիրն իր տնտեսական, ժողովրդագրական, քաղաքական, բարոյահոգեբանական վիճակով հասցնի այն աստիճանի, որ Ադրբեջանը հույսեր ունենա, որ կարող է պատերազմում հաղթել՝ ամեն ինչ կորոշվի ռազմի դաշտում: Իսկ կուլիսային խոսակցությունները՝ դրանք հիմնականում թուրքական կողմի չթաքցվող «բարի» ցանկություններն են, որոնք երբեմն նույնիսկ շանտաժի են նմանվում: Դրանց ընդհանրապես պետք է ուշադրություն չդարձնել: Նույնը վերաբերում է Եվրախորհրդարանի որոշմանը: Չեմ ուզում արդարացնել մեր դիվանագիտությունը, քանի որ այդ որոշումը մեր «դիվանագետների» աշխատանքի մակարդակի հերթական ապացույցն էր: Տհաճ որոշում է, իհարկե, բայց դրան պետք չէ մեծ ուշադրություն դարձնել, բայց հետո այլ քայլ ես չեմ պատկերացնում: Այլ բան, որ այդ ապաշնորհ քաղաքականությունը եւ դիվանագիտությունը, որ վարում է Հայաստանը, կաթիլ-կաթիլ այդպիսի որոշումների քանակ ապահովելով՝ թուլացնում են մեր դիրքերը: Քաղաքականությունն այդ որոշումներով՝ թղթե շերեփներով, չի որոշվելու, այլ ուժային պայքարով: Եթե ուժն ունենք՝ խնդիր չէ:
– Ունե՞նք այդ ուժը:
– Յուրաքանչյուր երկրի ուժն իր ժողովուրդն է՝ տղամարդիկ, կանայք, երիտասարդները, մտավորականները: Մենք պետք է հասկանանք, որ մենք ենք պահում Ղարաբաղը եւ ոչ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը: Եվ եթե հանձնվի, ուրեմն մեղավորը մենք ենք: Այլ հարց, որ իշխանությունները փորձում են այդ ուժը փոշիացնել, ոչնչացնել՝ հեշտ իշխելու համար:
– Ու կարծես շատ լավ ստացվում է:
– Այո, ակնհայտ հակասություն է հասարակության եւ գործող քաղաքական համակարգի միջեւ: Հասարակությունը փորձում է իր կերպին համապատասխանեցնել իշխանությունը, իշխանությունն էլ փորձում է իջեցնել հասարակությունն իր պատկերացումներին եւ իր կերպին: Փոխադարձ պայքար է, ու պայքարը դեռ ավարտված չէ: Ես հուսով եմ, որ մենք կհաղթենք: Հակառակ դեպքում, այս խանական կերպով մենք կզիջենք ամեն ինչ՝ եւ Լոռին, եւ Զանգեզուրը, եւ Երեւանը:
– Ի՞նչն է ձեզ լավատեսության հույս ներշնչում, այն դեպքում, երբ նույն «Սարդարապատ» շարժումը, «Հայ կամավորականների համախմբում»-ը եւ այլք փորձում են ի պաշտպանություն ազատագրված տարածքների եւ ԼՂՀ-ի ակցիաներ կազմակերպել, եւ դրանց մասնակցում է 40-50 մարդ: Այսինքն՝ հասարակությունն անտարբեր է:
– Մենք շատ վաղուց ակցիաներ չենք արել, եւ ես համաձայն չեմ, որ հասարակությունն անտարբեր է: Հասարակությունը պայթեց մի քանի օր առաջ, երբ սկսեց շրջանառվել օտարալեզու դպրոցների գաղափարը: Այո, մենք ընդդիմադիր քաղաքական դաշտում գործող անձանցից մեկն ենք եւ համեմատաբար նորը, եւ բավականին մեծ ընդդիմադիր զանգվածի մեջ մեր դիրքերը դեռ առաջնային չեն, բայց եթե համեմատություն անցկացնենք վերջին մեկ տարվա կտրվածքով, ասենք, «Ոչ մի թիզ հող» կարգախոսի հետեւորդներն այսօր ավելի շատ են՝ անկախ նրանից, թե մեր կողքին քանի հոգի են կանգնած: Հասարակությունը սկսել է հասկանալ, որ սա մեր հայրենիքն է, եւ մենք պետք է հույսներս դնենք մեզ վրա: Շատ լավ հեռանկար ունենք, քանի որ նաեւ ընդդիմադիր դաշտում այդ փոփոխությունը կուժեղացնի մեր դիրքերը: Մենք չենք պայքարում որեւէ այլ ընդդիմադիր շարժման դեմ, բայց կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում վերախմբավորումներն անխուսափելի են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել