Ըստ դեղին պետհամարանիշներով գործող տաքսիների վարորդների՝ կառավարությունն իրենց հանդեպ խտրական եւ անարդար վերաբերմունք է ցուցաբերում, չնայած իրենք գործում են օրինական դաշտում:
Չնայած դեղին եւ սպիտակ պետհամարանիշներով տաքսիների հանդեպ տարբերակված մոտեցումների մասին բազմիցս անդրադարձ է եղել, սակայն այդ խնդիրը, չստանալով իր վերջնական լուծումը, շարունակում է անհանգստացնել դեղին համարանիշներով տաքսի քշող վարորդներին, որոնք գործում են օրինական դաշտում, սակայն ավելի «տուժված են», քան ստվերային ռիսկերով աշխատող սպիտակ տաքսիների վարորդները: Երեկ «Առավոտը» ստացավ հերթական ահազանգը՝ «հարյուրավոր Ա/Ձ տաքսու վարորդների կողմից» ստորագրված եւ ուղղված ՀՀ վարչապետին: Նամակում, մասնավորապես, անհատ ձեռնարկատերերը նշում էին. «Տրանսպորտի տեսչությունը վերսկսել է ստուգայցերը տաքսու ոլորտում, սակայն ցավոք սրտի, դրանք իրականացվում են միայն օրինական դաշտում գործող դեղին պետհամարանիշով տաքսիների վրա: Մենք դեմ չենք ստուգայցերին, ընդհակառակը՝ կարծում ենք, որ միայն դրանց միջոցով հնարավոր է կարգավորել ոլորտը, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք չկրեն ընտրովի բնույթ: Երբ վերջերս տրանսպորտի տեսուչներն ինձ վրա արձանագրություն էին կազմում՝ տեղեկատվական վահանակի բացակայության պատճառով, մեր կողքով անցնում եին մի քանի սպիտակ պետհամարանիշով տաքսիներ, եւ հարցիս՝ ինչու չեն կանգնեցնում այդ մեքենաները, տեսուչները պատասխանեցին, որ ստուգայցերը վերաբերվում են միայն դեղին պետհամարանիշով տաքսիներին, իսկ «սպիտակների» համար գոյություն ունի վարչապետի հանձնարարականը, որ նրանց թույլատրեն՝ մինչեւ հարցի վերջնական կարգավորումը: Խնդրում ենք պարզաբանել՝ արդյոք այդ հանձնարարականով կառավարությունը ցանկանում է մեզ ակնարկել, որ մե՞նք էլ դուրս գանք օրինական դաշտից: Հուսով ենք՝ ոչ: Երբ դիմեցինք տեսչության պետ Գագիկ Սարոյանին, թե ինչո՞ւ են ստուգայցերը վերաբերվում միայն դեղին համարանիշներով տաքսիներին, եւ մինչեւ երբ պետք է այսպես շարունակվի, նա միայն ուսերը վեր բարձրացրեց: Ասացեք խնդրեմ՝ հարցի «վերջնական կարգավորում» ասածը տեսանելի ապագայում ակնկալվո՞ւմ է: Պարոն վարչապետ, նաեւ հայտնենք Ձեզ, որ հարկային տեսչություններում եռամսյակային տվյալներ հանձնելիս 1000 կամ 1500 դրամ պարտքի պատճառով խնդիրներ են ստեղծում եւ մերժում ելակետային դիմումը ընդունելու, դա այն դեպքում, երբ ամբողջ տարվա ընթացքում բոլոր ամսական հարկերը մուծած են լինում, եւ կարող ես պարտք լինել ընդամենը 1000-1500 դրամ, որը բնականաբար նույնպես պարտավորվում ենք մուծել ընթացիկ մուծումների հետ միասին: Սակայն հենց դրա պատճառով կարող են ստեղծել եւ կիրառել տույժ ՝ 20000 դրամ: Խնդրում ենք հրահանգել ՏՀՏ-ներին այդ փոքր պարտքերի մուծումների 5 օր այս կամ այն կողմ ուշացնելու համար խոչընդոտներ չստեղծեն, քանի որ կարծում ենք, որ ելակետային տվյալը չընդունելով՝ ոչ թե նպաստում են հարկերի հավաքմանը, այլ հակառակը»:
Այս հարցի կապակցությամբ բաց նամակով՝ ուղղված տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին, հանդես է եկել նաեւ «Վարորդ-ոստիկան համագործակցություն» հասարակական կազմակերպությունը: Այդ նամակում գործնական առաջարկ կա. «Հարգարժան պարոն նախարար, որպեսզի հնարավոր լինի ի վերջո կյանքի կոչել տաքսի ծառայության մասին օրենքը, եւ միեւնույն ժամանակ այդ օրենքի կիրառման պատճառով աշխատելու հնարավորությունից չզրկվեն այն անհատ տաքսու վարորդները, որոնք դեռ չեն հասցրել ձեռք բերել նոր մեքենաներ, առաջարկում ենք. լիցենզավորման կարգի մեջ (որը սահմանվում է կառավարության որոշմամբ) մեքենաների տասը տարվա տարիքային սահմանափակումը կիրառել 01.01.2014թ.-ին: Նշենք նաեւ, որ 06.05.2010թ. մենք կազմակերպեցինք հանդիպում հին մեքենաներ ունեցող անհատ վարորդների հետ, որի ժամանակ նրանք եւս մեկ անգամ հաստատեցին, որ իրենք պատրաստ են վճարել հարկերը եւ լիցենզիայի 25000 դրամ պետտուրքը, միայն թե օրենքով իրենց հնարավորություն ընձեռվի լիցենզավորվել: Մենք նաեւ 28.04.10թ. հրավիրել էինք լիցենզավորված տաքսու վարորդների ժողով, որում նույնպես վարորդները առաջարկեցին լիցենզավորման կարգի մեջ անել այդ փոփոխությունը (չնայած որ նրանք ժամանակին արդեն ստիպված են եղել թարմացնել իրենց մեքենաները՝ մտնելով վարկային պարտավորությունների տակ), որը հնարավորություն կընձեռի հին մեքենաների վարորդներին մտնել օրինական դաշտ եւ վերջիվերջո ոլորտը դարձնել վերահսկելի: Նշենք նաեւ, որ հին մեքենաները, մտնելով օրինական դաշտ, գոնե ստիպված կլինեն տարին երկու անգամ անցնել տեխզննում»:
Այս առաջարկը քննարկվել է նախարարությունում, սակայն, ըստ «Վարորդ-ոստիկան համագործակցության» համանախագահ Գեւորգ Դոստուրյանի՝ դեռ կոնկրետ որոշում, կոնկրետ քայլ չի արված: Սակայն պարոն Դոստուրյանը վստահեցնում է, որ վարորդների մոտ տարակուսանքը՝ «ի՞նչ անենք, մե՞նք էլ դուրս գանք օրինական դաշտից», արդեն իսկ փոխվել է համոզմունքի՝ «եթե որեւէ լուծում չառաջարկվի, ապա հանելու ենք դեղին համարանիշները եւ սկսենք քշել սպիտակներով՝ առանց լիցենզիայի»: