Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դ. Հարությունյանն աջակցո՞ւմ է Չավուշօղլուին

Մայիս 27,2010 00:00

ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանում՝ հունիսի 21-25-ը, քննարկվելու է 2005թ. 1416 բանաձեւը, որով նախատեսվում է ԵԽԽՎ-ում ստեղծել ԼՂՀ հարցերով զբաղվող ենթահանձնաժողով: Երեկ այդ մասին «Ուրբաթ» ակումբում ասել է «Ժառանգություն» խմբակցության եւ «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով. «Ցավում եմ, որ ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի կողմից եւս այդ գործընթացը աջակցվում է, քանի որ արդեն իսկ տեղի են ունենում բանակցություններ՝ բացառելով ԼՂՀ ներկայացուցիչներին: Այս բանաձեւի վտանգավոր կետերից մեկն այն է, որ այնտեղ եւս գրված է, թե ՀՀ-ն օկուպանտ երկիր է»: Հիշեցնենք, որ բանաձեւը կյանքի կոչելու համար շատ մեծ ջանքեր է գործադրում ԵԽԽՎ նախագահ, ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուն: Ըստ Փոստանջյանի, հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում առնվազն 16 ելույթի իրավունք ունի, եւ եթե դրանցից գոնե 6-ը վերաբերեր այն հարցին, թե ինչ է զավթել Ադրբեջանը, միգուցե Ադրբեջանն ու Թուրքիան նման հաջողություններ չունենային: Անդրադառնալով էլ 2216 բանաձեւի վերաբերյալ հայկական կողմի արձագանքներին՝ «Սարդարապատի» մեկ այլ անդամ՝ Ալեք Ենիգոմշյանը, զարմանք է հայտնել, որ թե արտգործնախարարը, թե կոալիցիոն մեծամասնությունը Կիրիլովին մեղադրեցին ադրբեջանամետ լինելու մեջ. «Նույնը շարունակեցին կոալիցիայի մյուս անդամները: Դաշնակցության ներկայացուցիչներն ունեցան նույն կեցվածքները: Նաեւ «Ժառանգություն» կուսակցության հաղորդագրությունը մեղքը դնում է բացառապես ԱԳ նախարարի վրա, ինչը ճշմարտության մի կողմն է: Չգիտեմ՝ ինչ որակում պետք է տալ նրանց, նույն Արծվիկ Մինասյանին, որ այսքանից հետո համարձակություն է ունենում եւ չի ամաչում՝ ասելու, թե նախագիծն ավելի վատն է եղել, սակայն Հայ դատի հանձնախմբի աշխատանքի շնորհիվ բարելավվել է: Այս ամենը պետք է որակել խիստ վտանգավոր»: Նա զարմանում է նաեւ, թե ինչպե՞ս կարող է Արմեն Ռուստամյանը «մատ թափ տալ» եվրոպական կառույցների վրա եւ ասել, թե նման պահվածքը շարունակելու դեպքում Հայաստանը, հնարավոր է, փոխի իր դիրքորոշումը Եվրոպայի նկատմամբ, այն դեպքում, երբ այդ կուսակցությունը գրեթե «մատը մատին չի խփել» եւ բացակայել է բանաձեւի պաշտոնականացման ամբողջ ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել