Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏՐՈՆՆԵՐԸ ՉԵՆ «ԱՏԵՍՏԱՑՎՈՒՄ»

Մայիս 26,2010 00:00

Պատճառները՝ ըստ տնօրենների

\"\"Տարիներ շարունակ թատրոններում որոշ դերասաններ զբաղված չլինելով խաղացանկում եւ, ըստ էության՝ բեմ չբարձրանալով, ստանում են աշխատավարձ, ինչը դժգոհությունների առիթ է տալիս այն դերասանների շրջանում, ովքեր, կրելով խաղացանկի ծանրությունը, վաստակում են գրեթե նույնչափ: ՀՀ մշակույթի նախարարի հրահանգով, դեռեւս 2009 թ. հունիսին հանձնարարվել է նախարարության ենթակայության տակ գործող թատերական կոլեկտիվներին՝ անցկացնել դերասանների որակավորում: Նպատակը մեկն է՝ տարզատել ստեղծագործողներին ըստ նրանց պրոֆեսիոնալ որակների ու զբաղվածության:

«Առավոտը» թատրոնների տնօրեններից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախարարի հրահանգն իրականացվում է եւ ի՞նչ արդյունքներ են գրանցվում: Հարցախույզը ցույց տվեց, որ երեւանյան թատրոնների մեծամասնությունը օբյեկտիվ պատճառներով չի անցկացնում ատեստացիա:

Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հայտնեց, որ իր թատրոնում թեեւ հաստիքով 12 դերասաններից ոմանք վարպետությամբ իրեն լիարժեք չեն բավարարում, սակայն. «Ունեմ կադրերի խնդիր: Հետեւաբար՝ եղածներից ո՞ւմ «խուզեմ»: Նույնիսկ Թատերականում կուրս ունեմ, որտեղ սովորում է 6 ապագա մնջախաղաց, բացել եմ ստուդիա, առայժմ 8 հոգի է… Դերասանուհիներիցս մեկը շուտով մեկ ամսով մեկնելու է Եվրոպա՝ վերապատրաստման: Ստիպված՝ թատրոնի խաղացանկի 11 ներկայացումը այնպիսի հաջորդականությամբ պետք է խաղացվի, որ ոչինչ չտուժի: Երազում եմ ունենալ այն քանակի թատերախումբ, որ բեմադրություն իրականացնելիս լինի նաեւ փոխարինող կազմ: Ինչ վերաբերում է ելույթավճարներին, մեր դեպքում անիմաստ է դրա մասին խոսելը՝ հասկանալի պատճառով. շենք չունենք»:

Խամաճիկների թատրոնի ղեկավար Արմեն Էլբակյանն էլ ասաց, որ թատրոնի դահլիճը փոքր է (70 տեղ), տոմսի գինն էլ՝ 500 դրամ, ի՞նչ ելույթավճարի մասին կարող է խոսք լինել. «Հաստիքով ունենք 15 դերասան, որոնք ծանրաբեռնված աշխատում են բեմադրված 25 ներկայացումներում»:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ հավաստիացրեց, որ իրենց մոտ նախարարի հրահանգը չի կարող գործել: Ունեն ընդամենը 12 դերասան-տիկնիկավար, խաղացանկի 32 ներկայացումներում էլ հրավիրված դերասաններն աշխատում են ելույթավճարով ու պայմանագրով:

Արա Երնջակյանը Կամերային թատրոնի մասին ասաց հետեւյալը. «Մենք փոքր թատրոն ենք, դերասանախումբը՝ 20 հոգանոց, որի գերակշիռ մասը ընդգրկված է խաղացանկային 20 ներկայացումներում, չխաղացող դերասան չունենք: Չունենք նաեւ ելույթավճար, քանի որ կամերային թատրոն է»:

Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի խոսքերով. «2010-ին պլանավորված է 75 ներկայացում, մինչ այժմ ամեն ամիս խաղացել ենք 4-5-ը: Քիչ թվով ներկայացումները պայմանավորված են մեր թատրոնում մեկը մյուսի ետեւից հրավիրյալ բեմադրիչների կողմից իրականացվող պրեմիերաներով: Ունենք հաստիքային շուրջ 60 դերասան, որոնք այս կամ այն չափով ներգրավված են խաղացանկի շուրջ 20 ներկայացման մեջ: Որակավորման գործընթաց չենք կարող անցկացնել, քանի որ թատրոնը ներկայումս չունի գեղարվեստական ղեկավար: Ինչ վերաբերում է ելույթավճարին, այն մեր թատրոնում գործում է»:

Միայն Ազգային օպերայի եւ բալետի եւ Կոմեդիայի թատրոնների տնօրենները փաստեցին, որ իրենց մոտ երգչախմբում, նվագախմբում եւ բալետային խմբում անցկացվել են որակավորման գործընթացներ: Կոմեդիայի թատրոնում արտիստներին տրվում է ելույթավճար, տնօրեն Կարո Շահբազյանն ասաց, որ խաղացանկի շուրջ 30 ներկայացման մեջ կան դերասաններ, որոնք զբաղված են խաղացանկի 70 տոկոսում. «Իհարկե, ունենք դերասանուհի, որը զբաղված է ընդամենը երկու ներկայացման մեջ, դա հանրահայտ Սվետլանա Գրիգորյանն է»: Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը նշեց, որ շուրջ 60 մեներգչի ունկնդրումը կկայանա հունիսին, նրանք տարբեր չափով զբաղված են խաղացանկի 10 ներկայացումներում, իսկ ավելորդ գումար ելույթավճարի համար՝ առայժմ չունեն. «Մեր աշխատած գումարներով ենք լրացնում թատրոնի բյուջեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել