Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուկուրուզնիկի» տեղում «գրկաբաց» ու Արարատին նայող համալիր է լինելու

Մայիս 26,2010 00:00

Երիտասարդական պալատի («Կուկուրուզնիկ») տեղում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով կազմակերպված մրցույթի հաղթողը ճապոնացի հայտնի ճարտարապետ Արայի Քիոքազուն է: Նրա ներկայացրած նախագիծը 27 հարկանի հյուրանոցային եւ բնակարանային համալիր ու միջազգային բիզնես կենտրոն է: Նախքան իր նախագիծը հայ ժյուրիի դատին հանձնելը, Ա. Քիոքազուն այցելել է Հայաստան եւ ուսումնասիրել տեղանքն ու Հայաստանի ճարտարապետական առանձնահատկությունները:

«Երբ սկսում էի այս նախագիծը, նախ ինձ հարցրի՝ ինչպիսի՞ն է այս քաղաքի ճարտարապետությունը, հարցն այն է, որ ճարտարապետությունը զուտ ճարտարապետություն չէ, այն իր մեջ ներառում է ե՛ւ հողը, ե՛ւ բնությունը, ե՛ւ ամեն ինչ»,- պարզաբանում է պարոն Քիոքազուն՝ մանրամասնելով. «Այս նախագծի ձեւը նման է հյուրընկալ, գրկաբաց մարդու, երբ ինչ-որ մեկին հավանում ես՝ գրկելու շարժում ես անում, դրա համար ընտրեցի ճարտարապետական այս ձեւը, կառույցը գրկում է քաղաքը, գրկում է ձեզ»: Նոր կառույցը սփյուռքահայերի սրտով էլ է լինելու, դրա մասին թեեւ ոչ մտածված, բայց հոգացել է ճարտարապետը. «Իմ ցանկությունն էր, որ ճարտարապետական կառույցի բոլոր սենյակները ողողված լինեն արեւի լույսով, ու ամենակարեւորը՝ այնպես եմ նախագծել, որ սենյակների 95%-ը Արարատին է նայում»: Հեղինակի աշխատանքում տեսանելի է նաեւ Արարատի գագաթների խորհրդապատկերը. «Բարձրահարկ հյուրանոցը ամենաբարձր գագաթն է խորհրդանշում, իսկ բնակարանային համալիրը՝ փոքր գագաթը»:

Ճարտարապետի խոսքով, հյուրանոցային համալիրի մուտքը բացվում է Տերյան փողոցից, երեք հիմնական շենքերն էլ կմիավորի նախատեսված հրապարակը: Նախագծի համաձայն, տեղանքում նախատեսվում է նաեւ կայանատեղի՝ 2000 մեքենայի համար: Ճարտարապետի խոսքով. «Հայաստանն ունի ճարտարապետական հարուստ ավանդույթներ, որոնք պահպանվում են եւ պետք է պահպանվեն, բայց ցանկալի է նաեւ ներմուծել ժամանակակից ճարտարապետություն, նոր շինարարական տեխնոլոգիաներ»: Նոր համալիրի կառուցման համար էլ ճարտարապետը նախընտրում է հայկական քարերը, կառույցին ժամանակակից ճարտարապետական շունչ հաղորդելու նպատակով անհրաժեշտ է համարում նաեւ մետաղների եւ շինարարական նոր տեխնոլոգիաների օգտագործումը:

Համալիրի պատվիրատու «Ավանգարդ մոթորս» ընկերության նախագահ Էդուարդ Ավետիսյանի խոսքով, առաջիկա ամիսներին Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի հավանությունը ստանալուց հետո ձեռնամուխ կլինեն համալիրի կառուցմանը, որը, նախնական տվյալներով, կտեւի 3-4 տարի: Ըստ նրա՝ ներդրումային ծրագիրը կազմել է մոտ $200 միլիոն: Մասնակիցներին անդրադառնալով՝ նա ասաց, որ ճապոնացի ճարտարապետը մասնակցության համար կստանա $70 հազար, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերում հաղթող ճանաչված մասնակիցների համար էլ նախատեսել են $30 հազար եւ $20 հազար: Պարոն Ավետիսյանը հիշեցրեց նաեւ, որ մրցույթը հայտարարվել էր դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին: Մրցույթին մասնակցել է 1175 ճարտարապետական աշխատանք, որից ընդունվել է միայն 274-ը: Արդեն հունվարին կայացած եզրափակիչ փուլում մասնակցել է 4 աշխատանք: Մրցութային հանձնաժողովը ղեկավարում են Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել