Անցած տարվա 46 մրցանակի փոխարեն՝ այս տարի լոռեցիները օլիմպիադայից վերադարձել են 51 մրցանակով:
Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցման հատուկ դպրոցի (Էվրիկա) 11-րդ դասարանի աշակերտ Էդվարդ Սարգսյանը չորրորդ անգամ է մասնակցելու դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադիային: 2008 թվականին նա միանգամից 2 մրցույթի է մասնակցել. Մոսկվայում՝ ԱՊՀ, եւ Մերձբալթյան երկրներում՝ երիտասարդների օլիմպիադաներում 3 առարկաներից (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն) երկրորդ տեղն է զբաղեցրել, իսկ Տաշքենդում Մենդելեեւյան միջազգային օլիմպիադայից առանց մրցանակի է վերադարձել: 2009-ին Լոնդոնում քիմիայի միջազգային օլիմպիադիայում տեղ գրավելու համար Էդվարդին միայն 2 միավոր չբավականացրեց: Այս տարի հուլիսին Էդվարդը կմասնակցի Ճապոնիայում կայանալիք քիմիա առարկայի միջազգային մրցույթին:
Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցման հատուկ դպրոցից եւս 3 սան կմասնակցի միջազգային մրցույթի: Տիգրան Հակոբյանը (մաթեմատիկա) կմեկնի Ղազախստան, Գոռ Ավոյանը (կենսաբանություն)՝ Կորեա, Էդվարդ Բաբայանը (ֆիզիկա)՝ Խորվաթիա: Վանաձորի բնագիտական առարկաների եւ մաթեմատիկայի խորացված հատուկ դպրոցը մեկն է ՀՀ-ի 6 դպրոցներից, որոնք մասնակցում են Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող ՀՀ նախագահի ամենամյա մրցույթին՝ կրթօջախը 3 մրցանակակիր ունի:
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի լոռեցի 86 մասնակիցներից 51-ը մրցանակով է վերադարձել, նրանցից 40-ը՝ Վանաձորի դպրոցների, իսկ 23-ը՝ Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցման հատուկ դպրոցի սաներն են, 7-ը Թումանյանի տարածաշրջանի դպրոցների աշակերտներն են՝ Ալավերդի քաղաքի թիվ 1, 2 եւ Օձուն գյուղի երկու միջնակարգ դպրոցների սաները: Մեկական մրցանակակիրներ կան Տաշիրից եւ Լեռնավանից:
51 մրցանակներից՝ 8 առաջին, 4 երկրորդ, եւ 13-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: 26 սան գովասանագրի է արժանացել:
Համեմատաբար թույլ են գտնվել Ստեփանավանի եւ Գուգարքի տարածաշրջանի դպրոցները, ոչ մի մրցանակ չի հաջողվել տուն բերել հայոց եկեղեցու պատմություն առարկայից: Աստղագիտությունից եւ ինֆորմատիկա առարկաներից ընդհանրապես մասնակից չի եղել: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության կրթության բաժնի պետ, դպրոցականների առարկայական օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Մայիս Խաչատրյանի կարծիքով, դա դպրոցների սխալ կոմպլեկտավորման եւ կրթության ցածր որակի արդյունքն է: «Ինչպես բոլոր բնագավառներում՝ դպրոցներում էլ պետք է մրցակցային դաշտ ստեղծել, որպեսզի նույն ուսուցիչը երկու տարբեր առարկա չպարապի, եւ զավեշտալին այն է, որ հեռավոր գյուղերում այդ ուսուցիչը նույնիսկ բարձրագույն կրթություն չունի, նույն դպրոցի շրջանավարտն է: Այս խնդրին բախվում ենք բոլոր հեռավոր գյուղերի դպրոցներում»,- ասաց Մայիս Խաչատրյանը: