Այգեշատ գյուղի դպրոցի տնօրենն այլեւս ուսուցիչ է
Դպրոցական «վերջին զանգը» վերջինը եղավ նաեւ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի դպրոցի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանի համար: «Վերջինզանգյան» դրամահավաքության պատճառով մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Գրիգորյանին ազատեց տնօրենի պաշտոնից: Գրիգորյանի հեղինակած դրամահավաքության մասին լուրը կայծակնային արագությամբ է հասել մարզպետարան: Ահազանգել էին շրջանավարտների ծնողները եւ պահանջել, որ մարզպետարանից ներկայացուցիչներ գան գյուղ ու անձամբ համոզվեն:
Ի տարբերություն այլ դեպքերի, երբ ահազանգերի հեղինակները թաքնվում կամ ինչ-ինչ պատճառներով վախենում ու չեն համարձակվում ներկայանալ, այս դեպքում ծնողների զայրույթը հզոր էր եղել ու բողոքն էլ բաց ու հրապարակային:
Ահազանգի հետքերով «դեպքի վայր» մեկնած Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանին ծնողներն անվանական ներկայացել եւ ասել էին, որ Այգեշատի դպրոցի տնօրեն Գրիգորյանն իրենց երեխաներից 15 000-ական դրամ է պահանջել, հետն էլ սպառնացել՝ չտալու դեպքում թույլ չտալ մասնակցել «վերջինզանգյան» արարողությանը: «3-4 օր այնտեղ եմ եղել. ծնողներին զսպել հնարավոր չէր, ասում էին, որ խնդրել են գումարն իջեցնել գոնե 10 000-ի, բայց տնօրենը չի համաձայնել. պահանջել է 15 000 ու վերջ: Եթե դրամահավաքությունը ծնողներն իրենք են նախաձեռնում, մենք ոչինչ անել չենք կարող: Բայց ի՞նչ է նշանակում, երբ դա տնօրենն է կազմակերպում: Երբ համոզվեցինք, որ փաստն առկա է, տնօրենին աշխատանքից հեռացնելու որոշում կայացրինք»,- ասաց մարզի կրթության վարչության պետը:
Ավարտական դասարանը, որից գումար էր պահանջել մասնագիտությամբ քիմիկոս տնօրենը, իր դստեր՝ անգլերեն լեզվի ուսուցչուհի Հասմիկ Եգորյանի դասղեկական դասարանն էր: Թեեւ դրամահավաքությանը ուսուցչուհի Եգորյանն այնքան էլ ակտիվ չի մասնակցել, բայց ամոթալի դեպքի բացահայտումից հետո պատրաստակամություն է հայտնել սեփական դիմումի համաձայն հեռանալ աշխատանքից: Մարզի կրթության վարչության պետն ասաց, որ Հասմիկ Եգորյանը կշարունակի դասավանդել՝ մարզպետարանը կբավարարվի նրան գրավոր նկատողություն տալով: Այլ է տնօրեն Գրիգորյանի հարցը: Թեեւ նրան զբաղեցրած պաշտոնից հեռացնելու որոշում է կայացվել, բայց, անսալով տնօրենի՝ հեռացնելու փոխարեն սեփական դիմումի համաձայն ազատվելու խնդրանքին, մարզպետն ընդառաջել է: «Նա ազատված է տնօրենի պաշտոնից, բայց կշարունակի քիմիա դասավանդել»,- «Առավոտին» ասաց Գայանե Սայադյանը:
Արմավիրի մարզպետարանի տարածած տեղեկության համաձայն, «վերջին զանգի» նախօրեին՝ մայիսի 20-ին մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դպրոցների տնօրեններին հիշեցրել է, որ «նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում բացառվելու են «վերջին զանգի» շքեղ միջոցառումները, դրանք կազմակերպվելու են վերջին դասի տեսքով, որը շրջանավարտներին եւ նրանց ծնողներին զերծ կպահի ավելորդ ծախսերից եւ դրամահավաքությունից»: Մարզպետը ասել է, որ եթե կլինեն ծնողներ, ովքեր չեն ցանկանա համեստ պայմաններում նշել իրենց երեխայի ավարտական միջոցառումը, ապա կարող են իրենց շքեղություն թույլ տալ միայն իրենց տանը, իրենց հարազատների միջավայրում, բայց՝ ոչ դպրոցում»:
Այգեշատում լուրեր են պտտվում, որ դրամահավաքության բարձրացրած աղմուկը լավ մշակված սցենար էր դպրոցի տնօրենի թափուր տեղ ունենալու համար: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ տեղն ազատել են ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի շրջապատից մեկի՝ «Ատաման» մականունով հայտնի Արմեն Հովսեփյանի զարմուհու համար: Կրթության վարչության պետը հերքեց տարածված լուրերը: Ասաց, եթե հարմար թեկնածու ունեք՝ առաջարկեք:
Նկատենք, որ դպրոցների տնօրենների ընտրության փոփոխված նոր կարգով այդ պաշտոնում կարող է ընտրվել միայն այն ուսուցիչը, ով վերապատրաստման կուրսեր է անցել եւ ստացել համապատասխան հավաստագիր: