Երեքշաբթի օրը, Թուրքիայի հարավում գտնվող Անթալիա քաղաքում, ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, որի արդյունքում 18 մարդ է զոհվել, այդ թվում՝ 17 ռուսաստանցի զբոսաշրջիկ ու ավտոբուսի՝ ազգությամբ թուրք վարորդը: BBC-ի տեղեկություններով, ավտոբուսում գտնվել է ավելի քան 40 զբոսաշրջիկ՝ բոլորն էլ ՌԴ քաղաքացիներ: Նրանց մի մասը գտնվում է ծանր վիճակում: Տուժած ռուսաստանցիներին օգնելու եւ տեղափոխելու համար Թուրքիա է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ինքնաթիռը: Ավտոբուսը, որը Անթալիայից էքսկուրսիայի է ուղեւորվել երկրի կենտրոնական հատվածում գտնվող Պամուկկալե քաղաք, 15 մետր բարձրությունից ընկել է գետը: Թուրքական ոստիկանության մատուցմամբ, վթարի մեղավորը ավտոբուսի վարորդն է եղել, որը ղեկին քնել է: Զոհվածների եւ տուժածների ինքնության հաստատման գործընթաց է սկսվել: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՌԴ ՆԳՆ-ին եւ Արտակարգ իրավիճակների ծառայությանը, նաեւ առողջապահության նախարարությանը հանձնարարել է ըստ ամենայնի աջակցել զոհվածների հարազատներին, իսկ գլխավոր դատախազությանը՝ միանալ թուրքական քննչական մարմիններին՝ պատահարի բոլոր հանգամանքները համատեղ հետաքննելու նպատակով:
Այս տարվա ընթացքում սա ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի ենթարկվելու արդեն երկրորդ դեպքն է, որի արդյունքում զոհվածների թիվը գերազանցում է նախորդ համանման պատահարի հետեւանքով զոհվածների թիվը: