Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրը, փաստորեն, թանկացրին

Մայիս 26,2010 00:00

Մեզ ասում են, որ ջրի սակագինը մնում է անփոփոխ, բայց հուլիսի 8-ից ջրի դիմաց շատ եք վճարելու

«Սպառողներին խմելու ջրի մատակարարման գործող գումարային սակագինը՝ 181 դրամ/խմ, մնում է անփոփոխ»: Երեկ «Երեւան ջուր» ընկերության ներկայացրած ջրի սակագների բարձրացման հայտի հետ կապված այսպիսի որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Սակայն սա չի նշանակում, թե մարդիկ նախկինի պես պետք է 1 խմ ջրի դիմաց վճարեն հենց 181 դրամ: Բանն այն է, որ հուլիսի 8-ից ջրամատակարարման եւ ջրահեռացման սակագինը Երեւանում դառնալու է 195 դրամ, բայց այդ թանկացած 14 դրամը վճարելու են ոչ թե սպառողները, այլ՝ Երեւանի քաղաքապետարանը, որը, չգիտես ինչու, որոշել է «Երեւան ջրի» մուրազը կատարել ու մեր բյուջեի հաշվին, որպես բնակչության սոցիալական աջակցության ծրագիր՝ սուբսիդավորել 340 մլն դրամ: Այսինքն, ստացվում է, որ հանձնաժողովը իբր թե ջրի սակագինը թողնում է անփոփոխ, բայց իրականում «Երեւան ջրի» հայտը բավարարվում է: Նշենք, որ ջրամատակարար ընկերությունը առաջարկում էր ջրի սակագինը բարձրացնել 14%-ով՝ փորձելով 181 դրամի փոխարեն 1 խմ ջրի համար բնակիչներից գանձել 207 դրամ, այլ կերպ ասած՝ ջուրը թանկացնել 25 դրամով: Սա բավականին ցինիկ առաջարկ էր, հատկապես հաշվի առնելով, որ «Երեւան ջուրը» հիմա ընդհանրապես սակագին բարձրացնելու իրավունք չուներ, քանի որ այդ ընկերության միակ բաժնետեր ֆրանսիական «Veolia Water»-ի եւ Ջրտնտպետկոմի միջեւ 2006թ. կնքված վարձակալության պայմանագրով հաստատված է, որ մինչեւ 2016թ.՝ աստիճանաբար ջրի սակագինն իջնելու է, իսկ բարձրացման մասին խոսք անգամ լինել չի կարող: Այս առնչությամբ, երբ սակագնի բարձրացման հայտը ներկայացնելուց հետո պարզաբանումներ խնդրեցինք «Երեւան ջրից», «Առավոտին» վստահեցրել էին, որ իրենք իսկապես իրավունք չունեն եւ չեն էլ ուզում բարձրացնել խմելու ջրի սակագները. «Դա թյուրըմբռնում է, թյուրընկալում է, նման բան չկա, մենք սակագները չենք բարձրացնում, պարզապես պարտավոր ենք ամեն գարնան հանձնաժողովին ներկայացնել սակագների ճշգրտման հաշվարկները, ինչը եւ մենք արել ենք»: Սակայն երեկվա հանձնաժողովի «անշառ» որոշումը եւ քաղաքապետարանի «անիմաստ» սուբսիդավորումը ցույց տվեցին, որ իրականում «Երեւան ջրի» հայտը «դասավորված խաղ» էր, որի կուժն ու կուլան ջարդվելու է միայն խեղճ ժողովրդի գլխին: Երեւանի քաղաքապետարանի բյուջեն մեր՝ բնակիչներիս հաշվին է ձեւավորվում եւ 340 մլն դրամ տալ ինչ-որ մասնավոր ձեռնարկության, ինչ է թե՝ նա չի կարողանում ջրի կորուստների դեմն առնել, պատճառաբանում է, թե երկրում ինֆլյացիա է, թե «Նաիրիտը» չի աշխատում՝ ջրի սպառման ծավալները քչացել են, ավելի քան անհեթեթություն է: Որպես շարքային սպառող, իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ եթե «Նաիրիտի» կամ ինչ-որ մի ձեռնարկության գործերը վատ են, ինչո՞ւ պետք է ես ջրի համար ավելի թանկ վճարեմ, ի՞նձ ինչ, որ «Երեւան ջուրը» վնասներ է կրում, որ կորուստներ է ունենում: Եթե «Հայէլցանցերի» գործերը շատ հաջող գնան՝ լույսի վարձը պետք է իջեցնե՞ն: Իհարկե՝ ոչ:

Նշենք, որ երեկ հայտը քննարկելու ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չնայած անհիմն համարեց «Երեւան ջրի» հիմնավորումները, բայց թույլ տվեց, որ սակագինը սուբսիդավորվի: Ըստ հանձնաժողովի, վաճառված ջրի ծավալի, սղաճի, եվրո-դրամ փոխարժեքի տատանումների ազդեցությունը 1 խմ սակագնի վրա ոչ թե 26 դրամ է, այլ՝ ընդամենը 14 դրամ։ Պարզ է, որ «Երեւան ջրին» լրիվ բավարարում է անգամ այդ 14 դրամ թանկացումը, մինչդեռ նախորդ տարի՝ 2009-ին, հանձնաժողովը 8 դրամով թանկացնելով ջուրը՝ խոստացել էր, որ դա վերջին թանկացումն է եւ դրան հաջորդող տարիներին ջուրն աստիճանաբար էժանանալու է:

Ստացվում է, որ մեզ տակտիկորեն խաբել են: Ի դեպ, Երեւանի ավագանին որոշել է սուբսիդավորել մայրաքաղաքի միայն անապահով ընտանիքների ջրի սակագնի վճարը, քանի որ բյուջետային հնարավորություններն այդքան են ներում: Ուստի հուլիսի 8-ից նպաստառուների ցուցակից դուրս մնացած ընտանիքները պետք է կամ հույսները դնեն մագնիսների, փոշեկուլների, կամ ասեղի միջոցով ջրաչափը կանգնեցնելու վրա, կամ՝ անլվա ու ծարավ ման գան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել