Արդեն 5 տարի է՝ ինչ «Բարեկամության կամուրջ» միջազգային համագործակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը քաղցկեղից բուժվող երեխաների համար տարատեսակ ծրագրեր է իրականացնում եւ միջոցառումներ կազմակերպում: Հերթականը երեկ էր՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Այս բուժհաստատությունում բուժվող երեխաներին հյուր էին եկել ուրախ ու զվարճալի ծաղրածուն, «Մադագասկար» մուլտֆիլմի հերոսներ առյուծը, զեբրը, գետաձին եւ ընձուղտը: Իսկապես տեսնելու բան էր, թե ինչպես էին երեխաները երգում ու պարում մուլտհերոսների հետ ու փորձում կրկնել ծաղրածուի աճպարարությունները: Զվարճություններից ու «չարաճճիություններից» հետո երեխաներն ու նրանց հյուրերը միասին թռչնի բներ գունազարդեցին, որոնք տեղադրվելու են Երեւանի այգիներում: Քաղցկեղից բուժվող երեխաներն արդեն հասցրել են թռչնի բներ գունազարդել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Ըստ «Բարեկամության կամուրջ» միջազգային համագործակցության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Չախալյանի, երեխաների համար ծրագրեր իրականացնելը Աստվածահաճո գործ է: «Այս միջոցառումները օգնում են երեխաների առօրյան դարձնել ավելի գունեղ ու հիշարժան: Վստահ եմ, որ քաղցկեղով հիվանդ երեխաների եւ նրանց ծնողների համար սա եւս մեկ առիթ է համոզվելու, որ մենք նրանց մենակ չենք թողել եւ չենք թողնի: Բացի սրանից, երեխաները դրական լիցքեր կստանան»,- ասաց Արսեն Չախալյանը:
«Բարեկամության կամուրջը» մտադիր է կազմակերպել նաեւ ուխտագնացություն Հայաստանի եկեղեցիներ: Կընտրվի յոթ եկեղեցի, ամեն մեկում ամեն երեխա կամ նրա ծնողը կվառի մեկական մոմ՝ հույսով եւ հավատով ու Աստծո օրհնությամբ մի օր կբուժվեն բոլոր երեխաները: