Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կինոն՝ կատալոգում

Մայիս 26,2010 00:00

\"\"Երեկ «Ակադեմիա» պատկերասրահում կայացավ վերահրատարակված հայկական կինոյի նոր կատալոգի շնորհանդեսը: Այն այս անգամ ներկայանում է անգլերեն եւ հայերեն տարբերակով՝ 290 օրինակով: Առաջին հրատարակությունն իրականացվել էր Բաց հասարակության ինստիտուտի կողմից, այս անգամ աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունը եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը: Կատալոգի համար աղբյուր են ծառայել 60-ականների սկզբին Դանիել Բզնունու կողմից հավաքված ֆիլմոգրաֆիան, Հայաստանի \"\"կինեմատոգրաֆիստների միության եւ Կինոյի տան արխիվային նյութերը, նաեւ Գրականության եւ արվեստի թանգարանում պահվողները եւ այլն: Նոր կատալոգի գլխավոր խմբագիրներն են Միքայել Ստամբոլցյանը եւ Սուսաննա Հարությունյանը: Աշխատանքներին մասնակցել են նաեւ կինոգետներ Վալերի Գասպարյանը, Զավեն Բոյաջյանը, Անահիտ Արփենը, Տաթեւիկ Մանուկյանը: Ի տարբերություն նախորդ՝ 10 տարի առաջ հրատարակված կատալոգի, որն ընդգրկում էր 1924-1998 թթ. Հայաստանում ժապավենով նկարահանված ֆիլմերը, այստեղ ֆիլմերի հեղինակների անվանացանկում անվանատառերի փոխարեն նշվում են անուններն ամբողջությամբ: Այս կերպ գրքի հեղինակները փորձ են արել մոռացությունից փրկել շատ անուններ: «Առավոտի» հետ զրույցում գլխավոր խմբագիրներից Միքայել Ստամբոլցյանն ասաց, որ նոր կատալոգում, ի տարբերություն նախորդի, ներառված են նաեւ տեսաֆիլմերը, մտցվել է առանձին հավելված, որն ընդգրկում է 1998-2009թթ. արտադրված խաղարկային ֆիլմերը: Բացի այդ, ճշտվել են նաեւ ֆիլմերի արտադրության տարեթվերը, տեւողությունը, մասնակիցների կազմը եւ այլն:

Կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը կատալոգի արժեքն անգնահատելի է համարում. «Սա մնայուն է, որովհետեւ նույնիսկ ժապավենը, պարզվեց, ժամանակի ընթացքում վերանում է: Նոր տեխնոլոգիաները ես ե՛ւ ընդունում, ե՛ւ մերժում եմ, որովհետեւ ունի նաեւ իր բացասական կողմը»: Կինոքննադատը գտնում է՝ այսօր էլ արտադրվում են շատ ֆիլմեր, բայց ոչ միայն կինոյի, այլեւ ընդհանրապես արվեստի, հոգեւոր կյանքի բնագավառում տեսնում է այլ միտումներ: Ըստ նրա, այս բնագավառում խորը համաշխարհային ճգնաժամ է: Ռեժիսոր Միքայել Դովլաթյանն էլ նշեց. «Կատալոգում ոչ միայն ռեժիսորներն ու օպերատորներն են, այլեւ երկրորդ կազմը: Դա կինոարտադրողի համար շատ կարեւոր է»:

Օգտվելով առիթից, որ շնորհանդեսին ներկա էր Կաննի կինոշուկայից նոր վերադարձած Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, «Առավոտը» հետաքրքրվեց ստացած տպավորությունների ու նոր առաջարկների մասին: Կաննի այս տարվա կինոշուկայում Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով, ցուցադրվել են Սուրեն Բաբայանի՝ «Մի նայիր հայելուն» եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմերը, որոնց նկատմամբ՝ կինոկենտրոնի տնօրենի խոսքով, մեծ հետաքրքրություն է եղել դրսում, «Մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել ե՛ւ համատեղ ֆիլմարտադրության, ե՛ւ ֆիլմերի դիստրիբյուցիայի վերաբերյալ Եվրոպայում, ԱՊՀ երկրներում: Պայմանավորվել ենք հնդիկ պրոդյուսերների հետ՝ ցեղասպանության մասին համատեղ ֆիլմ անելու համար, նաեւ Չեխիայի «Բարանդով» ստուդիայի, Եգիպտոսի հետ պայմանավորվածություն ունեցանք, առաջարկներ եղավ մեր «Ռեանիմանիա» անիմացիոն փառատոնի հետ կապված»: Գ. Գեւորգյանն ասաց նաեւ, որ դիստրիբյուտորներին փոխանցել են իրենց տարբեր սկավառակները, փաթեթները եւ սպասում են Մոսկվայում կայանալիք հանդիպմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել