Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԻՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼ»

Մայիս 27,2010 00:00

\"\"Վստահ է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը

– ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե նախապայմաններ թելադրելով եւ պայմանավորված ժամկետները խախտելով՝ Թուրքիան սպառել է վստահության պաշարը։ Ի՞նչ է սա նշանակում, արդյոք մենք հերթական անգամ վերանայելո՞ւ ենք մեր դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ:
– Հանրապետության նախագահի այդ հայտարարությունը պետք է դիտարկել այն ուղերձի ենթատեքստում, որը հրապարակվեց արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցումից անմիջապես առաջ: Դա փաստ է, եւ բոլորը դա գիտեն: Ուղերձում հստակ ասվեց, որ թերեւս ճիշտ կլիներ միանգամից ետ վերցնել մեր ստորագրությունը, բայց, հաշվի առնելով միջնորդ երկրների ջանքերը, առայժմ ձեռնպահ ենք մնում ստորագրությունը ետ վերցնելուց եւ պարզապես սառեցնում ենք գործընթացը: Սակայն սրանից հետո եւս Թուրքիան շարունակեց փորձերը՝ մտնել ԼՂ հարցի կարգավորման ոլորտ, իրեն չվերաբերող հարցերի շուրջ շարունակում է դատողություններ անել, եւ բանը հասնում է զավեշտի, երբ խոսում է ինչ-որ ճանապարհային քարտեզի եւ շրջանների վերադարձի մասին: Սրանով, կարծում եմ, Թուրքիան իրոք սպառել է վստահության իր ողջ պաշարը եւ սպառել է անգամ հարցը սառեցված պահելու իր լիմիտը: Կարծում եմ՝ եւ Թուրքիան, եւ միջնորդ երկրները, եւ միջազգային հանրությունը պետք է հասկանան, որ ՀՀ-ն չի կարող հանդուրժել Թուրքիայի ներգրավվածությունը Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում:
– Սակայն Թուրքիան բավականին ակտիվ է գնում դեպի միջնորդության եւ ակնհայտ խոսում է իր մասնակցության մասին, ուրեմն ինչո՞ւ միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը այդ երկրին իր տեղը չեն դնում եւ կարգի չեն հրավիրում, ինչո՞ւ չեն ասում ուղղակի, որ Թուրքիան գործ չպետք է ունենա Ղարաբաղի հարցի հետ:
– Կարծում եմ, որ իրենք այդ մասին բավականաչափ հստակ խոսել են, ասել են իրենց տեսակետը: Ի սկզբանե շատ հստակ է եղել եւ այսօր էլ պարզ է, որ Թուրքիան չի կարող լինել համանախագահող երկիր, քանի որ այս հարցում կողմնակալ է: Թուրքիան շրջափակել է մեր հանրապետությունը, ռազմական եւ այլ կարգի աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, բոլոր միջազգային կառույցներում պաշտպանում է այդ երկրի դիրքորոշումը: Ուրեմն ինչպե՞ս կարող է Հայաստանը թույլ տալ, որ այդ երկիրը միջամտի ղարաբաղյան հարցին: Թուրքիան իր վարքագծով երբեք չի կարող միջնորդ դառնալ: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը, համանախագահող երկրները եւ միջնորդները շատ ճիշտ կհասկանան, եթե ՀՀ նախագահը մի օր որոշի ստորագրությունը ետ վերցնել արձանագրություններից: Բոլորի համար ի սկզբանե պարզ է, որ նման զարգացման մեղավորը Թուրքիան է իր ոչ կառուցողական պահվածքով:
– Ընդունո՞ւմ եք, որ Եվրոպայի համար Ղարաբաղի հարցի լուծումը կենսական նշանակություն ունի՝ ինչպես օրերս հայտարարեց Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն:
– Կարծում եմ՝ Եվրոպան փոքր-ինչ էգոիստ վարքագիծ է դրսեւորում՝ իր համար, եւ անմիջապես շուրջը ուզում է ստեղծել նորմալ, բարեկեցիկ կյանքի պայմաններ, խաղաղության բոլոր երաշխիքները, իր համար որոշակի արժեքային համակարգ է ձեւավորում, բայց այդ նույնը չի ուզում տեսնել մեկ ուրիշի համար: Օրինակ, եթե Կոսովոյի դեպքում ուժ գործադրեցին, որպեսզի կանխեին հումանիտար աղետը, դրանից հետո ճանաչեցին Կոսովոյի պետությունը, հետո սկսեցին օգնել այդ պետության կայացմանը: Հասկանում եմ՝ իրենք ուզում են Եվրոպան լինի խաղաղ, իրենք ապրեն հանգիստ: Իսկ Ղարաբաղը մի քիչ հեռու է Եվրոպայից: Եվրոպայի այս պահվածքը նույնիսկ վիրավորանքի աստիճանի անհասկանալի է, նույնիսկ չեն էլ ուզում հասկանալ պրոբլեմը: Ապացույցը՝ Եվրախորհրդարանի վերջին բանաձեւն է: Ամբողջ հսկա խորհրդարանից ընդամենը 20 հոգի է քվեարկել, եւ դրա շուրջը այսքան աղմուկ: Սա անթույլատրելի մոտեցում է:

Հ. Գ. «Այն, ինչ հրապարակ է նետված, ես բնութագրում եմ ոչ թե որպես զեկույց, այլ որպես ընդդիմադիր որոշ գործիչների կողմից իրենց քաղաքական գործունեությանը միտված գործողություն: Այս անգամ ես ձեռնպահ մնացի, որպեսզի չարժեւորեմ այն հոդվածը, որը նրանք անվանում են զեկույց: Իրենց նշած համապատասխան բանաձեւում նշված է, որ զեկույցը փաստահավաք խումբը պետք է ներկայացնի ժամանակավոր հանձնաժողովին, այսինքն՝ զեկույց կարելի էր անվանել մինչեւ անցյալ տարվա սեպտեմբերի տասնհինգը ներկայացվածը, իսկ դրանից հետո այն, ինչ իրենք ներկայացնում են, պարզապես հոդվածներ են՝ նվիրված մարտի մեկին: Իսկ այլոց հոդվածներին ես չեմ ուզում պատասխանել: Եթե կան խնդիրներ, իրենք պետք է դիմեն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որը զբաղվում է առաջարկությունների կատարման մոնիտորինգով կամ ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովին»,- փաստահավաք խմբի երկու անդամների զեկույցի մասին ասաց Սամվել Նիկոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել