«Ընտրական» խառնաշփոթ՝ Պ. Ղեւոնդյանի անվան դպրոցում
«Առավոտում» (16.04. 2010) անդրադարձել էինք Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Պ. Ղեւոնդյանի անվան դպրոցի տնօրենի ընտրությանը: Մրցույթը կազմակերպվել էր 2009թ. դեկտեմբերի 1-ին, անցկացվել հին կարգի համաձայն, ըստ որի՝ ընտրված թեկնածուի հետ աշխատանքային պայմանագիր պիտի կնքի մարզպետը, ինչը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը դեռ չի արել: «Առավոտի» հրապարակմանն արձագանքեց մարզպետը՝ նշելով, որ խորհուրդը մրցույթն անցկացրել է մի շարք խախտումներով:
Այս կապակցությամբ օրերս խմբագրություն այցելեց դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Խաչատրյանը: Նա տարբեր փաստաթղթեր ներկայացնելով՝ փորձեց ապացուցել, որ խորհուրդը տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթն անցկացրել է օրենքի սահմաններում: Կոտայքի մարզպետն իր «արձագանքում» նշում է, որ իրենք դիմել են ԿԳՆ-ին, որն էլ Կոտայքի մարզպետարանին առաջարկել է ձեռնպահ մնալ դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ անցկացնելու գործընթացից, մինչեւ ՀՀ պետական հանրակրթական հաստատության տնօրենի բաց մրցույթի ընտրության (նշանակման) նոր կարգի հաստատումը: Մինչդեռ Ա. Խաչատրյանը ներկայացրեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի՝ իր նամակին ուղղված 13.10.2009թ. պատասխանը, որտեղ փոխնախարարը նշում է, որ խորհուրդը կարող է մրցույթ հայտարարել հին կարգով կամ ձեռնպահ մնալ՝ մինչեւ նոր կարգի հաստատումը: Ուստի, ըստ Ա. Խաչատրյանի՝ իրենք որոշել են մրցույթ անցկացնել: Նա մանրամասնեց. «Նոյեմբերի 20-ին մրցույթը տեղի չունեցավ, քանի որ մարզպետը չհրավիրեց ԿԳՆ մասնագետին, առանց որի՝ չի թույլատրվում մրցույթ անցկացնել: Նոր ժամկետ նշանակվեց նոյեմբերի 24-ը, մարզպետը դարձյալ չհրավիրեց մասնագետ, ինչի պատճառով մրցույթը հետաձգվեց դեկտեմբերի 1-ին: 3-րդ անգամ դիմեցի մարզպետին, որ մասնագետ ուղարկի, սակայն մարզպետը դարձյալ դրսեւորեց անգործություն, իսկ նախարարը մասնագետ ուղարկեց եւ 01.12.2009-ին մրցույթը կայացավ: Երկու հավակնորդներից տնօրեն ընտրվեց հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մարիամ Պետրոսյանը»:
Ա. Խաչատրյանն անդրադարձավ մարզպետի այն դիտարկմանը, թե «Կարգի» 10.1 կետի համաձայն՝ ԿԳՆ մասնագետին հրավիրելը վերապահված է տարածքային կառավարման մարմնին, ինչը խորհուրդն է արել: Ա. Խաչատրյանը պարզաբանեց. «Դպրոցի խորհուրդը խախտում չի արել՝ միաժամանակ դիմել է եւ մարզպետին, եւ նախարարին, խնդրելով ապահովել մասնագետով: Նախարարությունն էլ ուղարկել է մասնագետ: Իսկ մրցույթի ամբողջ ընթացքում մարզպետը չի թույլատրել խորհրդի երկու անդամներին մասնակցել, որպեսզի քվորումը չապահովվի: Մարզպետը, չկարողանալով կանխել մրցույթը, դիմել է ԿԳ նախարարին՝ նշելով, որ մրցույթը խախտումներով է անցել»: Ա. Խաչատրյանի փոխանցմամբ՝ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը (նախագահ՝ ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյան) հինգուկես ժամ ստուգումներ է իրականացրել դպրոցում. «Զգացվում էր, որ նախագահը հանձնարարություն էր կատարում: Լուրջ թերություն չգտնելով՝ նա կանգ առավ «Կարգի» 6-րդ կետի «գ» ենթակետի վրա, որում նշված է, որ հավակնորդի չներկայանալու դեպքում խորհուրդը կարող է շարունակել մրցույթը կամ հետաձգել մեկ անգամ՝ երեք օրով: Նախագահը պնդեց, որ այդ կետը վերաբերում է նաեւ ԿԳՆ ներկայացուցչի չներկայանալուն, ուստի մրցույթը պիտի հետաձգվեր մեկ անգամից ոչ ավելի, բայց հետաձգվել է 2 անգամ՝ խախտելով կարգը: Հենց այս հիմքով էլ մարզպետը պայմանագիր չկնքեց տնօրենի հետ: Դիմեցի Հանրային խորհրդին, որն արձանագրեց, թե խախտում տեղի չի ունեցել, ԿԳՆ պատասխանում եւս նշված է, որ «Կարգի» խախտում տեղի չի ունեցել: Դիմել ենք վարչական դատարան, սակայն այն հայտը չի ընդունում՝ պատճառաբանելով, թե հանձնաժողովի եզրակացությունը ընդամենը կարծիք է, ոչ թե իրավական ակտ»: Խորհուրդը դիմել է նաեւ ՀՀ վարչապետին: Կատարվածը Ա. Խաչատրյանն այսպես է մեկնաբանում. «Նախարարը չի ցանկացել իր կուսակից մարզպետին դեմ դուրս գալ… Ընտրվել է հայոց լեզվի եւ գրականության 20-ից ավելի տարվա մանկավարժական փորձ ունեցող ուսուցչուհին, իսկ մարզպետը տնօրենի պաշտոնակատար է նշանակել 5 տարվա մանկավարժական ստաժով՝ ֆիզկուլտինստիտուտի շրջանավարտի, այնինչ, ըստ «Հանրակրթության մասին» նոր օրենքի՝ դպրոցի տնօրենի հավակնորդ կարող է լինել վերջին 10 տարվա ընթացքում 7 տարվա մանկավարժական փորձ ունեցող անձը: Նա դեռ 2012թ. հունվարի 24-ից հետո նոր պիտի դիմի հավակնորդի իրավունք ձեռք բերելու համար»: