Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԳՆ-Ն ԸՆԴՈՒՆԱԿ ՉԷ, ԲԱՅՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՌ ԴԻՄԱԳՐԱՎՈՒՄ Է ՎՏԱՆԳՆԵՐԻՆ

Մայիս 27,2010 00:00

\"\"Գոնե այսպիսի հույսեր ունեցողներ Հայաստանում կան

Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանի պատվիրակները իրենց ընդունած թիվ 2216 բանաձեւով պահանջեցին «հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից՝ թույլ տալով տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները: Եվրախորհրդարանը պնդում է, որ հայկական ուժերը պետք է արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»: Հայաստանում այս բանաձեւը դեռ չէին «մարսել», երբ զորքերի դուրսբերման պահանջ ներկայացրեց նաեւ ՄԱԿ-ի ներկայացուցիչ, բռնի տեղահանվածների եւ փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի օգնական Վալտեր Կալինը: Նա Բաքվում հայտարարեց, թե «միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատելու ուղղությամբ: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստիպել Հայաստանին կատարել առաջ քաշված պահանջները՝ Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատագրելու վերաբերյալ»: Հայաստանյան փորձագետներն այսօրինակ կոշտ հայտարարությունները հակված են բացատրել նրանով, որ Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ միջազգային մակարդակներում գործում է թուրք-ադրբեջանական հզոր տանդեմը: Թե արդյոք ԼՂ-ի շուրջ անվտանգության գոտի համարվող տարածքներից հայկական զինուժի դուրսբերման մասին հատկապես վերջին շրջանում միջազգային հանրության կողմից ավելի հաճախ հնչող կոչերն ու առաջարկները հենց այդ տանդեմի ճնշումների արդյունքն է, թե հենց միջազգային հանրության դիրքորոշումն է այդպիսին՝ փորձագետները չեն հստակեցնում, թեեւ ենթադրելի է, որ տվյալ դեպքում «երկուսը մեկում» են, ինչպես պնդում են օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսում:
Այսուհանդերձ, տպավորություն կա, որ ԼՂ հարցում Հայաստանի եւ Ղարաբաղի շուրջ ստեղծված օղակը գնալով սեղմվում է: Ինչ է պատրաստվում անել հայկական կողմը, եւ որքանով է պատրաստված հայկական դիվանագիտությունը դիմագրավելու մեզ նետված մարտահրավերներին՝ ցույց են տալիս միայն վերջին օրերին արված հենց այս հայտարարություններն ու նաեւ այն, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսի 21-25-ը կայանալիք նստաշրջանի ժամանակ եւս նախատեսվում է քննարկել Հայաստանին առնչվող եւս մի բանաձեւ, որտեղ Հայաստանը հերթական անգամ ներկայացվում է որպես «օկուպանտ» երկիր եւ բռնազավթել է Ադրբեջանի տարածքները: Այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Մենք դեռեւս այդ ուղղությամբ որեւէ իրական աշխատանք չենք ձեռնարկել»,- հավելել է պատգամավորը:
Իհարկե, այս համատեքստում կան նաեւ այլ կարծիքներ: Օրինակ՝ «Ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնի» փորձագետ Մանվել Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ինքը հայկական կողմից որոշակի քայլեր, այնուամենայնիվ, նկատում է. «Սերժ Սարգսյանը եվրոպաներում ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում, եւ դա պարզ երեւում է: Բայց ինչի՞ համար է խնդրում՝ պարզ չէ: Երբ միջազգային հանրությունն ու կառույցները ճնշումներ են բանեցնում Հայաստանի եւ Ղարաբաղի վրա, երբ ԵՄ երկրների պատվիրակները հանդես են գալիս կտրուկ հայտարարություններով, այդ պայմաններում գնալ ՆԱՏՕ-ից օգնություն խնդրելն անհասկանալի է թվում: Պետք է, երեւի, փորձել հասկանալ դրա տրամաբանությունը: Ես կարծում եմ, բարձրացված այս ամբողջ թոհուբոհը պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմամբ, որը մտահոգել է ոչ միայն Հայաստանին, այլեւ արեւմտյան երկրներին, որոնք հայտարարում են, թե այս տարածաշրջանը իրենց շահերի կենտրոնն է: Եթե այս տեսանկյունից դատենք, գուցե ամեն ինչ իր տեղն ընկնի: Հայտարարություններն էլ այնքան էական չեն, առավել հետաքրքիր է այն նախաձեռնությունը, որով հանդես են գալիս եվրոպական երկրները՝ իրենց առաջարկություններով: Հայաստանը, կարծես թե, փորձում է Արեւմուտքի հետ լեզու գտնել»:
Նկատենք, որ փորձագետը խոսեց միայն ՀՀ նախագահի ինչ-որ մշուշոտ նախաձեռնությունների մասին, մինչդեռ Հայաստանում կա արտաքին քաղաքականության գերատեսչություն, որը պարտավոր է արձագանքելուց զատ՝ նաեւ կանխել հայկական կողմի համար անբարենպաստ հայտարարություն-բանաձեւերի, որոշումների եւ ձեւակերպումների ընդունումը: «Այդ գերատեսչությունը, եւ ոչ միայն նա, այլեւ կոալիցիայի կուսակցություն կոչվածները, նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ցույց տվեցին, որ բացարձակապես որեւէ բանից տեղյակ չեն ու գաղափար չունեն: Նրանք միայն հերթապահ հայտարարություններ են անում՝ փորձելով արդարացնել իրենց անգործությունը, այն, ինչ կատարվում է մեր շուրջ»,- հայտարարեց Մ. Սարգսյանը:
Նա, ի դեպ, համարում է, որ իրավիճակն այնքան էլ լուրջ չէ, եւ տարածքների վերադարձի հարց չկա: Ի դեպ, այդպես երեկ ասել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ավելին, Մ. Սարգսյանի ասելով, անհայտ է, թե որն է ԼՂ հիմնախնդրի կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» ապագան: Փորձագետը շեշտեց, որ ԼՂ-ում տեղի ունեցած ընտրությունների առիթով էլ միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ Պետդեպի, ԵՄ-ի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից արված հայտարարություններում էլ որեւէ տեղ «Մադրիդյան սկզբունքների» մասին որեւէ հիշատակում չկար: Ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե փոխարենն այդ հայտարարությունների զգալի մասում, նաեւ միջազգային տարբեր կառույցներում, նույնիսկ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, տարածաշրջանում բարեկամ համարվող Իրանի կողմից մշտապես շեշտվում է Ղարաբաղի ոչ միայն անկախությունը, այլեւ ընտրությունները չճանաչելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, դրան սատարելու մասին, Մ. Սարգսյանն ասաց, թե դա դիվանագիտություն է, եւ «պետք է փորձել այս ամենը ավելի խորը ընկալել», նաեւ հավելեց, թե Ղարաբաղի խնդրի նկատմամբ միջազգային հանրությունն առանձնահատուկ վերաբերմունք ունի, եւ «այս մեկն է փաստ»: «Բա ի՞նչ պիտի ասեին: Գոյություն ունի միջազգային իրավունք, եւ բոլորը պիտի խոսեն դրանից: Մեզ հիմա պետք է հետաքրքրի միայն այն մեծ աշխուժությունը, որը կա ԼՂ խնդրի շուրջ»,- ասաց Մ. Սարգսյանը: Փորձագետը համաձայն չէր նաեւ մեր այն դիտարկմանը, թե ԼՂ հարցում Հայաստանը, առավելապես վերջին շրջանում, ըստ էության, դաշնակից պետություն չունի: Որեւէ պետության պաշտոնական ներկայացուցիչ, միջազգային որեւէ կառույց իր ընդունած փաստաթղթերում, նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք միշտ շեշտել են «տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչման մասին», երբեք իրենց թույլ չեն տվել խոսել ԼՂ ժողովրդի «ինքնորոշման իրավունքի» նկատմամբ հարգանքի մասին: Այդ բառակապակցությունը արտաբերվել ու օգտագործվել է բացառապես «տարածքային ամբողջականություն» սկզբունքի հետ միասին, բայց ոչ երբեք առանձին՝ որպես միջազգային իրավունքի նորմ կամ սկզբունք: Տպավորություն կա, որ միջազգային հանրությունն էլ, որ միջազգային բոլոր սկզբունքները համարում է հավասար, բայցեւ դրանց թվում ավելի հավասար է դիտում տարածքային ամբողջականությունը: «Վերջին տարիներին ԼՂ կարգավիճակի հարցը այս կամ այն կերպ շատ ավելի է շոշափվում: Եթե նայեք միջազգային հանրության հայտարարությունները, այնտեղ ամեն ինչ շատ զգուշավոր է ասված: Նույն ԵՄ-ն իր հայտարարության մեջ նշում է, որ իրենք չեն ճանաչում ԼՂ ընտրությունների սահմանադրական եւ իրավական շրջանակները: Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձեւում խոսվում է ԼՂ ժամանակավոր կարգավիճակի մասին: Բայց մենք պետք է մի բան հասկանանք, որ այս ամենի մեջ շատ էական է Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքորոշումը»,- մեր դիտարկումներին արձագանքելով՝ հայտարարեց Մանվել Սարգսյանը՝ շեշտը դնելով կարգավիճակի վրա ու շրջանցելով մեր հստակ հարցադրումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել