Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն 35 տարեկան է…

Մայիս 26,2010 00:00

Վերջապես անձնագիր կտա՞ն

\"\"2009 թվականի մայիսի 20-ին՝ «Մարդը կյանքի լուսանցքում» հրապարակմամբ անդրադարձել ենք Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ Արտակ Ոսկանյանի խնդրին: Արտակի միակ փաստաթուղթը գոյություն չունեցող երկրի՝ ԽՍՀՄ կարմիր անձնագիրն է: Խաշթառակում Արտակ Ոսկանյանը ավարտել է 7-րդ դասարանը, հետո մեկնել Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում բնակվող ծնողների մոտ: 1991 թվականին վերադառնալով Հայաստան՝ դեկտեմբերի 23-ին Իջեւանի ՆԳ բաժնից ստացել է խորհրդային նմուշի XII-CL սերիայի թիվ 604479 անձնագիրը: Նույն թվի դեկտեմբերի 23-ից մինչ օրս հաշվառված է Խաշթառակ գյուղում: 1992թ. նոյեմբերի 11-ին սրտի հիվանդությունից 35 տարեկան հասակում մահացել է Արտակի մայրը՝ Սեդա Սարհատյանը: 2000 թվականին մահացել է Արտակի հայրը՝ Դմիտրի Ոսկանյանը: 25 տարեկանում Արտակն առանց ծնողների է մնացել: Արտակի խոսքերով՝ 19 տարեկանում կամավոր ներկայացել է Իջեւանի զինկոմիսարիատ, որպեսզի իրեն զինվորական հաշվառման վերցնեն: Ինչը, սակայն, չի արվել: Երբ հանրապետությունում սկսել են նոր՝ ՀՀ քաղաքացու անձնագրեր հանձնել, նա կրկին գնացել է Իջեւանի զինկոմիսարիատ եւ ՆԳ Իջեւանի բաժին՝ հայկական անձնագիր ստանալու համար: Սակայն այն պատճառաբանությամբ, որ Արտակը Իջեւանի զինկոմիսարիատում հաշվառում չունի, մերժել են նրան հայկական անձնագիր տրամադրել: Արտակ Ոսկանյանն ասում է, որ Խաշթառակ համայնքի բոլոր ղեկավարներն էլ տեղյակ էին իր խնդրին: Անցած 18 տարում նա Իջեւանի տարածաշրջանից չի բացակայել, ժամկետային զինվորական ծառայությունից չի խուսափել, այդ պատճառով հետախուզման մեջ չի գտնվել: Արտակ Ոսկանյանը բազմաթիվ դիմումներ է գրել տարբեր պաշտոնյաների (այդ թվում՝ ՀՀ նախագահին եւ վարչապետին): Նրան պատասխանել են, որ իր զինվորական հաշվառման հարցը պետք է լուծվի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, այսինքն՝ նա ժամկետային ծառայությունից խուսափողների պես, պետք է իր գործերը ներկայացներ միջգերատեսչական հանձնաժողով եւ բավական մեծ գումար մուծեր. ամեն բաց թողած զորակոչի համար՝ 100 հազար դրամ: Արտակի դեպքում այդ գումարը կազմում է 1 միլիոն 800 հազար դրամ: Սակայն նա զորակոչից չի խուսափել: Այդ օրենքը վերաբերում է մինչեւ 35 տարեկաններին: Իսկ այս տարվա ապրիլի 13-ին Արտակ Ոսկանյանը դարձել է 35 տարեկան: Մայիսի 8-ին ծնվել է Արտակի երկրորդ տղան:

Արտակը չգիտի՝ երկրորդ զավակի հայրությունն առանց իր անձնագրի կճանաչե՞ն: Նա ներկայումս անգործ է, պարտքեր ունի, անձնագիր չունենալու պատճառով չի կարողանում աշխատանք գտնել: Նույն՝ անձնագրի բացակայության պատճառով չի կարողանում առողջական խնդիրները լուծել, բուժվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել