Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորս օգնենք Կարենին

Մայիս 26,2010 00:00

Խոստումնալից պատանի դաշնակահարի բուժման համար ջանքերի մեկտեղում է պետք

Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի 10-րդ դասարանի սան, դաշնակահար Կարեն Սաֆարյանը ընդամենը 16 տարեկան է, բայց արդեն հասցրել է եւ Հայաստանում, եւ դրսում հաջողություններ գրանցել: 2005-ին Չեխիայի Բռնո քաղաքում պատանի դաշնակահարների «Ամադեուս» մրցույթում առաջինն է եղել, նույն թվականին Սանկտ Պետերբուրգում պատանի դաշնակահարների «Աստիճան դեպի վարպետություն» մրցույթում նվաճել հանդիսատեսի համակրանքի մրցանակը, 2006-ին Մոսկվայում Շոստակովիչի անվան` դաշնակահարների 4-րդ մանկական մրցույթի հատուկ մրցանակին է արժանացել, «Նոր անուններ» միջազգային հիմնադրամի, Առնո Բաբաջանյանի հիմնադրամի ծրագրերով համերգներով հանդես եկել Հայաստանում, Ռուսաստանում, Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում, Մոնակոյում, Իտալիայում:

Կարեն Սաֆարյանի դասատու` Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Զեմֆիրա Բարսեղյանի խոսքով, Կարենը երաժշտության նկատմամբ չափազանց հետաքրքրասեր է. «Նույն շենքում ենք ապրում: Երեխա ժամանակ բակում ֆուտբոլ խաղալիս եւս նա երաժշտության հետ էր, եւ երբ ասում էին երաժիշտ չդառնաս` հուզվում էր»:

Կ. Սաֆարյանի վերջին հյուրախաղերը Ֆրանսիայում եւ Սանկտ Պետերբուրգում են եղել, պատանի դաշնակահարը փայլուն է ելույթ ունեցել, սակայն Հայաստան վերադառնալուց օրեր անց իրեն վատ է զգացել: Մտածել են՝ մրսած է, բայց օրեր շարունակ ջերմությունը չի իջել եւ բժշկական առավել խորը զննությունը բացահայտել է ցավալին` պատանի տաղանդավոր դաշնակահարը սակավարյունություն ունի: Զննող բժիշկները Կարենին անմիջապես հոսպիտալացրել են, արդյունքում չեղյալ են հայտարարվել Կարենի՝ Կաունասում նախատեսված համերգները: Այժմ պատանի դաշնակահարը Սանկտ Պետերբուրգի բժշկական կենտրոններից մեկում է, որոշակի բուժում ստանում է, սակայն վերջնական, լիակատար եւ ամբողջական բուժումը շատ թանկ է եւ Գերմանիայում պետք է կազմակերպվի:

Պրոֆեսոր Զեմֆիրա Բարսեղյանի խոսքով, Կարենին ճանաչողներն արդեն սկսել են գումար հանգանակել` Աբովյանում է բարեգործական համերգ կազմակերպվել, մայիսի 30-ին նման համերգ է կազմակերպվելու «Առնո Բաբաջանյան» սրահում, դրսում Կարենին ճանաչողներն են պատրաստ աջակցել: Օրինակ, Ֆրանսիայից հայտնել են, թե պատրաստ են իրենց վրա վերցնել բուժման ծախսերի առյուծի բաժինը, իտալացի մի բժիշկ լսելով Կարենի կատարումը` խոստացել է ամեն ինչ անել նրան օգնելու համար: «Շնորհալի երեխաների ճակատագիրը, ընդհանրապես, մի քիչ էլ պատահականությունից է կախված, պիտի հանդիպեն մեկին, որը ձեռք կմեկնի, արվեստում պահից շատ բան է կախված»,- նկատեց տիկին Բարսեղյանը:

Կարենի ծնողներից էլ տեղեկացանք, որ պատանի դաշնակահարին պատուհասած հիվանդության մասին տեղյակ են ՀՀ իշխանության բարձր մակարդակներում, տեղյակ է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: «Այս պահին Կարենին պետք է ազգովի օգնել, մեր շրջապատը, մեր ծանոթները օգնում են՝ ինչով կարող են, բայց դա դեռ քիչ է»,- ամփոփեց Զեմֆիրա Բարսեղյանը:

Կարեն Սաֆարյանի եղբայրները պատրաստ են դառնալ դոնոր, այսպիսով բուժման ծախսերը որոշակիորեն նվազում են: Ովքեր հնարավորություն ունեն եւ պատրաստ են գումար տրամադրել Կարեն Սաֆարյանի բուժմանը՝ կարող են այն փոխանցել Զարգացման հայկական բանկի 1810003508660100 հաշվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել