Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԵՏՈ ԿԱՐՈՂ Է ՆԱԽԱԳԱ՞Հ ԴԱՌՆԱԼ

Մայիս 26,2010 00:00

Վրաստանում առաջիկա կիրակի օրը տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք համարվում են գլխավոր փորձ՝ 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններից առաջ։ «Ազատություն» ռ/կ-ն, վկայակոչելով վերլուծաբաններին, փոխանցում է, թե վերջիններիս ենթադրությամբ մայիսի 30-ի ընտրություններում անվերապահորեն աջակցելով Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Գիգի Ուգուլավային՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սկսել է իրականացնել «Ժառանգորդ» քաղաքական օպերացիան, որի նպատակն է հետագայում ապահովել Ուգուլավայի՝ երկրի նախագահ ընտրվելն ու նրա օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցնելը։

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքար է մղում 9 թեկնածու։ Հարցախույզի արդյունքները վկայում են, որ գործող քաղաքապետ, «Ազգային միացյալ շարժում» իշխող կուսակցության աջակցությունը վայելող Գիգի Ուգուլավային սատարում է թբիլիսցի ընտրողների մոտ 57 տոկոսը։ «Նախընտրական արշավը մտավ վճռական փուլ, մենք՝ որպես ամենակազմակերպված, առաջատար քաղաքական կառույց, հատուկ պատասխանատվություն ենք կրում, մենք պարտավոր ենք ավարտին հասցնել բարեփոխումների ծրագիրը եւ ի հեճուկս Վրաստանը քայքայելու նպատակներ հետապնդող մի պետության՝ ընտրությունները կանցկացնենք շատ կազմակերպված»,- ասել է Սահակաշվիլին՝ Վրաստանի նկատմամբ թշնամական մտադրություն ունեցող պետության մասին ակնարկը ակնհայտորեն հասցեագրելով Ռուսաստանին։

Վերլուծաբանները նշում են, որ Սահակաշվիլիի քաղաքական մտերիմ դաշնակից Գիգի Ուգուլավան պնդում է, թե բնավ չունի նախագահական նկրտումներ, սակայն, վերլուծաբանների կարծիքով՝ նա, ամենայն հավանականությամբ, 2013 թվականին կփոխի իր այդ դիրքորոշումը։ Այդ տարի սպառվելու է նախագահ Սահակաշվիլիի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, երրորդը օրենքով բացառվում է։ Սահակաշվիլին կարող է գնալ Վլադիմիր Պուտինի ճանապարհով եւ ստանձնել կառավարության ղեկը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել