Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱԺ-ՈՒՄ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ՈՒՆԵՆ

Մայիս 27,2010 00:00

Բայց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության նախագծի հեղինակները դարձյալ առաջարկում են հետագային թողնել օրենքի կատարելագործումը:

\"\"«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրությամբ նախագծի 47 հոդվածով՝ թվային հեռարձակման ցանցով հեռարձակվող հեռուստաընկերությունների համար սահմանվում են թեմատիկ ուղղվածություններ: Հայաստանի 3 լրագրողական կազմակերպությունների եւ ԵԱՀԿ փորձագետների քննադատությունից հետո, թե հայտնի չէ՝ ի՞նչ հետազոտություն է անցկացվել, որով պարզ կդառնային հասարակության հետաքրքրություններն ու պահանջներն ու դրան համապատասխան էլ կսահմանվեր նման ուղղվածություն՝ օրենքի հեղինակները տրամադրեցին «Տելեմեդիակոնտրոլ» ՓԲԸ-ի 2009 թվականին իրականացրած հեռուստատեսության դիտման հաճախականության վերլուծությունը: Վերջինիս համաձայն՝ 40%-ը հեռուստաեթերում նախընտրում է դիտել ֆիլմեր եւ սերիալներ, 31%-ը՝ ժամանցային, զվարճալի հաղորդումներ, միայն 21%-ը՝ տեղեկատվական-վերլուծական հաղորդումներ, ավելի քիչ՝ 5%-ը՝ գիտահանրամատչելի ծրագրեր եւ 3%-ն էլ՝ սպորտային:
Ինքս լինելով տեղեկատվական եւ վերլուծական հաղորդումների թիրախային լսարանի մի մասնիկը՝ մեր հեռուստաեթերում նախընտրում եմ դիտել գերազանցապես ֆիլմեր ու համերգներ, քանի որ վաղո՜ւց կորցրել եմ հույսը, թե, ասենք, մեր լրատվական ծրագրերից կարելի է ստանալ լիարժեք ու բազմակողմանի տեղեկատվություն: Այս մասնավոր օրինակով անգամ կարելի էր բավական վիճարկելի համարել տվյալ վերլուծության արդյունքների հիման վրա ուղղվածություններ սահմանելը: Այսուհանդերձ՝ ենթադրենք, թե չկա որեւէ այլ ճանապարհ հասարակության պահանջները հիմք ընդունելու համար: Դրանից հետո հարց կառաջանա, թե ինչո՞ւ են 47 հոդվածով սահմանվել ե՛ւ ժամանցային, ե՛ւ երիտասարդական, ե՛ւ երաժշտական ուղղվածության հեռուստաընկերություններ, մինչդեռ չկա առանձին գիտահանրամատչելի ուղղվածության հեռուստաընկերություն՝ լինելու է միայն մի մասնավոր «մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության» հեռուստաընկերություն: Իսկ սպորտային ուղղվածության հեռուստաընկերություն չկա ընդհանրապե՛ս:
Երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ընթացքում իր ելույթում այս հարցին անդրադարձավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով. «Նախագծում հստակ սահմանված չէ, թե ի՞նչ խնդիր է լուծում պետությունը. սահմանելով բովանդակային որոշակի շրջանակ՝ սոցիալական փաթե՞թ է ապահովում, մեծացնում է մրցակցային պահանջնե՞րը, թե՞ աստիճանաբար ներդնում է բաժանորդային հեռարձակում»:
Զարմանալի է, բայց փաստ՝ ԱԺ նախագահի այս կապակցությամբ արտահայտած շատ տեսակետներ համահունչ են լրագրողական կազմակերպությունների դիրքորոշումներին: Այս պնդումը կարող ենք ապացուցել օրինակներով: Լսումների մասնակիցներին բաժանվեցին Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուսի», Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եւ Բաց հասարակության ինստիտուտի փորձագետների կողմից պատրաստված մեկնաբանություններն այս օրենքի մասին: Այստեղ, ասենք, եւս մեկ անգամ մտահոգություն է արտահայտված, որ օրենքի նախագծի 23-րդ հոդվածից բխում է, թե արբանյակային հեռարձակումը կարող է իրականացվել միայն արտոնագրված հեռուստաընկերությունների կողմից, «ինչն իրականում խոսքի ազատության սահմանափակում է։ Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ արբանյակային հեռարձակում կարող է իրականացվել ցանկացած մասնավոր ընկերությունների կողմից, եւ դրա համար անհրաժեշտ է սահմանել հեռարձակման իրավունքի տրամադրման պարզ ընթացակարգ»: Իսկ Հովիկ Աբրահամյանը ելույթում հայտարարեց. «Առաջարկում եմ նաեւ քննարկել արբանյակային հեռարձակման հնարավորությունն ազատ թողնելու հարցը»: Նաեւ ասաց. «Ուզում եմ հատուկ շեշտել, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը պետք է լինի մասնավոր հեռուստառադիոընկերությունների հետ հավասար վերահսկելիության դաշտում»: Իսկ փորձագետները հիշեցրել են, որ ըստ նախագծի՝ Հանրայինի գործունեության վերահսկումն այժմ ՀՌԱՀ-ի խնդիրն է, սակայն նախագծում սահմանված չեն դրա կոնկրետ մեխանիզմները. «Արդյոք տվյալ պայմաններում ՀՌԱՀ-ն իրավասո՞ւ է, օրինակ, Հանրային հեռուստառադիոընկերության կողմից խախտում թույլ տալու դեպքում նախազգուշացնել նրան, կասեցնել նրա ծրագրերի հեռարձակումը կամ կիրառել նախագծով նախատեսված այլ պատժամիջոցներ»:
ԱԺ նիստում քննարկման ընթացքում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց օրենքում պատասխանատվության մեխանիզմ սահմանել ՀՌԱՀ-ի անգործության դեպքում: Փորձեցինք լսումներում պարզել նախագծի հեղինակների դիրքորոշումը այս առաջարկի վերաբերյալ՝ ընդգծելով, որ եթերում առկա օրինախախտումներին այդ մարմինը գրեթե չի արձագանքում՝ շարունակելով ստանալ պետբյուջեից ֆինանսավորում, որին ի հավելումն, ասենք, կառավարության մայիսի 20-ի նիստում «հեռարձակվող ծրագրերի ուղղակի դիտարկումներ անցկացնելու նպատակով» ՀՌԱՀ-ին հատկացվեց 6 մլն դրամ։ ՀՌԱՀ-ին անգործության համար պատասխանատվության ենթարկելու հարցին նախընտրեց պատասխանել այդ կառույցի ղեկավար Գրիգոր Ամալյանը. «Օրենսդրությունը նախկինում եւս սահմանել է բոլոր մեխանիզմները՝ անկախ կարգավորիչ որեւէ մարմնի գործունեության վերաբերյալ: Անգործության վերաբերյալ մեխանիզմը դատական կարգով վիճարկելն է»: Արծվիկ Մինասյանը ելույթում չհամաձայնեց այս փաստարկին:
ՀՀ-ում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ավետիս Բերբերյանը լսումների ընթացքում էլ հաստատեց, որ ընդունել են Նաիրա Զոհրաբյանի առաջարկը եւ օրենքի նախագծում վերականգնել այն դրույթները, ըստ որոնց՝ արտոնագրված անձի ընտրության ժամանակ ՀՌԱՀ-ը պիտի հաշվի առնի «մրցութային հայտով եթերային բազմազանություն ապահովելու առաջարկությունը» եւ այլն: Սակայն հակադարձ առաջարկ արեց. «Ձեզնից ու ձեր նման մտածողներից ակնկալում ենք՝ տվե՛ք մեզ հստակ չափորոշիչներ, թե ինչպես պետք է գնահատվի բազմակարծությունը խթանելու կարողությունը»: Գրիգոր Ամալյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ինքն է՞լ է կարծում, որ ՀՌԱՀ-ը նման չափորոշիչներ չունի՝ հիշեցնելով, որ նախկին մրցույթներում գնահատել են առաջարկներում առկա ծրագրային քաղաքականությունը: «Ծրագրային քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ դրույթներ նախկինում ոչ միայն հաշվի ենք առել, այլ նաեւ մե՛նք ենք առաջադրել մրցութային պայմաններում,- պատասխանեց ՀՌԱՀ նախագահը:- Եթե օրենսդիրը հանձնաժողովին վերապահի մշակել բազմակարծության գնահատման չափորոչիչները՝ կանենք: Այդուհանդերձ, մշտապես կմնա մտավախություն, որ իմ եւ ձեր ասած չափորոշիչները տարբեր են»:
Նշենք նաեւ, որ փորձագետների վերոհիշյալ դիտողությունները 5 էջից ավելին են, միայն Արծվիկ Մինասյանի առաջարկները շուրջ 25-ն են: «Այս ամենը վկայում է, որ չէ՛ր կարելի այս նախագիծը հրատապության կարգով բերել խորհրդարան,- «Առավոտին» ասաց փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:- Թող կես տարի, գոնե 2 ամիս առաջ բերեին այս օրինագիծը, որ ժամանակ լիներ նորմալ քննարկելու»: Թեեւ ԱԺ նախագահը հորդորել էր կառավարության ներկայացուցիչներին` «2-րդ ընթերցման ռեժիմով նախագիծը լրամշակելիս հաշվի առնել բոլոր այն առաջարկները, որոնց ներառմամբ օրենքը միմիայն շահելու է, եւ դուրս են մղվելու մտահոգությունները եւ քննադատությունները», Գրիգոր Ամալյանը հետո առաջարկեց չհետաձգել թվայնացման գործընթացը. «Իսկ օրենքը կատարելագործել միշտ կարող ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել