Բաց նամակ ՀՀ նախագահին, վարչապետին եւ ԿԳ նախարարին
Երբ 1990-ական թթ. սկզբին Հայաստանում սկսվեց «կապիտալիզմի կառուցումը» (առաջին նախագահի արտահայտությունը), պարզվեց, որ դրա համար պետք է մի 50-60 տարի հետ գնալ, որ մեզ պետք չէ արդյունաբերությունը (ասաց վարչապետներից մեկը) եւ շատ ուրիշ բաներ։ Բայց առանց արդյունաբերության, կապիտալիզմ կառուցելու համար պետք է զարգացած բանկային համակարգ ունենալ։ Եվ սկսվեց արդյունաբերության քանդում, վաճառում, բանկերի ստեղծում։ Հետեւանքում՝ աշխատող ինժեներատեխնիկական կադրերը նետվեցին փողոց։ Դրանց մի մասը տեղափոխվեց արտասահման, ոմանք զբաղվեցին առեւտրով, շատերը դարձան գործազուրկ, իսկ համեմատաբար մեծահասակները դուրս գրվեցին։ Հետեւապես Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, նախկինում ինժեներական կադրերի դարբնոցը, եւս պետք չէր։ Նույն բախտին արժանացան տեխնիկումներն ու բանվորական դպրոցները։ Շուտով Երեւանի բոլոր ինստիտուտները (բացի Ֆիզկուլտուրայինից) ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով, ինչ-որ մեկի լուռ համաձայնությամբ վերածվեցին համալսարանների։
Գյուղատնտեսությունը մեզ պետք է, իսկ գյուղատնտեսական ինստիտուտը, որը բաց էր թողնում պրակտիկ ագրոնոմներ, միանգամից դարձավ ակադեմիա։ Բայց հետո դա էլ վերածվեց համալսարանի։ Դա նշանակում է՝ կար կարծիք, որ մեզ մոտ էլ չպետք է զարգանան արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, քանի որ բոլոր նորաստեղծ համալսարանները բաց են թողնում 4 տարում՝ բակալավր (թերի կամ կրտսեր գիտաշխատող), 6 տարում՝ մագիստրոս (գիտաշխատող)։
Սակայն պարզվեց, որ հանրապետությունում գործում ու զարգանում են լեռնահանքային, սննդի արդյունաբերությունները, էներգետիկան, շինարարությունը։ Գյուղատնտեսությունը գործում է, բայց չի զարգանում, շատ պատճառների հետ՝ նաեւ պրակտիկ ագրոնոմների պակասի հետեւանքով։ Հարց կարող է ծագել, ո՞ր գյուղացին չի կարող ագրոնոմ պահել։ Այո, այսօր միայնակ գյուղացին շատ հարցեր չի կարողանում լուծել։ Ուրեմն պետք է ստեղծվեն խոշոր ֆերմերային կամ կոոպերատիվ տնտեսություններ։
Խոսք է գնում Հայաստանի քիմիական արդյունաբերության վերականգնման մասին։ Անընդհատ ելույթներ են հնչում արդյունաբերության գիտատար ճյուղի, նանո- տեխնոլոգիաների զարգացման մասին։ Նշանակում է՝ շուտով կզգացվի ինժեներատեխնիկական կադրերի զգալի պահանջ։ Ինչո՞վ ապահովել, եթե այդ կադրերը չեն ստեղծվում։ Արտասահմանի՞ց հրավիրել, թե՞ օգտագործել տեղի թերի մասնագետներին։ Այսպիսով՝ հանրապետության ապագան կախված է նրա ունեցած կադրերից: ԽԸԺՀյ ՀժՄԸՇՁ Թհժ՝ ասում էր ժամանակի «ամենա-ամենա» առաջնորդը։
Հետեւապես չի կարելի թույլ տալ, որ ամեն ամբիցիա ունեցող մեկը ինչպես ուզենա վարվի մեր կրթական համակարգի հետ, խաղալով նորարարի դեր, մեր ունեցած լավը փոխարինելով օտարի վատով։ Այս 20 տարում մենք ամեն կերպ, բարբարոսաբար ավերեցինք մեր միջնակարգ կրթության համակարգը, որով սովորած մեր 6-րդ դասարանցին ավելի բարձր գիտելիքներ ուներ, քան ամերիկացի 10-րդ դասարանցին։ Նախկին բուհական համակարգով ավարտած մեր մասնագետները մի գլուխ բարձր էին արտասահմանյան նույն մասնագետներից, ընդ որում՝ վերջիններս ստանում են շատ նեղ մասնագիտացում։
Ինչո՞ւ դպրոցներում ուսուցումը երկարացվեց 12 տարի, մասնագետների գերարտադրության պատճառո՞վ, թե՝ դա կախված է բանակ զորակոչման հետ։ Երկրորդ դեպքում դա ուրիշ կարգի հարց է, իսկ կադրերի պատրաստումը կարող է սահմանափակվել միայն ֆինանսական կամ այլ հնարավորություններով։
Հայաստանը պետք է արտահանի ոչ միայն հումք՝ ոսկի, արծաթ, պղինձ, մոլիբդեն, ջուր, քար, այլ եւ ուղեղներ (գիտություն) եւ մասնագետներ։ Դրա համար պետությունը պետք է դրանց կարիքն ունեցող երկրների հետ կնքի պայմանագիր եւ նույնպիսի պայմանագրով կադրին գործուղի արտասահման, ապահովելով վերադարձը հայրենիք, ինչպես արվում էր «սովետների» ժամանակ։ Սրանով եւ մասնագետը կունենա աշխատանք ու նորմալ վարձատրություն, եւ պետական բյուջեն կունենա լրացուցիչ մուտք: Այսպիսով, ելնելով հանրապետության ապագայից, նախ եւ առաջ պետք է վերականգնվեն պոլիտեխնիկական եւ գյուղատնտեսական ինստիտուտները։
Մանկավարժականի հարցը նույնպես հրատապ է, քանի որ պետք են ոչ թե գիտնական, այլ պրակտիկ մանկավարժներ։ Պետք է վերականգնվեն նախկին ավանդույթները, կնքվեն պայմանագրեր տարբեր երկրների հետ՝ ուսանողներին արտադրական պրակտիկա ուղարկելու համար։ Այսօրվա բակալավրերը դասախոսություններից եւ գրքերից բացի՝ ոչինչ չեն տեսել, իսկ առանց արտադրական պրակտիկայի՝ լավ մասնագետներ չի ստացվի։