Այս կարծիքին է Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն
Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն, ով դիտորդի կարգավիճակով հետեւել է ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին, երեկ հայտարարեց, որ «այս ընտրությունները բերում են հանգստություն, ժողովրդավարություն եւ այնպիսի նվաճումներ, որոնք, կներեք, բայց այս տարածաշրջանին այնքան էլ հատուկ չեն: ԼՂ ընտրություններն անցան ազատ, ժողովրդավարական, բացառիկ հանգիստ իրավիճակում եւ ամբողջովին համապատասխանում էին ԵՄ բոլոր պահանջներին»: Նա ուղղակի վրդովված էր ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի այն հայտարարության կապակցությամբ, ըստ որի՝ Եվրամիությունը չի ճանաչում այն սահմանադրական եւ իրավական շրջանակները, որոնց հիման վրա Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում: Ֆրանտիշեկ Միկլոշկոն երեկ ասաց. «ԵՄ հանձնաժողովը իրավունք ունի հայտարարություն անելու միայն այն ժամանակ, երբ կարողացել է լուծումներ գտնել: Բայց եկեք ընդունենք, որ ԵՄ-ն ինքը այնպիսի խնդիրների մեջ է խրված, որ նրա համար սա առաջնային խնդիրներից չէ: Իսկ իմ կարծիքով՝ ԼՂ խնդիրը Եվրոպայի համար կենսական խնդիր է: Լեռնային Ղարաբաղում այսօր քննարկվում է ամբողջ Եվրոպայի ապագայի հարցը»:
Պարոն Միկլոշկոն մի հետաքրքիր առաջարկ ներկայացրեց, որը կոչեց Բենիլյուքսի պատմական տարբերակ. «Այսօր բոլորի համար Բենիլյուքսը շատ ընկալելի կոնֆեդերացիա է, բայց գնանք տարիներ ետ եւ տեսնենք, թե ինչ խնդիրներ ունեին Հոլանդիան, Բելգիան եւ Լյուքսեմբուրգը, որոնք ժամանակին համաձայնեցին միասին գնալ եվրոպական ինտեգրացիայի ճանապարհով: Եվ ահա մեր առաջարկը՝ մենք կարծում ենք, որ ԵՄ-ն կարող է մոտ ապագայում Հայաստանին, Ղարաբաղին եւ Ադրբեջանին առաջարկել ԵՄ ասոցիատիվ անդամություն: ԵՄ-ի օգնության ներքո այս երեք հանրապետությունները շատ արագ կարող են անցնել ռեֆորմների ճանապարհով, տնտեսական վերելք ապրեն եւ կարճ ժամանակ հետո պատրաստ լինեն անդամակցել ԵՄ-ին»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ ԵՄ-ն պետք է շահագրգիռ լինի այս առաջարկությունն ընդունել եւ հանուն ինչի՞ պետք է փորձի իրականացնել, պարոն Միկլոշկոն հարցով պատասխանեց. «Իսկ ի՞նչ խնդիրներ կունենա ԵՄ-ն, եթե իր բոլոր հատկանիշներով բացառիկ եվրոպական հանրապետությունը, խոսքը ԼՂՀ-ի մասին է, հանկարծ ենթարկվի ասիմիլյացիայի, եւ ԵՄ-ն խնդիրների առաջ կանգնի: Եթե հանկարծ ԵՄ-ն ղարաբաղյան հարցը իր ձեռքից բաց թողնի, չկարողանա լուծել, սա կլինի առաջին նախադեպը, իսկ շարունակությունը կլինի Եվրամիության կործանումը»: