Կապանցիները հայտարարում են, որ խափանելու են ուրանի հանքերի շահագործման ծրագիրը, որը, ըստ նրանց, Ռուսաստանի պարտադրանքն է:
Սյունիքում ուրանի պաշարների ուսումնասիրության ծրագիրը դարձել է Հայաստանի հարավային այս մարզի թիվ մեկ մտահոգիչ խնդիրը: Սյունեցիների կարծիքները, շահագրգիռ կազմակերպությունների պարզաբանումները եւ Սյունիքի համար ծրագրի ազդեցությունը քննարկելու նպատակով Կապանի «Օրհուս» կենտրոնում մայիսի 24-ին քննարկում էր կազմակերպել Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանի գրասենյակը:
Քննարկման ժամանակ կարեւոր բացահայտումներ եղան: Պարզվեց, որ ՀՀ կառավարությունը, դեռեւս 2008 թվականի մարտին հիմք ընդունելով 2008 թվականի փետրվարի 6-ին ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջեւ ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ հռչակագիրը, որոշել է Սյունիքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզում իրականացնելու նկատակով հիմնադրել նոր ընկերություն՝ բանակցելով եւ համագործակցելով Ռուսաստանի հետ: Միայն մեկ տարի անց՝ 2009-ի օգոստոսի 4-ին է Կապանում այս ծրագրի հասարակական լսումներ կազմակերպվել:
ՀՀ կառավարությունը մի կողմից՝ ուշացումով է կազմակերպել հասարակական լսումներ, մյուս կողմից՝ կեղծվել է ուշացած լսումների արձանագրությունը: Հայտարարվել է, թե իբր Սյունիքում եւ մասնավորաբար Կապանի տարածաշրջանում մեծ խանդավառությամբ են ընդունել ուրանի հնարավոր շահագործման ծրագիրը՝ ոգեւորվել են նոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարով եւ դեմ չեն եղել: Սակայն մայիսի 24-ի քննարկման մասնակիցները, որ ներկա են եղել նաեւ անցած տարվա օգոստոսյան քննարկմանը, հայտարարեցին, որ ոչ մի ոգեւորություն էլ չի եղել, բոլորը դեմ են եղել: «Մեր տարածաշրջանը առանց ուրանի հանքերի շահագործման էլ բնապահպանական բազում խնդիրներ ունի: Մեզ փորձում են համոզել, որ ուրանի հանքերի շահագործումը վտանգավոր չէ, բայց դա այդպես չէ: Ես, բացի բնապահպան լինելուց, նաեւ լեռնագործ եմ ու գիտեմ, որ հորատանցքեր անելիս դրանք հասնում են ստորգետնյա ջրերի շերտերին: Այդ ռադիոակտիվացած ջրերը լցվելու են Ողջի գետի ավազանը ու մինչեւ Արաքս ապականելու են մեր տարածքը: Եթե ուրանը շահագործվի՝ այստեղ մարդ չի ապրի: Ոչ ոք չի ցանկանա, որ իր երեխաներն ու թոռները վտանգի գոտում լինեն: Առանց այն էլ մեր տարածաշրջանում սրտանոթային եւ ուռուցքային հիվանդությունները շատ են: Պետք է այնպես անել, որ ուրանի հանքը չշահագործվի: Սա ոչ միայն Սյունիքի, այլեւ ողջ Հայաստանի խնդիրն է: Սյունիքը Հայաստանի ողնաշարն է եւ հարավային դարպասը, այս կարեւորագույն փաստը պետք է հաշվի առնվի»,- ասաց «Խուստուփ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը:
Քննարկման մասնակիցների կարծիքով, ժամանակն է՝ քննարկումներից անցնել գործնական քայլերի: Բոլորն էլ պատրաստակամություն հայտնեցին միասնական պայքարել ոչ թե հանքի շահագործման, այլ՝ հետախուզական աշխատանքների դեմ: «Մինչեւ ծրագրի իրականացումը՝ մեր կարծիքը հաշվի չի առնվել: Տարածաշրջանի բնակիչների կարծիքն անտեսվել է, քննարկումներ չեն եղել: ՀՀ կառավարությունը որոշում կայացնելուց հետո՝ մեկ տարի անց, ինչ-որ «թատերական» լսումներ է կազմակերպել: Մենք այս հողի համար պատերազմել ենք թշնամու դեմ: «Ազատամարտ» կոմիտեն շուրջ 218 զոհված եւ 292 վիրավոր ազատամարտիկի ընտանիքի է միավորում: Մեր ընկերներից շատերը այս հողի համար ընկել են: Սա մեզ համար նույնն է՝ ինչ պատերազմը: Մեզ ուզում են համոզել, թե ժամանակակից տեխնոլոգիաներով կարելի է ուրանի հանքերը անվտանգ շահագործել: Այս հայտարարությունը մեզ համար հիմք չէ, քանի որ շահագրգիռ անձինք են այդ ամենը ասում: Մենք չենք թողնի, որ մոտ գան մեր տարածքներին»,- հայտարարեց «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը:
Կապանի քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանն էլ իր հերթին ասաց, որ Կապանի քաղաքապետարանը դեմ է այս ծրագրին: Շատ ավելի ուշագրավ էր Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանի խոսքը: Ըստ նրա, խնդիրը քաղաքական ակունքներ ունի՝ միջազգային շուկաներում էներգակիրների գների թանկացման ֆոնին գերտերություններն իրենց ազդեցության տակ գտնվող երկրներում սկսել են ուրանի հանքերի պաշարների հետախուզական աշխատանքներ: «Իմ կարծիքով, ՀՀ տարածքում ուրանի հանքերի շահագործումը ավելի շատ Ռուսաստանի Դաշնության քաղաքականացված հրամանն է, քան Հայաստանի Հանրապետության իշխանությունների նախաձեռնությունը»,- նշում է Արմեն Փարսադանյանը:
Լեռնաձոր համայնքի ղեկավար Ստեփան Պետրոսյանը ավելի շատ վրդովված է այն փաստից, որ կեղծվել է հանրային լսումների արդյունքը եւ հայտարարվել, թե Լեռնաձոր գյուղը ողջունում է ուրանի հանքերի շահագործումը: «Մենք երբեք դեմ չենք եղել պետական ծրագրերին, բայց խիստ անորոշ վիճակում ենք, հստակ ոչինչ չեն ասում: Մի կողմից գումարներ են հատկացնում տներ կառուցելու համար, մյուս կողմից… Մարդիկ չգիտեն՝ շարունակեն տներ կառուցել, թե ոչ: Կարծում են, թե տեղափոխելու են բնակչությանը: Լեռնաձորցիները չեն ուզում հեռանալ գյուղից»,- հայտարարեց Լեռնաձորի գյուղապետը:
Լեռնաձորն այսօր 736 բնակիչ ունի, գյուղի դպրոցը՝ 52 աշակերտ: Լեռնաձորում 33 ընտանիք պետության տրամադրած միջոցներով տուն է կառուցել: Խորհրդային տարիներին էլ են այստեղ ուրան փնտրել: Լեռնաձորի կազմում գտնվող Կաթնառատ եւ Փուխրուտ գյուղերի բնակիչները տները լքել- հեռացել են: Լեռնաձորցիները մնացել են:
Լեռնաձորցի 70-ամյա Գեորգի Գեւորգյանը 40 տարուց ավելի ապրում է այս գյուղում: Տուն է կառուցել, ընտանիք կազմել եւ ասաց՝ ինչ էլ լինի՝ չի հեռանա գյուղից: 75-ամյա Ալյոշա Հակոբյանի վեց շնչից բաղկացած ընտանիքն էլ է այստեղ ապրում: Ալյոշա պապը ժամանակին աշխղեկ է եղել եւ ասում է, որ Կապան-Մեղրի ճանապարհի հիմնադիրներից է ու վստահեցնում է, որ ուրանի հանքերի շահագործման դեպքում այդ ճանապարհը կփակվի, քանի որ ուրանի պաշարների մի մասը ճանապարհի տակ է, մյուս մասը՝ ճանապարհից մոտ 200 մետր հեռու: «Նախքան հանքը բացելը՝ պետք է բնակիչներին տեղափոխեն: Ոչ ոք չի ցանկանա այդ ճառագայթման տակ ապրել: Առանց այն էլ Քաջարանի կոմբինատի ազդեցությունը խիստ բացասաբար է անդրադառնում մեզ վրա: Բայց ոչ ոք չի ցանկանա լքել գյուղը»,- ասում է Ալյոշա պապը:
Լեռնաձորցի Մարուսյա Ղուկասյանն էլ զարմացած է ուրանի հանքերի շահագործման ծրագրի հեղինակների, իր խոսքով, անկուշտ ախորժակից: «Անընդհատ մտածում են՝ հարստանանք, հարստանանք: Բա էս ժողովուրդը ի՞նչ անի: Ո՞ւր գնանք: Երեխաներ ու թոռներ ունենք, ուրիշ ապրելու տեղ չունենք: Եթե հանքերը շահագործեն՝ պիտի մեզ տեղափոխեն, բայց մենք չենք ուզում տեղափոխվել, լքել գյուղը: Մարդիկ կան՝ միլիոններ են ծախսել ու տուն կառուցել, ո՞վ է այդքան փող տալու նրանց, ո՞վ է փոխհատուցելու: Ես չեմ ուզում լքել իմ գյուղը: Այգի եմ տնկել, հող մշակել: Անասուն պահելով ու այգի մշակելով՝ մեր ապրուստը հոգում ենք, ոչ մեկին չենք խանգարում, վնաս չենք տալիս, ի՞նչ են ուզում մեզանից»,- վրդովված ասում է Մարուսյա տատը:
Ուրանի պաշարների հարցը մեծ հնչեղություն է ստացել եւ օրեցօր այս ծրագրի դեմ ավելի ու ավելի հզոր ալիքներ ու շարժումներ են բարձրանում: Կապանցիները նահանջելու մասին արդեն չեն էլ մտածում: