Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԺԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԴԵՂԻ ՄԻ՛ ՎԱԶԵՔ

Մայիս 26,2010 00:00

\"\"Տեղական դեղ արտադրողները վստահեցնում են, որ հնարավոր է դրանք մաքսանենգ ճանապարհով են մտել Հայաստան եւ փորձաքննություն չեն անցել:

Մեր երկրում դեղերի շուկայում մրցակցությունը շատ բարդ է, դաշտն էլ դժվար վերահսկելի է: Քանի որ շուկայում խաղացողները շատ են, եւ ներկրողները տարբեր մեքենայությունների միջոցով կարողանում են մեր հիվանդ սպառողներին պարտադրել իրենց բերած ապրանքը, տեղական դեղ արտադրողները չեն կարողանում կայանալ այդ ոլորտում եւ մրցակցել նրանց հետ: Այդ պատճառով երեկ Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը «Ճանաչենք հայրենական դեղարտադրությունը» խորագրով միջոցառում էր կազմակերպել, որի նպատակն էր բարձրացնել հայ սպառողների վստահությունը տեղական դեղարտադրողների նկատմամբ: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի դեղերի շուկայում գործող 5-6 տեղական խոշոր ընկերություններ: Այն, որ դեղերի տեղական շուկայում կան խնդիրներ, մեզ հետ զրույցում հաստատեցին նաեւ արտադրողները: Մեր հարցին՝ հայ սպառողները վստահո՞ւմ են տեղական արտադրողներին, «Էսկուլապ» ընկերության զարգացման գծով տնօրեն Արմեն Հարությունյանը պատասխանեց. «2001 թվականին, երբ ԱԺ-ն ընդունեց ավելացված արժեքի մասին օրենքը, դաշտում լուրջ խնդիրներ առաջացան: Քանի որ հարեւան Վրաստանում ավելացված արժեքի հարկը չի տարածվում դեղերի վրա, ուստի մաքսանենգ ճանապարհով էժան դեղեր են ներմուծվում ու մոտ 20-30 տոկոս ցածր գներով վաճառվում դեղատներում: Սպառողն էլ անտեղյակ, որ դա մաքսանենգ ճանապարհով ներմուծված է եւ լաբորատոր փորձաքննություն չի անցել, գերադասում է գնել էժան դեղը: Իսկ դա կյանքի համար վտանգավոր է, եւ երբ լսում են, որ շուկայում հայտնվել են նման դեղեր, մարդկանց վստահությունը նվազում է բոլոր դեղերի նկատմամբ»: Պարոն Հարությունյանի ներկայացմամբ՝ «Էսկուլապն» արտադրում է մոտ 72 անուն դեղամիջոց, սակայն արտահանում են միայն Վրաստան: Ա. Հարությունյանի խոսքերով՝ հաջորդ տարի կգործարկվի նոր գործարանը, արտադրության ծավալները կավելանան եւ նոր շուկաներ դուրս կգան, առայժմ ծրագրել են Ռուսաստանի շուկա մտնել: Իսկ ներմուծողների հետ մրցակցության խնդրի առումով պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ այնքան էլ մեծ չէ խնդիրը, քանի որ իրենք արտադրում են հիմնականում այնպիսի պարզ դեղամիջոցներ, որոնք դրսից չեն բերվում:

Ի հեճուկս «Էսկուլապ» ընկերության ներկայացուցչի, «Արսեմի» դեղագործական ընկերության գիտական խորհրդատու Հովսեփ Սեյրանյանը գտնում է, որ դեղերի վրա ավելացված արժեքի հարկի կիրառումը չի խանգարում արտադրողներին. «Մի ձեռքով վճարում ենք այդ հարկը, մյուս ձեռքով այդ գումարը հետ բերում: Այսինքն, ապրանքն այնպիսի գնով է վաճառվում, որ ծածկի ծախսերը, դեռ մի բան էլ եկամուտ մնա: Այս դեպքում ժողովուրդն է տուժում»: Միջոցառմանն այս ընկերությունը ներկայացրել էր աչքերի տարբեր խնդիրների համար նախատեսված կաթիլներ, շնչառությունը բարելավող դեղամիջոց, ձեռքերի ասեպտիկ միջոցներ եւ այլն:

«Լիկվոր» ընկերությունը ներկայացնում էր բժշկական վիրակապեր, պլաստիր եւ այլ ապրանքներ: Ընկերության հիմնադիր-տնօրեն Գագիկ Ալեքսանյանն այնքան էլ գոհ չէր իրենց ապրանքների սպառումից, ներմուծողների հետ մրցակցելը դժվար է, բայց՝ «Որքան դժվար՝ այնքան հաճելի: Չնայած մեր արտադրանքը չի զիջում եվրոպականին, քանի որ ներմուծվող հումքը անգլիական է, իսկ գները՝ բավականին մատչելի: Մեր եկամուտները, ի տարբերություն դեղ ներմուծող ընկերությունների, մեծ չեն, ուստի չենք կարողանում լայնամասշտաբ գովազդ անել: Գովազդից էլ շատ բան է կախված: Երկար տարիներ այս ոլորտում եմ աշխատում, եւ չեմ պատրաստվում նահանջել, պայքարելու եմ»:

Նշենք, որ «Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը» 2-ամսյա քարոզարշավ է իրականացնելու, որի շրջանակներում նաեւ նախատեսվում է բարձրացնել սպառողների վստահությունն ու տեղեկացվածությունը տեղական դեղ արտադրողների նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել