Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԱԿՆԵՐՈՎ ԵՎ ՍԵՎ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԷԻՆ

Մայիս 26,2010 00:00

Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահի տան վրա հարձակման գործով հարցաքննվեց նրա որդին

\"\"

Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակման գործով մայիսի 24-ին հարցաքննվեց նրա որդին՝ Արտաշես Ավետիսյանը։ Վերջինս հայտարարեց, որ 2008թ. հոկտեմբերի լույս 27-ի գիշերը տեսել է իրենց առանձնատան բակ ներխուժող երկու անձանց։ Նա հաստատեց, որ առանձնատան բակից դուրս եկողները 5-ն են եղել։ Ընդ որում, հարձակվող անձանցից 4-ը դիմակներով եւ սեւ համազգեստով էին՝ դեղին տառերով «սպեցնազ» մակագրությամբ, առանց դիմակի մեկն էր, ում տուժողը հետագայում ճանաչել է ի դեմս գործով ամբաստանյալ Բագրատ Սողոմոնյանի։ Տուժողը հայտնեց, թե ինչպես կեսգիշերն անց իրենց առանձնատան բակ են ներխուժել անձինք, ինքը հասցրել է կատարվածի մասին հեռախոսով զգուշացնել անվտանգության ծառայության պետին, ապա ներխուժողների պահանջով բացել է երկրորդ հարկում գտնվող իր սենյակի դուռը, հարձակվողները շատ արհեստավարժ տապալել են իրեն գետնին, քունքին պահել ատրճանակը, խփել ծոծրակին, բայց ոչ ուժգին, այդ պատճառով գիտակցությունը չի կորցրել։ Տեսել է հարձակման ենթարկված, առանձնատան անվտանգությունը ապահովող Նորիկ Մովսիսյանին, ում գլխից արյուն էր հոսում։ Նրան եւ ընտանիքի անդամներին՝ տատիկին, պապիկին եւ իրեն կապկպել են կպչուն ժապավենով, սակայն ոչ շատ ձիգ, քանի որ իրենք հետագայում կարողացել են սեփական ուժերով ազատվել կապանքներից։

Կրտսեր Արտաշես Ավետիսյանը (Արմեն Ավետիսյանի հոր անունը նույնպես Արտաշես է) հայտնեց, որ իրենից պահանջում էին բացել ծնողների սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը, սակայն ինքը հրաժարվել է, պատճառաբանելով, որ կոդն իրեն անհայտ է։ Իսկ հարձակվողներն իրենք չեն փորձել բացել պահարանը, հավանաբար, վախենալով, որ սխալ կոդ հավաքելու դեպքում ազդանշանը կմիանա։ Նրանք, այդուհանդերձ, հավաքել են բնակարանում գտնվող ոսկե զարդերը, ինչպես նաեւ փաստաթղթեր եւ տարել իրենց հետ։ Տուժողի գնահատմամբ, հափշտակված ապրանքը կազմել է 45 մլն դրամ։ Տուժողը որոշ մանրամասներ հստակ չէր հիշում, ուստի դատարանի որոշմամբ հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները, որոնք նա կրկին հաստատեց։

Դատական նիստում հարցաքննվեցին նաեւ խմբի կողմից ավազակային հարձակման թիրախ դարձած, տուժողներ Յուրի Ղազարյանը եւ Աշոտ Կարապետյանը, երկուսի մասով, ըստ մեղադրական եզրակացության, ծրագրված էին հանցագործություններ, որոնք ավարտին չեն հասցվել։ Յուրի Ղազարյանը, ով իր անձնական հավաքածուում ունի 50 գեղանկարչական աշխատանք, ԱԱԾ աշխատակիցներից է իմացել, որ նախապատրաստվում է իր հավաքածուի կողոպուտ։ Նա հայտնեց, որ տասնյակ տարիներ ճանաչել է ամբաստանյալ Արա Կարապետյանին, անգամ հյուրընկալվել է ԱՄՆ-ում նրա տանը։ Ըստ տուժողի, իր համար անակնկալ է եղել գործի նյութերից տեղեկանալ, որ Արա Կարապետյանը հանցավոր խումբ էր կազմել, իր վկայությամբ՝ «հավատալը չէր գալիս»։

Իսկ տուժող Աշոտ Կարապետյանը դժվարացավ հայտնել, թե իր դեմ ինչ պատճառով կարող էր մահափորձ ծրագրվել։ Հիշեցնենք, ամբաստանյալ Արմեն Նիկողոսյանը Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, մեղադրանքով 2008թ. դատապարտվել էր երկու տարվա պայմանական ազատազրկման (նա էր ոստիկանության պաշտոնյան, ով մարտի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում նախապատրաստվող իրավապահ մարմինների օպերացիայի մասին զգուշացրել էր ցուցարարներին)։ Ըստ մեղադրական եզրակացության, դատապարտվելու հարցում մեղավոր անձ համարելով ՀՀ ոստիկանության համակարգի իր անմիջական ղեկավարին՝ Ոստիկանության Երեւանի Խորհրդային բաժնի պետ Աշոտ Կարապետյանին, նրա տեղակալ, ամբաստանյալ Ա. Նիկողոսյանը որոշել է վրեժխնդիր լինել եւ հանձնարարել է իրականացնել նրա սպանությունը։

Դատարանում հրապարակվեցին տուժողներ Համլետ Հարությունյանի, Սուսաննա Հարությունյանի դիմումները, ովքեր հայտնում էին, որ առողջական պատճառով չեն կարող ներկայանալ դատարան եւ խնդրում են հիմնվել իրենց նախաքննական ցուցմունքների վրա։ Արմեն Ավետիսյանի ծնողները՝ Արտաշես Ավետիսյանը եւ Քնարիկ Սահակյանը նույնպես նշել էին, որ անգամ դեպքից շատ չանցած շատ բան չէին հիշում՝ ապրած վախի պատճառով, իսկ հիմա, դեպքից բավականին ժամանակ անց, ավելի շատ մանրամասներ են մոռացել։ Ուստի նրանց ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը միջնորդեց հրապարակել տուժողների նախաքննական ցուցմունքները։ Այս հարցի վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի արդեն հաջորդ դատական նիստում՝ մայիսի 31-ին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել