Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔԿՀ աշխատողներին ազատազրկեցին

Մայիս 26,2010 00:00

«Փախուստ բանտից»-6

Անցյալ տարվա նոյեմբերին արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած՝ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի գործով քրեական գործ էր հարուցվել նաեւ տվյալ հիմնարկի աշխատակիցների՝ անվտանգության պետ Սեդրակ Արթինյանի, ցմահների բաժնի պետ Սերժիկ Թամրազյանի, հերթապահներ Աղասի Սմբատյանի, Արա Աթաբեկյանի, Վանիկ Հարությունյանի նկատմամբ: Նրանք մեղադրվում էին անփութության, ծառայողական պարտականությունների թերացման, անվտանգության կանոնների ապահովումը չկազմակերպելու համար:

Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը (լուսանկարում) հրապարակեց նրանց դատավճիռը:

Արա Աթաբեկյանը, Վանիկ Հարությունյանը, Աղասի Սմբատյանը, Սերժիկ Թամրազյանը դատապարտվեցին 2 տարի ժամկետով ազատազրկման: Նրանց պատժի սկիզբը հաշվվեց անցյալ տարվա դեկտեմբերի 1-ը:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության պետ Սեդրակ Արթինյանը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման: Նրա պատժի սկիզբը հաշվվեց անցյալ տարվա դեկտեմբերի 15-ը: Քրեական գործին կցված ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Արսեն Աֆրիկյանի անցյալ տարվա նոյեմբերի 9-ին թիվ 43-Լ հրամանը թողնվեց քրեական գործում:

Ս.Արթինյանի փաստաբանը դատավճռի հրապարակումից հետո ասաց, որ բողոքարկելու է այն վերաքննիչ քրեական դատարանում:

Ի դեպ, նրանք մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով: Քրեակատարողականի աշխատակիցները ուշադրություն էին հրավիրում այն փաստին, որ 2004թ. Գորիսից երբ նույն անձինք փախել էին, ՔԿՀ-ի աշխատակիցների վրա դրվել էր Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասը՝ պաշտոնեական անփութությունը: Այս հոդվածը նախատեսում է տուգանք կամ մինչեւ 2 ամիս կալանք: Մայրաքաղաքի քրեակատարողական հիմնարկից փախչելու համար մեղադրանք են առաջադրել 315 հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում էր մինչեւ 5 տարվա ազատազրկում: Պաշտոնական անփութություն, որն առաջացրել է ծանր հետեւանք կամ մարդու մահ: Ենոքյանն ու Քոչարյանը 21 օր գտնվել են ազատության մեջ եւ հանցագործություն չեն կատարել, չեն վնասել որեւէ մեկին. ծանր հետեւանքը չի հիմնավորվել: Ընդհակառակը, բռնվելու ժամանակ ԱԱԾ աշխատակիցները Ենոքյանին առանց խուզարկության տարել են ԱԱԾ, որտեղ էլ քննիչի սեղանին դրված սուր դանակով Ենոքյանը փորձել է ինքնասպան լինել՝ պարանոցը կտրելու միջոցով: Որքան մեզ հայտնի է, ԱԱԾ-ում կատարվածին իրավական գնահատական չի տրվել ու որեւէ մեկը կատարվածի համար պատասխանատվություն չի կրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31