«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած եւ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի մասին կարծիք հայտնեցին «Առավոտի» զրուցակիցները:
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն այսօր սկսվող խորհրդարանական լսումների մասին ասաց, թե դրանք ինքնանպատակ չեն, եւ հաշվի է առնվել հարցի հնչեղությունը. «Սա այն օրենսդրական նախաձեռնությունը չէ, որը կարելի է հեշտ մարսել եւ հաշված ժամերի ընթացքում պատրաստ լինել լուրջ քննարկումների: Սակայն գիտեք, որ հունիսի 20-ը մեզ համար վերջնաժամկետ է, եւ սա է պատճառը, որ ձգտում ենք մինչեւ այս ժամկետը օրենսդրորեն կարգավորել թվայնացման հետ կապված հարաբերությունները»: «Հետք»-ի խմբագիր, «Հետաքննող լրագրողների» ղեկավար Էդիկ Բաղդասարյանի կարծիքով՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի փոփոխության մասին» օրինագծի ներկայացմամբ կայացվել է քաղաքական որոշում. «Հակված եմ մտածել, որ գնում է հեռուստաընկերությունների սեփականատերերի փոփոխություն: Կարծում եմ, օրենքում պետք է լինի համապատասխան կետ, որպեսզի պարզ լինի, թե ովքեր են իրական սեփականատերերը: Օրինակ, այսօրվա սեփականատերերի մեջ կար պատգամավոր, որը ուներ երկու հեռուստաընկերություն: Մենք գտել էինք նաեւ ընկերություններ, որոնք գրանցված են օվշորային կղզում, եւ որոնց սեփականատերերը ընդհանրապես հայտնի չեն: Պետք է հստակ նշվի, թե ովքեր են սեփականատերերը, հասարակությունը իրավունք ունի իմանալու, թե ում են պատկանում հեռուստաընկերությունները: Օրենքի մեջ այս բացը կա, եւ ոչ ոք կարծես ուշադրություն չի դարձնում սրան: Բոլորը խոսում են, թե ինչու է 22-ը դառնում 18, բայց ինչ տարբերություն, թե քանիսը կլինի, եթե բոլորը պետք է ղեկավարվեն մեկ կենտրոնից, պետք է վերահսկողության տակ լինեն, ուրեմն ի՞նչ տարբերություն, թե քանի հատ են: Հարցը թվերի մեջ չի: Իրականում դա ոչ մի կապ չունի խոսքի ազատության, բազմակարծության հետ»: Էդիկ Բաղդասարյանն առաջարկեց օրենքում նշել, որ մեկ անձը մի քանի հեռուստաընկերություն ունենալու իրավունք չպետք է ունենա: Թեպետ նաեւ վստահ է, որ մեր երկրում օրենքի խնդիր չկա, կա օրենքը կատարելու խնդիր. «Ամեն ինչի համար պետք է քաղաքական կամք ունենալ, պետք է որոշել՝ ստեղծո՞ւմ ես ազատ հեռուստատեսային դաշտ, թե՞ չես ստեղծում, իսկ ցանկացած օրենք միշտ էլ կկարողանան օգտագործել ցանկացած ձեւով»: Մեր հարցին՝ ինչքանո՞վ է ռեալ, որ այս օրենքի փոփոխություններից եւ մրցույթի հայտարարումից հետո «Ա1+»-ը հնարավորություն ստանա նորից եթեր վերադառնալ, Էդիկ Բաղդասարյանը ասաց. «Ա1+»-ը բավական երկար ժամանակ դաշտից դուրս է մնացել, եւ հիմա այդ ծրագրին մասնակցելու համար մեծ միջոցներ են պետք: Ես չգիտեմ, «Ա1+»-ն ունի՞ այդ միջոցները: Մտածում եմ, լավ կլիներ՝ մենք էլ հեռուստաընկերություն ունենայինք, բայց հասկանում եմ, որ դրա համար լուրջ միջոցներ են պետք, այսինքն՝ դու որեւէ քաղաքական հատված պետք է ներկայացնես, որպեսզի կարողանաս մտնել հեռուստատեսային շուկա»:
«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանին «Առավոտը» հարցրեց, թե ի՞նչ է ակնկալում այսօր սկսվող լսումներից: Ըստ մեր զրուցակցի. «Այս ամենը իսկապես ձեւական գործողություններ են, եւ մենք ջուր ենք ծեծում, իզուր ժամանակ ենք կորցնում: Շուտափույթ ուզում են անցկացնել այդ օրենքը, որը շատ թերի է, շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ: Բայց այսօր դա իրենց ձեռնտու է: Ինչպես գիտեք, 2012-ին տեղի կունենան ԱԺ ընտրություններ, 2013-ին՝ նախագահական ընտրություններ, եւ այդ քաոսը, որը ստեղծվելու է հեռուստա-ռադիո դաշտում, միայն աշխատելու է իրենց օգտին: Որոշված է, որ 2-3, մաքսիմում 4 ալիք պետք է լինի կայուն վիճակում, դրանք էլ իրենց պատկանող ալիքներն են: Այս անգամ որոշել են այս տարբերակով աշխատել դաշտում: Այն, ինչ ներկայացված է՝ խայտառակություն է, ոչ մի օրենքի կողքին դնել չի կարելի: Սա մեր բոլորի ամոթն է, ցույց ենք տալիս մեր վայրենությունը, մեր անգրագիտությունը եւ կոպիտ, բռի ուժի ազդեցությունը»: Պարոն Մովսեսյանի կարծիքով՝ «օրենքը քրիստոնեական տեսքի» չի բերվի, ինչպես խոստանում էր կոալիցիոն պատգամավորներից մեկը. «Ամեն ինչում իմիտացիա է գնում, իսկ իմիտացիոն գործունեության հայրը Ռոբերտ Քոչարյանն է: Այսօր եւս ոչ մի փոփոխություն ես չեմ տեսնում եւ գնալով ավելի եմ համոզվում, որ այս երկրում ոչ մի բան չի ուզում փոխվել: Եվ արդեն մտածելու տեղիք է տալիս, թե ում է ձեռնտու, որ ամեն ինչ մնա անփոփոխ»: Մեր դիտարկմանը, թե առանց փոփոխությունների էլ հայտնի է՝ պատասխանատու հեռուստաընկերություններն ում ենթակայության տակ են, պարոն Մովսեսյանն արձագանքեց. «Մոնոպոլիայի երազանքը նրանց հանգիստ չի տալիս: Ամեն ինչ ուզում են մոնոպոլիզացված վիճակում տեսնել: Դա էլ է Ռոբերտ Քոչարյանի հիվանդություններից մեկը, որը վարակել է շատերին, եւ այդ ճանապարհը բռնած, ճակատները պնդացրած ուզում են առաջ գնալ»: Հետաքրքրվեցինք նաեւ՝ իսկ «Ա1+»-ը, որ երկար տարիներ դուրս է մնացել հեռուստադաշտից, ունի՞ բավարար նյութական, ֆինանսական հնարավորություններ՝ մասնակցելու հերթական մրցույթին, կկարողանա՞ն լուծել այդ դժվարին խնդիրը, «Ա1+»-ի նախագահը վստահեցրեց. «Կլուծվի, ես համոզված եմ, որովհետեւ, բացի ղեկավարությունից, ամբողջ ազգը ուզում է ունենալ մի ալիք, որտեղ մարդիկ կարող են բավարարել ինֆորմացիա ստանալու իրենց պահանջը եւ դրանով հաստատել իրենց իրավունքը»: ՀՀ տարածքում հեռուստատեսության եւ ռադիոյի թվայնացման միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ավետիս Բերբերյանը «Առավոտի» հետ զրույցում չհերքեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի փոփոխության» հիմքում կա քաղաքական նպատակ. «Իհարկե, քաղաքական նպատակ կա, որը բխում է տնտեսական, սոցիալական եւ տեխնիկական հնարավորություններից: Այսինքն՝ եթե մենք որեւէ օրինագիծ ենք ներկայացրել կամ հիմքեր ենք ստեղծել, որպեսզի կառավարությունը այդ օրինագիծը ներկայացնի, բնականաբար, նաեւ պատասխանատվություն ենք կրում, եւ այս օրինագիծը այդքանով է քաղաքական: Բայց դրանում տեսնել քաղաքական նպատակ, որը հետապնդում է բազմակարծության եւ բազմազանության կրճատում, իհարկե, աբսուրդ է: Գուցե այսօր մեր առաջարկած տարբերակում կան որոշ էլեմենտներ, որոնք թվայնացման ընդհանուր գաղափարաբանությունից շեղված են, խոսքը կապուղիների սահմանափակման մասին է, բայց մենք ասել ենք բոլոր քննարկումների ժամանակ, որ դա զուտ տեխնիկական հարց է եւ հատուկ է անցման ժամանակաշրջանին, եւ որոշ ժամանակ անց այդ կապուղիների թիվը կարող է գերազանցել 100-200-ը, ինչքան այդ պահին հնարավորություն կտա տեխնիկական ստանդարտը»: Ըստ Ավետիս Բերբերյանի, լայնաշերտ թվայնացման անցնելու համար հարկավոր կլինի 200-300 միլիոն ԱՄՆ դոլար: Ռուսաստանում այս նույն սկզբունքով թվայնացում իրականացնելու համար պահանջվել է 2 միլիարդ 700 միլիոն եվրո ներդրում, Ուկրաինայում՝ 360 միլիոն եվրո: Իսկ մեզանում համարժեք պատկերը կստացվի ընդամենը 30 միլիոն ԱՄՆ դոլարով. «Իհարկե, այս ընդամենը ասվածը եւս մեր բյուջեի համար մեծ ծախս է, բայց գոնե կարողանում ենք այս ներդրումով մեզ պարտադրված թվայնացումը իրականացնել: Այս ծախսի մեջ մտնում են հանրապետական թվային ծախսի ապահովումը, երեւանյան թվային ցանցի կառուցումը եւ սոցիալապես անապահով ընտանիքներին թվային կցորդներով ապահովումը եւ նրանց անտենա-մալուխային համակարգի վերաձեւակերպումը թվայինին համապատասխան»: