Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՂԱԿԱՁԵ՞Վ, ԹԵ՞ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ԱՅԳԻ

Մայիս 26,2010 00:00

Երեւանի զբոսայգիների բարեկարգման եւ վերականգնման ծրագրի շրջանակներում Երիտասարդության կամ բոլորին հայտնի Օղակաձեւ այգում հիմնանորոգման աշխատանքներ են տարվում: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի այցից մի քանի օր անց այգում լայն թափով մեկնարկել են բարենորոգման աշխատանքները: Այդ տեղեկատվության համաձայն, «Այրարատ» կինոթատրոնից մինչեւ «Առագաստ» սրճարան՝ զբոսայգում տեղադրվել են լուսավորության նոր սյուներ, փոխվել են նստարանները, բացի այդ, սկսել են իրականացնել կանոնավոր աղբահանություն: Այդ մի քանի ձեւական փոփոխությունները, իհարկե, կատարվել են, սակայն դրանք ծառայելու են ոչ թե մեր, այլ՝ մասնավոր ընկերություններին: Գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը հավաստիացրել էր, որ զբոսայգում նորանոր սրճարաններ, ռեստորանային համալիրներ չեն հայտնվելու, որ այդ տարածքում նոր հողհատկացումներ չեն արվելու: Սակայն 25 հա տարածք զբաղեցնող զբոսայգում գործունեություն են ծավալում մոտ հարյուր մասնավոր ընկերություններ, որոնք խոչընդոտում են անցուդարձին: Քաղաքապետարանը հայտարարել էր, որ Խանջյան փողոցին հարող հատվածներում իրականացվելու են բարենորոգման աշխատանքներ: Տեղում լինելով՝ պարզ է դառնում, որ դրանք ոչ թե բարենորոգման, այլ շինարարական, կառուցապատման աշխատանքներ են: Խանջյան փողոցի թիվ 20 հասցեում կանոնավոր տեմպերով վեր են խոյանում երկու օբյեկտներ: Տեղում աշխատող բանվորների փոխանցմամբ՝ դրանք ծառայելու են որպես խաղասրահ, սրճարան եւ ռեստորանային համալիր: Շինարարության աշխղեկը հրաժարվեց տեղեկություններ տալ՝ վստահեցնելով, որ ինքը չգիտի, թե ինչի համար են ծառայելու կառուցվող օբյեկտները, իրենց պարտականությունն է շինարարություն իրականացնելը: Այդ շինհրապարակի կողքին եւս մի տարածք հատկացվել է մասնավոր ինչ-որ ընկերության: Այդտեղ նույնպես բացակայում էր ցուցանակը, որտեղ պիտի նշվեր տարածքի օգտագործման նպատակը եւ համապատասխան թույլտվությունը: Երբ փորձեցինք շինհրապարակում աշխատողից ճշտել՝ այգում սրճարա՞ն, ռեստորա՞ն, թե՞ բաղնիք է կառուցվում, նա ցույց տվեց, որ խուլ ու համր է եւ չի տիրապետում որեւէ տեղեկության:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել